Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Փարիզը պատրաստ է. ինչ են խոսել Արցախի մասին Թրամփն ու Մակրոնը

Փարիզը պատրաստ է. ինչ են խոսել Արցախի մասին Թրամփն ու Մակրոնը

By
Փարիզը պատրաստ է. ինչ են խոսել Արցախի մասին Թրամփն ու Մակրոնը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն ասել է, ըստ ադրբեջանական մամուլի, որ Ֆրանսիան միշտ պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ մակրոնը կողմ է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը եւ Ֆրանսիան վճռական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում:

Ֆրանսիայի պատրաստակամության վերաբերյալ դեսպանը հավանաբար հայտարարել է ադրբեջանցի լրագրողների հարցերին ի պատասխան, թեեւ գուցե պետք չէ բացառել, որ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ ու Ռուսաստանն այսպես ասած Սարգսյան-Ալիեւ մի հանդիպում են «պարտք» Ֆրանսիային:

Բանն այն է, որ ապրիլի պատերազմից հետո տեղի է ունեցել Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպում: Առաջինը մայիսին՝ ԱՄՆ հովանու ներքո, Վիեննայում, իսկ երկրորդը մեկ ամիս անց՝ հունիսին Սանկտ-Պետերբուրգում, բնականաբար ՌԴ հովանու ներքո:

Դրանից հետո հայտարարվեց հնարավոր երրորդ հանդիպման մասին: Համենայն դեպս Ֆրանսիան հայտնեց իր պատրաստակամությունն այն կազմակերպելու հարցում: Ընդ որում հետաքրքիր է, որ այդ մասին նախորդ տարի հունիսին Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից անմջապես հետո Երեւանում հայտարարել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:

Ավելին, Շարպանտիեն արեց ավելի կարեւոր մի հայտարարություն: Նա նշեց, որ, չնայած Սանկտ-Պետերբուրգում Պուտինի հովանու ներքո անցած հանդիպման ամփոփոիչ հայտարարության մեջ որեւէ խոսք չկար հրադադարի պահպանման հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրման մասին, այդուհանդերձ իրենց համար դա է առաջնահերթությունը:

Սակայն Ֆրանսիայի հովանու ներքո երրորդ հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ, իսկ հարաբերական անդորրը սահմանին սկսեց աստիճանաբար գնալ դեպի լարվածություն: Այժմ արդեն Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն է հայտարարում Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու Փարիզի պատրաստակամության մասին: Փարիզում արդեն նոր նախագահ է՝ որն արդեն հասցրել է մեծ քաղաքականություն մտնել բավական հնչեղ եւ ակտիվ հայտով՝ Էմանուել Մակրոն:

Երբ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հայտարարում է, որ Փարիզը վճռական է Ղարաբաղի հարցում, ի՞նչ է նկատի առնվում դրա տակ: Արդյո՞ք այն, ինչ մեկ տարի առաջ Սանկ-Պետերբուրգից անմիջապես հետո հարկ համարեց ընդգծել Երեւանում Ֆրանսիայի դեսպանը՝ որ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումն է իրենց համար առաջնահերթությունը:

Ինչու՞ նախորդ տարի այդպես էլ տեղի չունեցավ Ֆրանսիայի հովանու ներքո Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը: Բանն այն է, որ հիմք կա ենթադրելու, որ երրորդ հանդիպումը օրակարգում կրկին շեշտադրելու էր հենց հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի առաջնայնությունը եւ ըստ երեւույթին Ադրբեջանի նախագահ Ալիեւը, որը բացահայտ հանդես է գալիս այդ մեխանիզմի դեմ, նախընտրեց Սանկտ-Պետերբուրգից հետո այլեւս չգնալ հանդիպման, քանի հաջողվել էր ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում որոշակիորեն լռության մատնել մեխանիզմի ներդրման հարցը:

Ալիեւը նախընտրեց Սանկտ-Պետերբուրգից հետո քայլ առ քայլ լարել իրավիճակը սահմանին, ինչից հետո էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նոր հանդիպում իմաստ ունի այն դեպքում, երբ կա երաշխիք, որ Ալիեւը մյուս ձեռքով չի շարունակելու կրակել առաջնագծում: Այդպիսի երաշխիք չկա, այդ երաշխիքը կարող է լինել միայն հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումը, որն ինչպես Ֆրանսիայի նախորդ նախագահ Օլանդն էր ասում ընթացիկ տարվա մարտին Փարիզում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում՝ թույլ կտա պատասխանատվության ենթարկել հրադադարը խախտող կողմին:

