Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Դրական է ամերիկացի համանախագահի հայտարարությունը, սակայն մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է իր գիծն առաջ տանել. Ստեփան Գրիգորյան

Դրական է ամերիկացի համանախագահի հայտարարությունը, սակայն մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է իր գիծն առաջ տանել. Ստեփան Գրիգորյան

By
Դրական է ամերիկացի համանախագահի հայտարարությունը, սակայն մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է իր գիծն առաջ տանել. Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեմս ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի շարունակում է կարևոր համարել  Վիեննայի՝ ԼՂ հիմնախնդրում վստահության մեխանիզմներ ստեղծելու պայմանավորվածությունները: Սակայն Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ հակառակ միջազգային հանրության ցանկություններին, Ադրբեջանը շարունակելու է ոչ կառուցողական քաղաքականություն վարել:

«Մենք էլ ենք ասում, որ վստահության մեխանիզմներ պետք է ստեղծվեն, շփման գծում դիտորդների թիվն ավելանա և այլն: Դրական է ամերիկացի համանախագահի հայտարարությունը, սակայն մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում է իր գիծն առաջ տանել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը: Նա «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների հետ զրույցում հույս էր հայտնել, որ առաջիկայում այս ուղղությամբ կարվեն որոշակի քայլեր. «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ ամբողջական ապառազմականացման հասնել, չնայած, որ դա շատ ցանկալի է, սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»,- ասել էր նա:

Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ այս իրավիճակում Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերի պատճառով իրավիճակը Ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ չի գնում: «Բայց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներից մեկը շարունակում է այդ գիծը, միայն դրական պետք է համարենք:  Ադրբեջանն այդ գծի հետ, այո՛, համաձայնվել է, բայց գործնականում նա պայմանավորվածությունները չի կատարում. անընդհատ խախտում է հրադադարը, անընդհատ սադրանքների է դիմում: Մեզ համար, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ գիծը շարունակում է»,- ասաց նա:

Միջնորդների միայն խոսքերը, Ադրբեջանի որդեգրած քաղաքականության պատճառով, Ստեփան Գրիգորյանի խոսքով, կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ չեն առաջացնում: «Այստեղ կարևոր է, որ համանախագահները չեն շեղվում այդ գծից»,- ասաց նա:

Քաղաքագետը կանխորոշեց՝ Ադրբեջանը առաջիկայում էլ չի գնալու զիջումների, չի փոխելու իր քաղաքականությունը: «ԵԱՀԿ Մինսկի խումբն օրեցօր կհամոզվի, որ Ադրբեջանը շատ դեստրուկտիվ է, և չեմ բացառում, որ ավելի կոշտ հայտարարություններով և քայլերով հանդես գան: Արել են, բայց ավելի կկոշտացնեն»,- ասաց նա:

Անդրադառնալով սեպտեմբերին ԱՄՆ-ում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ չնայած ինքն այդ հանդիպումից շատ սպասումներ չունի, սակայն համարում է, որ  անգամ արդեն համաձայնեցված հանդիպումն իմաստ կունենա անցկացնել միայն այն դեպքում, եթե մինչ սեպտեմբեր՝ մինչ հանդիպում, Ադրբեջանը չկրակի, սադրանքների չդիմի:

«ճիշտ ենք արել, որ համաձայնել ենք հանդիպմանը. աշխարհին ցույց տվեցինք, որ կոնստրուկտիվ ենք: Բայց մյուս կողմից, եթե նրանք սադրանքների դիմեն, մենք պետք է այդ հանդիպումից հրաժարվենք: Իսկ նախագահների հանդիպման մասին խոսել ես վաղ եմ համարում»,- ասաց նա:

Աշխարհում ընթացող տարբեր աշխարհաքաղաքական գործընթացները, մասնավորապես ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը, ըստ քաղաքագետի, բավականին լուրջ է, սակայն առայժմ չեն սպառնում, որ  ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա բացասական ազդեցություն կունենան: «Եթե Ռուսաստանի տարաձայնությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ խորանան, ակնհայտ է, որ ինչ-որ չափով, ինչ-որ ժամանակ հետո կարող է բացասական հետևանքներ լինեն ԼՂ հիմնախնդրի վրա: Սակայն այս փուլում դեռ ինչ-որ համագործակցություն կա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0