Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Եկել է կառավարության խոստումները մաշկի վրա զգալու ժամանակը. ինչո՞ւ է նվազում շահութահարկը

Եկել է կառավարության խոստումները մաշկի վրա զգալու ժամանակը. ինչո՞ւ է նվազում շահութահարկը

By
Եկել է կառավարության խոստումները մաշկի վրա զգալու ժամանակը. ինչո՞ւ է նվազում շահութահարկը

Պետեկամուտների կոմիտեի՝ այս տարի հավաքագրած հարկերի կառուցվածքում շահութահարկը շարունակում է անկում գրանցել: Այդ գերատեսչության տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-հուլիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շահութահարկը նվազել է 5,5 տոկոսով: Ընդ որում՝ այս հարկատեսակի հավաքագրումը շարունակում է նվազել հենց տարեսկզբից:

Ընդհանրապես, յուրաքանչյուր հարկատեսակի ցուցանիշ տնտեսության կամ բիզնես միջավայրի որոշակի վիճակ է արտացոլում: Տվյալ դեպքում, եթե շահութահարկի հավաքագրումն է նվազել, դա կարող է նշանակել, որ ակտիվ գործող ընկերությունների, բիզնեսի շահույթն է նվազել, զրոյական դարձել կամ էլ նրանցից որոշները վնասով են աշխատում: ՓՄՁ գործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը մեզ հետ զրույցում առաջարկեց շահութահարկի դեպքում չշտապել եզրակացություններ անել և սպասել մինչև հաջորդ տարվա սկիզբը, քանի որ ընկերություններն այդ հարկատեսակի ամբողջական վճարումը կատարում են տարեվերջին:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը անդրադառնալով խնդրին՝ դա պայմանավորեց երկու հիմնական գործոնով: Նախ՝ այն, որ հարկատուներին հնարավորություն է տրվել շահութահարկի կանխավճարը կատարել իր իսկ կողմից ընտրված այլընտրանքային եղանակով: «Իսկ այլընտրանքային եղանակով կանխավճարների մեծությունն ավելի փոքր է, քան սովորական ռեժիմով հաշվարկվող կանխավճարը: Երկրորդ պատճառն այն է, որ նախորդ տարի ունեցել ենք խոշոր գործարքներ, մասնավորապես՝ «Որոտանի ՀԷԿ-ի» հետ կապված, որը էական ազդեցություն է ունեցել շահութահարկի վրա: Դա եղել է մեկանգամյա երևույթ և ոչ թե պայմանավորված է եղել տնտեսական զարգացումներով»,- հավելեց նա:

Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը, սակայն, ուսումնասիրել և պարզել է, որ այս տարի շահութահարկի նվազման հիմնական պատճառը բիզնեսի շահութաբերության նվազումն է: «Վերջին մեկ շաբաթում հանդիպումներ ենք ունեցել տարբեր գործարարների հետ, որոնք հայտնվել են վատ վիճակում: Որոշները սնանկացման եզրին են կամ լուրջ պարտավորություն ունեն բանկերի նկատմամբ: Վարկեր են վերցրել, չեն կարողացել տալ և հայտնվել են սնանկացման եզրին: Զուգահեռաբար խնդիրների առաջ են կանգնել նաև հարկային մարմինների ստուգումների պատճառով: Որոշ ընկերությունների մոտ պարզապես շրջանառությունն է պակասել: Մենք միության համագումարին ենք պատրաստվում և ընթացքում պարզեցինք, որ անդամ ընկերություններից  որոշները փակվել են, սնանկացել կամ վատ վիճակում են: Խոշորներն էլ խնդիր ունեն, և խոշորներից մի քանիսն էլ սնանկացման եզրին են: Որոշ ընկերությունների մոտ խնդիրներ են առաջացել, քանի որ նրանց գործընկեր ընկերությունները չեն կարողանում վճարումներ կատարել: Շատ ընկերություններ ներքին շուկայում չեն կարողանում գոյատևել, ովքեր դրսի հետ կապ չունեն, իսկ ովքեր ունեն՝ շահեկան վիճակում են հայտնվել: Նրանք գործուղումների են գնում, կարողանում են դրսի ընկերությունների հետ պայմանագրեր ձեռք բերել և որոշակի կայունություն ապահովել, բայց ովքեր իրենց գործունեության տեսակով կախված են հիմնականում ներքին շուկայից, դատապարտված են այս վատ վիճակին»,- ասում է Գ.Մակարյանը:

Այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր այնպիսի իրավիճակ, երբ մյուս բոլոր հարկատեսակների գծով վճարումներն ավելանում են, իսկ շահութահարկի գծով՝ նվազում: Արդյո՞ք համատեղելի երևույթներ են: Գ.Մակարյանի խոսքով՝ հնարավոր է ընկերությունն աշխատի, շրջանառություն ունենա, աշխատավարձ վճարի և հարկերը մուծի, բայց շահույթ չունենա՝ պայմանավորված երկրի սոցիալ-տնտեսական վիճակով: Այս դեպքում արդեն իրավիճակը հակասություն է ունենում կառավարության ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշի հետ:

Գ.Մակարյանի խոսքով՝ շահույթ ունենալու խնդիր գրանցած կամ վատ վիճակի մեջ հայտնված ընկերությունների գերակշիռ մասը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են: Ավելի կոնկրետ՝ նրանց 70 տոկոսը փոքր բիզնեսի, 25 տոկոսը՝ միջին և ընդամենը 5 տոկոսը խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ են: Խոշոր բիզնեսում, Մակարյանի ներկայացմամբ, լուրջ խնդիրների առաջ են կանգնած հատկապես ալյուրի ու հրուշակեղենի արտադրությամբ զբաղվողները, մի քանի ալրաղաց և կենցաղային քիմիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: Վերջինս, սակայն, անուններ չնշեց, թե հատկապես որ ընկերություններն են ծանր վիճակում: Իսկ ՓՄՁ-ներից խնդիրներ ունեն հատկապես առևտրով զբաղվողները, կարի արտադրությունները, որոշ ռեստորաններ, կտորեղենի խանութները: Իսկ պատճառը, բնականաբար, մեր տնտեսության վատ վիճակն է: «Որ ասում էի, թե պետք է կառավարության աշխատանքի արդյունքները երևան ոչ թե թվերով, այլ իրականում մաշկի վրա, արդեն եկել է այդ ժամանակը: Իսկ նման բոլոր երևույթները ցույց են տալիս, որ թեև որոշակի աշխատանք է կատարվում, բայց դեռ այնքան դատարկ տեղ կա, որ բիզնեսն իրեն լավ զգա ու բավարար եկամտաբերություն ունենա: Բիզնեսը շրջանառություն չի ապահովում, չի կարողանում աշխատավարձ բարձրացնել, բոլոր հիմնարկներն իրենց հարկային պարտականությունները դժվար են կատարում, դժվար են վճարում աշխատավարձերը: Այս պայքարի պրոցեսը պետք է ավարտվի: Բիզնեսը ոչ թե պետք է լարվածություն ունենա, կրակուպատիժ լինի, այլ բավարարվածություն առաջացնի այն իրականացնողների մոտ»,- հավելում է Գ.Մակարյանը:

Իսկ նման վիճակ ստանալու համար, ըստ Գ.Մակարյանի, կառավարությունը ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարում պետք է մեծ խիզախություն դրսևորի: Պետք է, ի վերջո, ազատականացնի պետական գնումների համակարգը: Գնումների մրցույթին մասնակցելու համար ընկերությունները հիմա ստիպված են 50.000 դրամ վճարել, մինչդեռ այն նախկինում մոտ 15.000 դրամ էր: Եվ սա այն դեպքում, որ մրցույթում նրանք կարող են չհաղթել: Իսկ ՓՄՁ-ների համար դա զգալի գումար է: Մակարյանի կարծիքով՝ մասնակցության գումարն ընդհանրապես պետք է վերացվի: Նրա խոսքով՝ անգամ այդ համակարգի կայքն է դժվար հասանելի, երբեմն միտումնավոր կերպով խճճված: Այսինքն՝ հակառակ ընդունվող իրավական ակտերի կամ արվող հայտարարությունների, միևնույն է, պետական համակարգում կոռուպցիան, հովանավորչությունը շարունակում են գոյատևել, իսկ գնումների մրցույթում պատահական ընկերություններ չեն հաղթում: «Պետական մարմիններն իրենց չպետք է նման ֆոկուսներ թույլ տան Փոքր ու միջին բիզնեսը պետք է գնումներին մասնակցի, որ զարգանա: Ես դեռ չեմ ուզում որոշ կառույցներում, նաև համայնքային կառույցներում գոյություն ունեցող կոռուպցիայից խոսել, բայց խոսելու եմ»,- զգուշացնում է Գ.Մակարյանը:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0