Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Բաքվում համանախագահներին դիմավորում են մեծամասշտաբ զորավարժության ֆոնին

Բաքվում համանախագահներին դիմավորում են մեծամասշտաբ զորավարժության ֆոնին

By
Բաքվում համանախագահներին դիմավորում են մեծամասշտաբ զորավարժության ֆոնին

Այսօր Բաքու են ժամանում Մինսկի խմբի համանախագահները: Միջնորդների այցը թեև պլանային է, բայց անմիջապես հաջորդում է վերջին օրերի ադրբեջանական ռազմական սադրանքին, որին զոհ գնաց չորս հայ զինծառայող: Գլոբալ իմաստով Բաքուն ամեն ինչ արել է համանախագահությանը հասկացնելու համար, որ նրան Ադրբեջանում առանձնապես չեն սպասում:

Հունիսի 12-16-ը հայ-թուրքական համատեղ զորավարժություններ են անցկացվել Նախիջևանում, այսօր՝ հենց համանախագահության այցի օրը, խոշորամասշտաբ զորավարժություններ են մեկնարկում Ադրբեջանում՝ զինված ուժերի 23000 զինծառայողների ու սպաների մասնակցությամբ: Դրանք, ըստ միջազգային լրատվամիջոցների հաղորդումների, հնարավորինս համապատասխանեցված են լինելու պատերազմական իրավիճակների սցենարին:

Այս ֆոնին համանախագահության այցը Բաքու նույնիսկ ֆորմալ, ձևական է դառնում, որովհետև Բաքուն անթաքույց հասկացնում է, որ թքած ունի միջազգային իրավունքի ու ստանձնած պարտավորությունների վրա և իր նպատակներին հասնելու համար պատրաստ է սանձազերծել նոր պատերազմ:

Իհարկե, Բաքվի այս վարքագիծը քննադատաբար է ընդունվում միջազգային հանրության կողմից, մյուս կողմից՝ առայժմ լեգիտիմացված չեն նաև Երևանի պահանջները: Սա առնվազն խոսում է ոչ միայն մեր դիվանագիտության ցածր որակի, այլ նաև մեր պետության միջազգային հեղինակության բացակայության մասին:

Միջազգային հանրությունը կամ պարիտետ է պահում հակամարտության կողմերի միջև, կամ էլ քաղակակրթական հենքով գոնե անուղղակիորեն աջակցում է այն կողմին, որը ժամանակակից դեմոկրատական մոդելի կրող է:

Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, բռնապետություն չէ, բայց տիպիկ եվրասիական հետամնաց երկիր է՝ Ռուսաստանից վասալային կախվածությամբ: Ըստ այդմ, միջազգային հանրությունը որակական տարբերություններ չի տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների, նրանց հաստատած համակարգերի միջև:

Նվազագույնը, ինչին ձգտում է Բաքուն, միջնորդական այսօրվա ձևաչափի փոփոխությունն է, որն էականորեն անդրադառնալու է նաև կարգավորման բովանդակային բաղադրիչի փոփոխության վրա, առնվազն մեծացնում է նոր պատերազմի ռիսկը:

Այստեղ էլ մեղքի շատ մեծ բաժին ունի Հայաստանի դիվանագիտությունը, որը հաճախ տուրք է տվել Մոսկվայի պարտադրանքին և կարգավորման գործընթացին մասնակցել է ընդունված միջազգային ձևաչափից դուրս` ռուս-ադրբեջանա-հայկական ֆորմատով:

Ալիևի ռազմատենչությունը սնվում է նաև մեր պետության թուլության, դիվանագիության անորակության աղբյուրից:

Մենք պետք է սովորենք մեղքը մեր մեջ փնտրել: Դրա համար խիզախություն և փոփոխություններ անելու քաղաքական կամք է պետք: Առանց դրա հաղթանակ չի լինելու:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0