Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ո՞վ է հաղթում հայ-ադրբեջանական քարոզչական պատերազմում, և ինչպե՞ս հակազդել Բաքվի տեղեկատվական գրոհներին

Ո՞վ է հաղթում հայ-ադրբեջանական քարոզչական պատերազմում, և ինչպե՞ս հակազդել Բաքվի տեղեկատվական գրոհներին

By
Ո՞վ է հաղթում հայ-ադրբեջանական քարոզչական պատերազմում, և ինչպե՞ս հակազդել Բաքվի տեղեկատվական գրոհներին

Ադրբեջանական հանրապետությունը, Արցախի դեմ պարբերական ռազմական գործողություններին զուգահեռ, շարունակում է նաև ինտենսիվ քարոզչական պատերազմը՝ խեղաթյուրելով իրականությունը և տարածելով կեղծ լուրեր շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ընդ որում դա իրականացվում է ամենաբարձր մակարդակով:

Այս անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալությանը՝ հայտարարելով, թե 2016 թ. ապրիլի սկզբին հայկական բանակն է հարձակում գործել Ադրբեջանի վրա, և ադրբեջանական կողմն է դադարեցրել հայկական զինուժի հարձակումը: Զաքիր Հասանովն ասել է, թե 2016 թ. ապրիլի 1-ին հայկական կողմը սկսել է հրետակոծել Թարթառի շրջանը, որից հետո ինքը հրաման է տվել «միջոցներ ձեռնարկել»: Ադրբեջանի ՊՆ ղեկավարը պնդում է, որ իրենց նպատակը չի եղել լայնածավալ պատերազմ սկսել, իրենք գործի են դրել իրենց ուժերի ընդամենը 15-20 տոկոսը, իսկ հայկական կողմը մարտի է նետել իր բոլոր ուժերը:

«Նրանք գործի էին դրել իրենց ողջ սպառազինությունը: Առաջին գիծ էր բերվել նաև պահեստազոր Երևանից: Երեք օր նրանք գրոհում էին մեր դիրքերը, թեև հենց իրենք էլ երկրորդ օրը ներգրավեցին Ռուսաստանի համապատասխան կառույցներին միջնորդական աշխատանքներին»,- ասել է Հասանովը:

Ինչո՞ւ է Ադրբեջանը դիտավորյալ խեղաթյուրում իրականությունը, ինչո՞ւ է տարածում ապատեղեկատվություն ապրիլյան իրադարձությունների մասին: Եթե նույնիսկ ընդունենք, որ Ադրբեջանն ապրիլի 2-5-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ստացել է ռազմական, դիրքային ինչ-որ առավելություն, ապա ի՞նչ կարիք կա դրան զուգահեռ նաև պնդել, թե հայկական կողմն է հարձակվել, ոչ թե իրենք, հատկապես, եթե հիշենք, որ Ադրբեջանն իր յուրաքանչյուր հայտարարության մեջ չի էլ թաքցնում Լեռնային Ղարաբաղը ռազմական ճանապարհով նվաճելու իր մտադրությունը: Ուրեմն քարոզչական ի՞նչ նպատակներ է հետապնդում պաշտոնական Բաքուն տեղեկատվական այս գրոհներով՝ հատկապես ներկայիս լարված իրադրության պայմաններում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, քաղաքագետ Օլեգ Մատվեյչևը, որը մասնագիտացած է հատկապես տեղեկատվական, քարոզչական պատերազմների ոլորտում: Օլեգ Մատվեյչևը «21-րդ դարի ինֆորմացիոն պատերազմները. «փափուկ ուժը»՝ ընդդեմ ատոմային ռումբի» գրքի հեղինակն է:

– Պարոն Մատվեյչև, նախ ի՞նչ կասեք իրական փաստերի մասին: Ճի՞շտ է արդյոք ադրբեջանական կողմի պնդումը, որ հայկական զինված ուժերն են առաջինը հարձակվել:

– Ոչ, ոչ, հայերը հետաքրքրված չեն հարձակվելու, հրահրելու հակամարտությունը: Ճիշտ հակառակը՝ խաղաղ գործընթացը պետք է հենց հայկական կողմին, ուստի ամենայն հավանականությամբ, դա ադրբեջանական կողմից նախաձեռնած սադրանքն էր, և ինչպես միշտ՝ նմանատիպ սադրանքները քողարկում են բացարձակապես հակադիր պնդումներով, այսինքն՝ երբ կողմերից մեկը հարձակվում է, ԶԼՄ-ներով հայտարարում է, թե «մեր վրա են հարձակվել»: Օրինակ, երբ Վրաստանը հարձակվեց Հարավային Օսիայի վրա, Սաակաշվիլին հայտարարեց, թե իրենց վրա են հարձակվել: Սա պրովոկատորների, պրոպագանդիստների տիպիկ հնարքն է անել մի բան, բայց ասել ճիշտ հակառակը:

