Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | 2018-ի «հոգեւոր» պլանը. Սերժ Սարգսյանի թիմային անակնկալը

2018-ի «հոգեւոր» պլանը. Սերժ Սարգսյանի թիմային անակնկալը

By
2018-ի «հոգեւոր» պլանը. Սերժ Սարգսյանի թիմային անակնկալը

Հուլիսի 15-ին Սերժ Սարգսյանը Եղվարդում մասնակցել է նորակառույց եկեղեցու օծմանը: Եկեղեցաշինությունն ու առանձին դեպքերում օծման արարողություններին Սերժ Սարգսյանի մասնակցությունը հայաստանան կյանքում նորություն չէ եւ այստեղ ուշագրավը կարող են լինել առանձին հանգամանքները: Հուլիսի 15-ի դեպքում «ուշադրության արժանի առանձին հանգամանքը» այն է, որ օծվել է Խաչատրյանների ընտանիքի միջոցներով կառուցված եկեղեցին եւ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ արարողությանը: Խոսքը Գագիկ Խաչատրյանի ընտանիքի մասին է:

Իսկ Գագիկ Խաչատրյանը Հայաստանի իշխող համակարգում եղել է առանցքային ֆիգուրներից, Սերժ Սարգսյանի վստահելի անձանցից մեկը, ընդ որում անգամ մինչեւ Սարգսյանի նախագահի պաշտոն զբաղեցնելը:

Խաչատրյանի դերակատարումը սակայն հատկապես առանցքային դարձավ վերջին տարիներին, որի գագաթնակետն էր 2014 թվականի կառավարության փոփոխությունը: Ոչիշխանական բեվեռի ճնշման ներքո Սերժ Սարգսյանն իրավիճակը լիցքաթափելու համար գնաց կառավարությունն այդ բեվեռին հանձնելու ճանապարհով՝ ի դեմս  Հովիկ Աբրահամյանի, որը նշանակվեց վարչապետ: Գագիկ Խաչատրյանը նշանակվեց ֆինանսների նախարար, բայց ֆինանսների սուպերնախարար, քանի որ նա այդ պաշտոնին նշանակվեց ՊԵԿ-ֆիննախ միաձուլման արդյունքում:

Կառավարությունը տալով Հովիկ Աբրահամյանին, այսպես ասած ֆինանսական հոսքերի եւ ֆինանսատնտեսական շրջանառության վերահսկողությունը փաստորեն թողեց սուպերնախարար Խաչատրյանի տիրույթում, այդպիսով նրան փաստորեն դնելով Հովիկ Աբրահամյանի նկատմամբ «ռեվիզորի» կարգավիճակում:

Ամենեւին պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանի հեռացումով, հեռացավ նաեւ Գագիկ Խաչատրյանը, նաեւ լուծարվեց սուպերնախարարի պաշտոնը եւ ՊԵԿ-ն առանձնացվեց ֆինանսների նախարարությունից: Իհարկե զուտ ժամանակագրական առումով դա տեղի ունեցավ մինչեւ վարչապետի փոփոխություն, սակայն գործնականում արդեն հստակ էր, որ Հովիկ Աբրահամյանը հեռացման ճանապարհին է եւ Սերժ Սարգսյանն ընդամենը ընտրելու է օրը եւ ժամը:

Կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Խաչատրյանին կառավարությունից հեռացրեց այն պատճառով, որ նա ուներ հանրային բացասական ընկալում եւ դիտվում էր Հայաստանում ամենակառումպացված պաշտոնյաներից մեկը, որին եւ որի հարազատներին վերագրվում էին բազմաթիվ բիզնեսներ, իսկ այդ ամենի գագաթնակետն էլ այն էր, որ Խաչատրյանը պետական բյուջեի հաշվին կառուցում էր Դիլիջանում ՊԵկ այսպես կոչված ուսումնական ճոխ կենտրոնը՝ անբացատրելի ճոխությամբ կենտրոնը, մոտ 30 միլիոն դոլարով:

