Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Պայքար Սարգսյան-Ալիև օրակարգի համար

Պայքար Սարգսյան-Ալիև օրակարգի համար

By
Պայքար Սարգսյան-Ալիև օրակարգի համար

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ աշնանը կայանալիք հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն դեռևս չկա: Միևնույն ժամանակ նա ասել է, թե հեծանիվ հորինել պետք չէ, պետք է բանակցել այն ամենի շուրջ, ինչ կա, և բանակցությունն այլընտրանք չունի:

Սարգսյան-Ալիև հանդիպման գաղափարի մասին ավելի որոշակի խոսակցություն գնաց մի քանի շաբաթ առաջ Նալբանդյան-Մամեդյարով բրյուսելյան հանդիպումից հետո: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դեմ չէ այդպիսի հանդիպման, թեև չունի դրանից որևէ ակնկալիք: Ալիևը այդ հանդիպման հնարավորության մասին կարծես թե չի արտահայտվել, և Բաքուն այդ մասով դեռևս լուռ է:

Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է, իսկ Ադրբեջանը՝ դեռևս ոչ, և դրա համար էլ չկա որևէ պայմանավորվածություն: Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը համաձայն չէ, եթե այդպես է: Բաքուն դժգոհ է առաջարկվող օրակարգի՞ց, այսինքն՝ Վիեննայի օրակարգից, որն անընդհատ մատնանշում են Մինսկի խմբի հատկապես ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, թե՞ Բաքուն պարզապես ժամանակ է ձգում և, այսպես ասած, առևտրի մեջ է կամ գուցե շանտաժում է:

Այդ համատեքստում հետաքրքրական է, որ Ադրբեջանը վերջին շրջանում անում է իր համար «խորթ» բաներ՝ հայտարարություններ տարածելով, որ հայկական զինուժը խախտում է հրադադարը և հրետակոծում խաղաղ բնակավայրեր: Ագրեսիվ Բաքուն փորձում է ագրեսիվ ներկայացնել հայկական կողմին: Ի՞նչ է սա, Ադրբեջանը խոշոր սադրա՞նք է նախապատրաստում, թե՞ պարզապես փորձում է «զոհ» երևալ՝ ունենալով այլ նպատակներ, որոնք նաև թիրախավորում են Սարգսյան-Ալիև հանդիպման գաղափարը, ու դրանց միջոցով Ադրբեջանը փորձ է անում դուրս գալ իրեն ձեռնտու օրակարգի:

Ամբողջ խնդիրն այն է, թե ո՞րն է լինելու հանդիպման օրակարգը: Այդ հանդիպման ընթացքում փորձ է արվելու քննարկել, այսպես ասած, կարգավորման որևէ մեխանիզմի հա՞րց, թե՞ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումը կամ պարզապես Վիեննայի օրակարգը, որի մասին պարբերաբար հիշեցնում են հատկապես Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները:

Բանն այն է, որ Վիեննայի օրակարգը ձեռնտու չէ ոչ միայն Բաքվին, այլ նաև մյուս համանախագահ Ռուսաստանին, որը սպառազինություն է մատակարարում հակամարտ կողմերին:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի համար Ղարաբաղյան կոնֆլիկտը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա ազդեցության գործիք է դիտարկվում, և այդ առումով Վիեննայի օրակարգը իրականություն դառնալու դեպքում կարող է արգելափակել այդ գործիքի կիրառելիությունը:

Բանն այն է, որ Վիեննան ենթադրում է հրադադարի խախտման ինստիտուցիոնալ կանխարգելում՝ միջազգային պատասխանատվությամբ: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանն իհարկե հայտնվել է մի վիճակում, Հայաստանի հասարակության առաջ առաջին հերթին, որ չի կարող թույլ տալ իրեն ակտիվորեն սնել Բաքվի ռազմական դիվանագիտությունն ու ագրեսիան: Դա նույնիսկ առաջացրել է Մոսկվա-Բաքու անվստահություն: Սակայն Ռուսաստանն այդ վիճակում է հարկադրված և առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս կգա դրանից՝ անցնելով Բաքվի հետ նախաապրիլյան լիարժեք ռազմավարական գործընկերության ռեժիմին: Ու քանի որ Մոսկվան մնում է այդ ռազմավարական նպատակին, Վիեննայի օրակարգը դիտարկում է որպես այդ նպատակի ինստիտուցիոնալ արգելակում:

Այսինքն՝ այդ հարցում Բաքուն և Մոսկվան ունեն նվազագույն համատեղ մի շահ, և նրանց խնդիրն է հասնել նրան, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը եթե կայանա էլ, ապա այնպես, որ կողմերը որևէ պատասխանատվություն չկրեն այդ հանդիպման համար:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0