Դրանից հետո, ի դեպ, համանախագահները մի անգամ արել են Ադրբեջանի պատասխանատվությունը մատնանշող հասցեական մի հայտարարություն, որը սակայն չի ունեցել շարունակություն, թեեւ ընդհանուր առմամբ Ադրբեջանը այդ իմաստով տողատակում բավական շոշափելի դիվանագիտական հարված ստացավ նաեւ հուլիսի 4-ի սադրանքից հետո: Համանախագահները գործնականում ասացին Բաքվին, որ հենց նրա սադրանքն է իր իսկ խաղաղ բնակչության կորստի պատճառը եւ Ադրբեջանը չկարողացավ հայկական զինուժի դեմ խաղարկել երկամյա երեխայի կորուստը, թեեւ կանգ չէր առել այդ ծանր հանգամանքը անբարո քաղաքական շահարկման ենթարկելու քայլի առաջ:

Դրանից հետո տեղի ունեցավ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, որի ընթացքում համանախագահները կողմերին փոխանցեցին Սարգսյան-Ալիեւ հանդիպման կոնկրետ առաջարկ: Երկու կողմերի նախնական արձագանքը բավական ուշագրավ էր: Ալիեւը հայտարարեց, թե հայկական կողմի նախապայմանը մերժված է եւ բանակցությունը վերսկսվում է առանց դրա: Իսկ ինչպես հայտնի է, հայկական կողմը դնում է հենց հրադադարի պահպանման պահանջ՝ որպես բանակցության վերսկսման նախապայման:

Ըստ այդմ, արդյո՞ք Ալիեւն այդպիսով փորձում է հող նախապատրաստել իր հանրության մոտ՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման գնալուց առաջ, ցույց տալու համար, որ հանդիպումը զիջում չէ: Բանն այն է, որ գործնականում թերեւս հստակ է, որ նոր հանդիպման օրակարգում լինելու է հրադադարի մեխանիզմի ներդրման հարցը: Ալիեւն ըստ ամենայնի փորձում է ապահովագրել իրեն՝ հանդիպմանը գնալու ստիպված լինելու դեպքում, որպեսզի ցույց տա, թե գնում է ոչ թե հայկական կողմի պահանջը քննարկելու համար՝ որը առաջնահերթություն է առնվազն երկու համանախագահների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ համար, այլ գնում է «կարգավորում» բանակցելու, ինչը «ադրբեջաներեն» կնշանակի հայկական ուժերի հետքաշում:

Սերժ Սարգսյանի նախնական արձագանքն էլ ուշագրավ էր: Նա հագավ զինվորական համազգեստ եւ ներկայացավ Գերագույն գլխավոր հրամանատարի վճռական կարգավիճակում, այդպիսով թերեւս ցույց տալով, որ չի նահանջելու հրադադարի մեխանիզմի պահանջի դիրքից:

Անկասկած, իրադարձությունների զարգացման հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պահվածքից եթե ոչ անհամեմատ ավելի, ապա առնվազն ոչ պակաս կարեւոր նշանակություն է ունենալու այն, թե ինչպիսի հարաբերություն է առկա համանախագահ եռյակի նախագահների միջեւ: Այդ իմաստով ուշագրավ է, որ վերջին օրերին արցախյա խնդրի զարգացումներին զուգահեռ տեղի ունեցան Թրամփ-Պուտին առաջին հանդիպումն ու Մակրոն-Թրամփ հանդիպումը: Ու թեեւ այստեղ օրակարգում չի խոսվել Կովկասի եւ մասնավորապես Արցախի մասին, այդուհանդերձ ակնհայտ է, որ ազդեցությունը անկասկած լինելու է:

Եվ այդ համատեքստում հետաքրքիր է, արդյո՞ք Ֆրանսիան պատրաստակամության մասին հայտարարում է այսպես ասած ստացած լինելով ԱՄՆ ու Ռուսաստանի համաձայնությունը, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը կարող էր նախօրեին Փարիզում Մակրոնին հավաստիացնել, որ Պուտինը հուլիսի 7-ի հանդիպմանը խոստացել է չխանգարել Ֆրանսիայի հովանու ներքո ղարաբաղյան խնդրում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելուն:

Հակոբ Բադալյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0