Իրականում սակայն այդքան էլ միարժեք չէ, թե արդյո՞ք Սարգսյանը Գագիկ Խաչատրյանին հեռացնում էր հենց դրա համար, թե՞ Սարգսյանը Խաչատրյանին հեռացնում էր նոր կառավարությունից, խնայելով նրան՝ թե հանրային քննադատության, թե նոր կառավարության համար պատասխանատվության իմաստով:

Խաչատրյանն իհարկե ուներ հանրային բացասական վարկանիշ, սակայն Հայաստանի իշխող համակարգում ո՞վ չունի այդ վարկանիշը: Կան ավելի բացասական ընկալում ունեցողներ, սակայն նրանք չեն հեռանում: Ընդհանրապես, թյուր է կարծիքը, թե Հայաստանի իշխանական համակարգում որեւէ հեռացում կարող է պայմանավորված լինել հանրային վարկանիշով: Իշխող համակարգը մեղմ ասած բավականաչափ պրագմատիկ է այդօրինակ «ռոմանտիկ» քայլեր չանելու համար: Որեւէ հեռացում պայմանավորվում է ներհամակարգային շահերի եւ դրանցից բխող անհրաժեշտությունների տրամաբանության մեջ եւ այդ համատեքստում Գագիկ Խաչատրյանը ոչ թե հեռացվել է հանրության «պահանջով», այլ հանրության թիրախից պաշտպանվելու նպատակով:

Առավել եւս, երբ օրինակ բիզնես հանրության շրջանում ներկայումս մեղմ ասած հակասական տպավորություններ կան օրինակ ՊԵԿ գործունեության իմաստով գործարարների մի զգալի մաս ներկայումս բիզնես հարմարավետության եւ գրավչության տեսանկյունից սկսել է ավելի նախընտրելիությամբ հիշել Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման շրջանը, որովհետեւ իրավիճակը այդ շրջանում եղել է շատ ավելի հասկանալի եւ կանխատեսելի:

Առավել եւս, որ ներկայումս իշխող համակարգը մտել է մի տրամաբանության մեջ, երբ Սերժ Սարգսյանի մոտ առաջանում է Կարեն Կարապետյանի կառավարության եւ այսպես ասած թիմի գործունեության հարցում անարդյունավետության մթնոլորտի ձեւավորման պահանջարկ:

Ահա այդ ֆոնին Սերժ Սարգսյանը բավական նրբորեն ուրվագծում է իր թիմը, որի առանցքային անդամ եղել է, կա եւ թերեւս կլինի Գագիկ Խաչատրյանը:

Իսկ այդ թիմի առանցքային «հենք» հանդիսացել է եկեղեցին ու եկեղեցաշինությունը, թե որպես «ինդուլգենցիայի» մեխանիզմ, թե որպես արժեքային-գաղափարական հարթության վրա հանրային լեգիտիմության կարեւոր տարր: Գագիկ Խաչատրյանի մասով այդ բացը կար եւ այն փաստորեն լրացվում է եւ նա թերեւս լիարժեք պատրաստ է տակտիկական առաջադրանքներին:

Հատկապես, որ վերջին օրերին մամուլում տեղեկություն հայտնվեց 2018-ից հետո Սերժ Սարգսյանի պլանային տարբերակներից մեկի մասին, ըստ որի նա լինելու է վարչապետ, իսկ ըստ նոր Սահմանադրության նախատեսված երեք փոխվարչապետներն են լինելու Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Խաչատրյանը:

Հետաքրքիր է, որ փոխվարչապետների երեք «հիպոթետիկ» թեկածուներից երկուսը փաստորեն ստացել են «եկեղեցաշինական» «ինդուլգենցիան», Հովիկ Աբրահամյանը դեռ վարչապետ եղած շրջանում է կառուցել իր եկեղեցին: Իր եկեղեցին չի կառուցել փաստորեն միայն Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի թիմի «հոգեւոր» ներդաշնակության համար: Թեեւ գուցե կհասցնի մինչեւ 2018 թվականի ապրիլ՝ տնտեսության փոխարեն կառուցել եկեղեցի:

Հակոբ Բադալյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0