– Իսկ ինչո՞ւ է ռուսական կողմը նման հարթակ տրամադրում Ադրբեջանին: Նկատի ունեմ այն, որ Հասանովը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությանը:

– Ռուսաստանը չի վերահսկում լրագրողներին, ոչ ոք չի նստում ու վերահսկում, թե ինչ են անում լրագրողները: Պատկերացրեք, թե քանի չինովնիկ է պետք, որ նստեն ու յուրաքանչյուրին ասեն, թե ով ինչ պիտի գրի: «ՌԻԱ Նովոստի»-ն հարցազրույց է արել ինչ-որ մեկի հետ: Նույն հաջողությամբ նա կարող էր հարցազրույց վերցնել նաև հայկական կողմից, Լեռնային Ղարաբաղից: Մամուլն այդ աստիճանի չի վերահսկվում, որպեսզի յուրաքանչյուր լրագրողին հրահանգ տան, թե ումից նա կարող է հարցազրույց վերցնել և ումից չի կարող:

– Ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել ապատեղեկատվության տարածումը քարոզչական պատերազմի տեսանկյունից՝ հատկապես այսօրվա իրավիճակում, երբ Ադրբեջանն օրեցօր մեծացնում է ռազմական, քաղաքական, դիվանագիտական ճնշումը Հայաստանի նկատմամբ: Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կոնֆլիկտի վրա:

– Արշավը, որ սկսել են ադրբեջանցիները, պայմանավորված է այն հանգամանքով, որ նավթի համաշխարհային գներն ընկել են, հետևաբար կրճատվել է Ադրբեջանի բյուջեն, առաջացել են տնտեսական խնդիրներ, և Իլհամ Ալիևը ստիպված է ամեն կերպ պահպանել իր վարկանիշը: Դա անելու համար նա որոշել է հանդես գալ որպես շատ ռազմատենչ գործիչ: Դա ձեռնտու է նաև թուրքերին:

Հիմնական էֆեկտը ինքնափիառն է: Ինչ վերաբերում է հետևանքներին՝ եթե Ադրբեջանին թույլ տան շարունակել այս գործողությունները, ապա նրանք կհասնեն որոշակի արդյունքների: Հարկավոր է, որ հայկական կողմը ևս հանդես գա ելույթներով, խոսի համաշխարհային, ռուսական լրատվամիջոցների հետ, գործի ավելի ակտիվ, նույնպես քարոզչական արշավներ իրականացնի: Չի կարելի նստել և լռել ի պատասխան այս ամենի: Սա հենց տեղեկատվական պատերազմն է, իսկ տեղեկատվական պատերազմում, ինչպես ցանկացած պատերազմի ժամանակ, պետք է կրակեն երկու կողմերը, ոչ թե կողմերից մեկը: Եթե միայն մեկն է կրակում՝ երկրորդը պարտվում է:

– Ինչպե՞ս կարելի է հակազդել նման գործողություններին:

– Հայաստանի պաշտոնյաները ևս կարող են հարցազրույց տալ «ՌԻԱ Նովոստի»-ին, զանգահարել լրագրողներին, մշտապես համագործակցել ռուսական ԶԼՄ-ների հետ, և եթե Ադրբեջանի կողմից որևէ մեկն ինչ-որ հայտարարություն կանի, անմիջապես պատասխանել դրան:

– Ո՞վ է այսօր հաղթում քարոզչական, հոգեբանական պատերազմում: Ո՞ր կողմն ունի առավելություն:

– Ես չեմ կարող ասել, թե ով առավելություն ունի: Իմ կարծիքով՝ հաղթող կողմ չկա, բոլորն էլ պարտված են, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկար ժամանակ սառեցված էր, իրավիճակը խաղաղ էր, կյանքն ընթանում էր խաղաղ հունով, բայց Թուրքիայի կողմից թելադրված սադրանքների պատճառով հակամարտությունը կրկին սրվեց: Թուրքիան այն ժամանակ շատ լարված հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ և դրանով ուզում էր թուլացնել Ռուսաստանին: Այս ամենի հետևանքով կրկին սկսեց արյուն թափվել, առաջացավ թեժ կետ և սրա պատճառով իրավիճակը դարձավ փակուղային, ավելի փակուղային, քան մինչ այդ էր: Հետևաբար բոլոր կողմերն էլ պարտված են:

– Իսկ ինչպե՞ս կարելի է շտկել այս իրավիճակը, նվազեցնել լարվածությունը:

– Լարվածությունը նվազում է միայն այն դեպքում, եթե զինված բախումներից անցնում է բավականաչափ ժամանակ: Եթե դադարեցվեն ռազմական սադրանքները, իրավիճակը չսրվի՝ այդ թվում ինֆորմացիոն պատերազմի միջոցով, անցնի, ասենք, 25 տարի, երբ կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե տաք, այլ սառը գլխով, այդ դեպքում կարելի է գտնել հիմնախնդրի փոխշահավետ լուծումներ, իսկ հիմա հարկավոր է խաղաղ դադար վերցնել:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0