Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Չինական բեկում Հայաստանում. Պեկինն անցնում է գործի

Չինական բեկում Հայաստանում. Պեկինն անցնում է գործի

By
Չինական բեկում Հայաստանում. Պեկինն անցնում է գործի

Երեւանում տեղի է ունեցել Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքի արարողությունը: Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր տարածքն իր մեծությամբ լինելու է երկրորդը Եվրասիական տարածաշրջանում՝ Ռուսաստանից հետո:

Դա իհարկե ինքնաբերաբար չի նշանակում, որ Չինաստանի համար Հայաստանը Ռուսաստանից հետո իր կարեւորությամբ դառնում է եվրասիական տարածաշրջանի երկրորդ երկիրը, բայց Չինաստանի դեսպանության չափերն անկասկած որոշակիորեն արտացոլում են նաեւ Հայաստանի հանդեպ հետաքրքրության չափի աճը:

«Սա կարեւոր եւ ուրախալի իրադարձություն է մեզ համար: Չինաստանն էլ ավելի լավ ներկայացված կլինի Հայաստանում», հիմնարկեքի արարողությանն ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էր Լուն:

Ավելի մեծ դեսպանատունը թերեւս առավել մեծ ֆունկցիոնալ հնարավորությունների պահանջն է, եւ այդ իմաստով չափը ստանում է որոշակի քաղաքական նշանակություն:

Չինաստանն աճող հավակնություն ունի ամբողջ աշխարհի մասշտաբով, թեեւ նկատելի է նաեւ, որ Պեկինը հարում է այսպես ասած «փափուկ ուժի» մարտավարությանը, հանդես չի գալիս ավելորդ հավակնոտությամբ եւ հետեւողականորեն առաջ է շարժվում իր տնտեսական ներուժով:

Այդ իմաստով, ամենեւին անսպասելի կամ զարմանալի չէ Չինաստանի հետաքրքրությունը Կովկասի հանդեպ, որը զուտ ներդրումների տեսքով ավելի արտահայտված է Վրաստանում:

Մյուս կողմից սակայն, գործնականում հնարավոր չէ հետաքրքրվել Կովկասով, ունենալ Կովկասում խաղացող լինելու հավակնություն եւ չաշխուժացնել ներկայացվածությունը Հայաստանում: Խնդիրը Հայաստանի հանդեպ Վրաստանի թերագնահատվածությունը չէ, այլ այն, որ Հայաստանը Կովկասի հարցում ունի ֆունկցիոնալ կարեւորագույն եւ անփոխարինելի նշանակություն:

Բանն այն է, որ Հայաստանն է Կովկասի նոր ստատուս-քվոյի «ճարտարապետը»՝ ղարաբաղյան հաղթանակով, հետեւաբար հնարավոր չէ լինել Կովկասում, չլինելով Հայաստանում կամ «ավելի լավ ներկայացված» չլինելով Հայաստանում:

Գործնականում հենց այդ հանգամանքից են ճյուղավորվում տարածաշրջանային զարգացման մյուս առանցքային հեռանկարները, եւ ամենեւին պատահական չէ նաեւ, որ հենց ղարաբաղյան խնդիրն է իր կարգավորման միջազգային ձեւաչափով առանձնահատուկը՝ Մինսկի խմբի համանախագահության տեսքով, որովհետեւ այդ խնդիրը ոչ թե մեծ նշանակություն ունի տարածաշրջանի հեռանկարի համար, այլ պարզապես ձեւավորում է տարածաշրջանը:

Իհարկե, հաջորդիվ արդեն նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքն է, որը անկախությունից հետո բավական թերագնահատված էր հենց հայաստանյան հանրության շրջանում, եւ գուցե այդ թերագնահատումը կա առ այսօր, մինչդեռ այն բավական լայն հնարավորություն ընձեռող դիրք է, եւ ներկայում ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել Հայաստանի միջոցով Պարսից ծոցը Սեւ ծովին կապելու միտքը: Օրերս այն արտահայտվել էր նաեւ Իրանի եւ Հայաստանի նախագահների Թեհրանի հանդիպմանը: Իրան-Հայաստան, ու նաեւ Վրաստան առանցը հետաքրքիր շղթա է նաեւ Չինաստանի համար, որը նույնպես աշխուժորեն փնտրում է «փափուկ ուժի» տարածման ճանապարհներ եւ դրա համար ձեւավորել է Մետաքսի ճանապարհի նախագիծը:

Հայաստանը դիտարկվող երթուղիներից մեկն է, եւ այն, որ Չինաստանը քայլ է կատարում Հայաստանում «ավելի լավ ներկայացված» լինելու ուղղությումբ, հուշում է, որ այդ երթուղին լրջորեն դիտարկվող երթուղի է եւ թերեւս Հայաստանում ավելի լավ ներկայացվածության միջոցով Պեկինը կփորձի ամբողջացնել այդ ուղղությամբ երթուղին՝ Իրան-Հայաստան-Վրաստան, որտեղ Չինաստանի համար օրինակ ամենաթույլ օղակը Հայաստանն է: Այդ իմաստով, Հայաստանում Չինաստանի առավել լայն ներկայացվածությունը ողջունելի կլինի Իրանի համար:

2015 թվականին Սերժ Սարգսյանի Պեկին կատարած այցի ընթացքում ստորագրվեց հայ-չինական համատեղ հայտարարություն-հուշագիր, որում ներառված գործակցության ուղղությունները բառացիորեն բաց չէին թողնում կենսագործունեության եւ ոչ մի ոլորտ՝ անվտանգությունից մինչեւ մշակույթ: Ըստ ամենայնի, Չինաստանը ձեռնամուխ է լինում այդ հուշագրի բովանդակությանը, որի առաջին քայլը նոր շենքի, հետեւաբար Հայաստանում աշխատանքի նոր ֆունկցիոնալ հնարավորության սկզբնավորումն է:

Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե Չինաստանի ներկայացվածության եւ ֆունկցիոնալության աճը ինչպիսի արձագանք կարող է ստանալ Հայաստանում լավ ներկայացված աշխարհքաղաքական այլ կենտրոնների մոտ՝ թե Ռուսաստանի, որը Հայաստանը համարում է իր միանձնյա ազդեցության գոտին, թե Վաշինգտոնի, որը եւս Պեկինը դիտարկում է աշխարհքաղաքական մրցակից:

Այստեղ անշուշտ բուն հարցն այն է, թե այդ շահերի հետ ինչպես կարող է աշխատել Հայաստանը: Արդյունավետ աշխատանքի առանցքային նախապայմանն իհարկե ինքնիշխանությունն է եւ սեփական շահի վրա հիմնված ազնիվ հարաբերությունը բոլոր կողմերի հետ, ինչը թույլ կտա ձեւավորել վստահելի գործընկերոջ հեղինակություն: Բանն այն է, որ այդպիսի գործընկերոջ դեպքում բոլոր կողմերի հետ հնարավոր է հասնել որեւէ ընդհանուր եզրի՝ մեծ, թե փոքր, բայց ընդհանուր մի որեւէ եզրի, երբ շահերի ճանաչումը կկրի փոխադարձ բնույթ:

Հակոբ Բադալյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0