Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ավելի շատ սպասվում է Հասան Ռոհանիի հաղթանակը. Մովսես Քեշիշյան

Ավելի շատ սպասվում է Հասան Ռոհանիի հաղթանակը. Մովսես Քեշիշյան

By
Ավելի շատ սպասվում է Հասան Ռոհանիի հաղթանակը. Մովսես Քեշիշյան

Թեհրանում տպագրվող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է Իրանի նախագահի՝ մայիսի 19-ին կայանալիք ընտրությունների մասին:

– Պարոն Քեշիշյան, փաստորեն առաջադրված վեց թեկնածուներից մնացել են երկուսը՝ գործող նախագահ Հասան Ռոհանին և պահպանողական թևի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեյիսին: Այս երկուսից ո՞ւմ հնարավորություններն են ավելի բարձր գնահատվում՝ հաղթելու նախագահի ընտրություններում:

– Իհարկե, թեկնածուներից այս պահին ոչ թե երկուսը, այլ չորսն են մնում: Թեև խոսվում էր հրաժարականների մասին, բայց այդ երկուսը հերքեցին հրաժարվելու մասին լուրերը: Այնուամենայնիվ, չորս թեկնածուներից երկուսն են, որ հիմնականորեն արծարծվում և պաշտպանվում են որպես կողմեր: Նրանք են գործող նախագահ պարոն Ռոհանին և պարոն Ռեյիսին, որը պահպանողականների, արմատականների թեկնածուն է: Սոցհարցումների արդյունքների վրա շատ չի կարելի հենվել, բայց ավելի շատ խոսում են պարոն Ռոհանիի հաղթանակի մասին: Աջակողմյան թևը, արմատականները պնդում են, թե իրենց հարցումները հաստատում են այն փաստը, որ կընտրվի պարոն Ռեյիսին: Իհարկե, դա այնքան էլ լուրջ կանխատեսում չէ, որովհետև վերջին հաշվով գործող նախագահը բավական դերակատարություն է ունեցել փոփոխությունների մեջ, կարողացել է որոշ չափով կայունացնել երկրի տնտեսությունը և հատկապես զգալի աշխուժություն է մտցրել արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մեջ, ինչը զգալիորեն բարձրացրել է նրա վարկանիշը: Ավելի շատ սպասվում է պարոն Ռոհանիի ընտրությունը, բայց դժվար է միանշանակ ասել, որ այդպես կլինի ու կավարտվի:

– Հնարավո՞ր է, որ երկրորդ փուլ լինի, նախագահը չընտրվի առաջին փուլով:

– Ես հնարավոր չեմ համարում, բայց լիովին բացառել չի կարելի: Թվում է, որ հարցը հենց առաջին փուլում կլուծվի: Այստեղ պարզապես հարցն այն է, թե որքան կլինեն տոկոսային տարբերությունները: Եթե նախորդ շրջանում պարոն Ռոհանին ստացել էր քվեների գրեթե 51 տոկոսը, այսօր սպասվում է ավելի բարձր տոկոս, որպեսզի նա կարողանա իր ընտրած ուղին և քաղաքականությունը առաջ տանել: Իսկ պարոն Ռեյիսիին ձեռնտու է նույնիսկ երկրորդ փուլ անցնելը, թեկուզ, եթե ավելի քիչ ձայն ստանա, քան պարոն Ռոհանին: Համենայնդեպս, իրեն ավելի ձեռնտու կլինի անցնել երկրորդ փուլ և ավելի շատ աշխատանք տանել, անգամ եթե դա ավարտվի իր պարտությամբ, բայց հզոր պարտությունը շատ ավելի լավ է, քան առաջին փուլում պայքարից դուրս մնալը:

– Իսկ արտաքին ազդակները, մասնավորապես Միացյալ Նահանգների, Արևմուտքի հետ հարաբերությունների, պատժամիջոցների հարցերը ի՞նչ դեր խաղացին ընտրական քարոզարշավի ընթացքում:

– Թվում է, որ ավելի շատ լռություն պահպանեցին այս հարցում: Երկու-երեք նմուշներ եղան, օրինակ՝ պատահեց, որ իսրայելական մի կողմ հայտարարեց, թե «մեզ ձեռնտու է, որ պարոն Ռոհանին չընտրվի, որովհետև նա կարողանում է լեզու գտնել աշխարհի հետ»: Իսկ Իրանի տարածքից դուրս գտնվող ընդդիմությունը կամ ընդդիմություն խաղացողները, թագավորական համակարգի հետևորդներն ու սիրահարները խոսում էին ընտրությունները բոյկոտելու մասին: Երկրի ներսում այդ տարբերակը շատ քիչ է աշխատում, ավելի շատ խոսում են մասնակցելու մասին:

Արևմուտքի հետ հարաբերությունների հարցը, կարծես, այդքան էլ ուղղություն ճշտող չէր կողմերի համար: Երկու կողմերն էլ հաստատեցին, որ ճանաչում են ստորագրված պայմանագրերը, մասնավորապես՝ Արևմուտքի երկրների հետ ստորագրված համաձայնությունները էներգետիկ համագործակցության մասին և հատկապես միջուկային համաձայնագիրը: Պարոն Ռոհանին ինքն է ստորագրել և ինքնաբերաբար պաշտպանում է, իսկ մյուս կողմը հայտարարեց, թե իրենք պիտի հետևեն, որ գործադրվեն այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են Ռոհանիի իշխանության օրոք:

– Բայց թվում է, թե ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի ներկայացուցիչների կոշտ հակաիրանական հայտարարությունները պիտի բարելավեին արմատական թևի, այն ուժերի դիրքերը, որոնք դեմ են Արևմուտքի հետ հարաբերություններին, ի տարբերություն Հասան Ռոհանիի, որը կողմ է Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը: Ի՞նչ կասեք սրա մասին:

– Դա էլ է տարբերակ, այնուամենայնիվ այդ հարցերին երկու հայացքով է պետք նայել, մեկը՝ ժողովուրդն ինչպես է նայում հարցին, ինչ է ցանկանում, մյուսը՝ ինչպես է հարցին նայում ընդհանուր իշխող համակարգը: Այո, իշխող համակարգի մեջ կան թևեր, մեկը արմատականներն են, որոնք երբեմն շատ կոպիտ են արտահայտվում ստորագրված փաստաթղթերի առնչությամբ, մյուսը՝ պարոն Ռոհանիի կողմնակիցները, որոնք ամեն ինչ անում են, որ համաձայնագիրը կյանքի կոչվի, որպեսզի վերանան շրջափակումները և այլն, և այլն: Օրինակ` հարցն արծարծվեց այնպես, որ եթե չստորագրվեր միջուկային համաձայնագիրը, երկիրն ընկներ ավելի ծանր շրջափակումների մեջ, պատերազմի վտանգը ճոճվում էր երկրի գլխին: Եթե այդ հայացքով են նայում հարցին, ժողովուրդը ձգտում է խաղաղության, զարգացման և հանուն դրա էլ պաշտպանում է պարոն Ռոհանիին: Իսկ եթե ժողովուրդը վախենում է, որ ամերիկացիները ավելի կոպիտ քաղաքականություն կդրսևորեն՝ համենայնդեպս պարոն Թրամփի իշխանության գալու հետևանքով, ինքնաբերաբար իրենք էլ սկսում են ավելի կոպիտ դիրքորոշման մասին մտածել: Բայց հասարակ ժողովուրդն ավելի շատ մտածում է իրեն հասանելիք բաժնի մասին, այսինքն՝ տնտեսական պայմաններ, աշխատազրկություն, այն խնդիրները, որոնք ուղղակիորեն ազդում են իր կյանքի վրա: Ու նաև ազատ արտահայտվելու պարագան կա: Հատկապես այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում զգալի աշխուժություն եղավ, ժողովուրդը հրապարակ իջավ, խոսքեր ասացին, քննադատեցին թե՛ պարոն Ռոհանիի կառավարությանը, թե՛ հառակակորդ կողմին: Սա դրական ազդեցություն ունեցավ այն առումով, որ ժողովրդին հրահրի այնպայման մասնակցել ընտրություններին: Սպասվում է, որ ժողովրդի մասնակցությունը ավելի բարձր կլինի՝ նախորդ շրջանի համեմատ: Հարցումներն ասում են, որ 70 տոկոսանոց մասնակցություն կլինի ընտրություններին:

– Ընտրությունների արդյունքները, թե ով կդառնա նոր նախագահը, կարո՞ղ են որևէ կերպ ազդել Իրանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

– Եթե ենթադրենք, որ անհայտ է ընտրությունների արդյունքը, և գործի գլուխ կգա արմատական թեկնածուն կամ մյուս կողմը, ապա ինձ չի թվում, որ տարօրինակ փոփոխություն կլինի Իրան-Հայաստան հարաբերությունների մեջ, որովհետև հիմա հարցերը կտրուկ դրված չեն, ոչ էլ իրանական դիրքորոշումն է այդպիսին: Երկրի առաջնորդից մինչև հրապարակում եղած տարբեր քաղաքական կողմեր դեմ չեն Իրան-Հայաստան հարաբերություններին, բոլորն էլ կողմնակից են: Այդ դաշտում որոշակի աշխատանք իրականացնում են այսպես ասած՝ պանթուրքիստական ուժերը, բայց մինչ օրս մենք չենք տեսել համակարգի վրա ազդող որևէ արդյունք, որպեսզի իշխող համակարգը փոփոխի իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ:

– Թեկնածուները քարոզարշավի ընթացքում անդրադարձե՞լ են հարևան երկրների հետ հարաբերություններին, մասնավորապես՝ Հայաստանին, Ադրբեջանին, տարածաշրջանային հիմնախնդիրներին:

– Կոնկրետ Հայաստանի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ ոչ, բայց հարևան երկրների հետ Իրանի հարաբերություններին՝ այո, գրեթե բոլորն էլ անդրադարձել են, որ միջազգային հարաբերությունները և արտաքին աշխարհի հետ հարաբերությունները պիտի սկսվեն հարևան երկրներից և գնան դեպի ավելի հեռուներ: Բոլորն այս հարցում համակարծիք են: Պարոն Ռեյիսին քննադատեց պարոն Ռոհանիին, որ վերջինս ձգտում է դեպի Եվրոպա և Ամերիկա, բայց Իրանը ավելի սերտ հարաբերություններ պիտի ունենա մոտ հարևանների և արաբական երկրների հետ: Բայց թվում է, որ նման հայտարարություններն ավելի շատ իրար հետ հակադրվելու նպատակով են արվում, քան թե պայմանավորված են քաղաքական որոշակի ծրագրերով:

– Ի՞նչ դիրքորոշում ունի հայ համայնքը ընտրությունների վերաբերյալ: Կա՞ արդյոք հստակ կողմնորոշում, թե՞ համայնքն ավելի չեզոք դիրք է գրավել:

– Գրեթե դրական չեզոքություն է պահպանվում այս հարցում: Հայկական կողմը նաև միասնական հայտարարություն հրապարակեց մի քանի օր առաջ՝ համայնքի գրեթե բոլոր կողմերի ստորագրությամբ: Հայտարարությունը հրապարակվեց մամուլում և ուղարկվեց նաև թեկնածուներին, թե որոնք են մեր պահանջները, և որ մենք պահում ենք դրական չեզոքություն, որոշակի մեկ կողմի չենք պաշտպանում: Բայց հայ համայնքում մարդիկ, իհարկե, իրենց քվեի ձայնն ունեն, և պարզ է, որ ամեն մեկն իր ձայնը կտա նրան, ով ավելի շատ է խոսել փոքրամասնությունների իրավունքների մասին և ավելի շատ կողմնակից է եղել ազատ խոսքին և իրավունքներին:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0