Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Սովորական սադրա՞նք, թե՞ պատերազմի նախապատրաստություն

Սովորական սադրա՞նք, թե՞ պատերազմի նախապատրաստություն

By
Սովորական սադրա՞նք, թե՞ պատերազմի նախապատրաստություն

Վերջին մի քանի օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում գնալով ավելի հաճախակի են դարձել հրադադարի խախտումները հակառակորդի կողմից: Սա են վկայում Արցախի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները առաջնագծում տիրող իրադրության մասին: Մայիսի 15-ին, սակայն, հակամարտության գոտում գրանցվել է բավական արտառոց միջադեպ:

Ադրբեջանական կեղծիք

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ մայիսի 15-ին՝ 16:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ կիրառել է ՍՊԱՅԿ տիպի կառավարող հրթիռ՝ վնասելով մեկ ռազմական տեխնիկա: Թեև չի նշվում, թե խոսքը կոնկրետ ինչ տեխնիկայի մասին է, հայտնի է, որ հակառակորդը հարվածել է շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված «Օսա» զենիթահրթիռային կայանին:

Մինչ այդ հաղորդագրություն էր տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հայտարարելով, թե Ադրբեջանի զինուժը ոչնչացրել է Հայաստանի զինուժին պատկանող «Օսա» զենիթահրթիռային համալիրը, տրանսպորտային-լիցքավորման մեքենան և դրանք սպասարկող անձնակազմը: Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչությանը, հրապարակել են նաև համապատասխան տեսանյութ: Ու թեև արցախյան կողմը չի հերքել ՊԲ-ի ռազմական օբյեկտին հասցված հարվածի փաստը, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը զգալիորեն ուռճացրել է տեղի ունեցածը: Նախ՝ հերքվել է այն տեղեկությունը, թե իբր հայկական կողմը մարդկային կորուստներ ունի: Երկրորդ՝ մեր աղբյուրը հաղորդում է, որ իրականում տուժել է ոչ թե «Օսա» կայանը, այլ լիցքավորման մեքենան:

Ավելացնենք, որ «Օսա» զենիթահրթիռային համալիրները նախատեսված են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համար:

Պատերազմը մի օր անպայման սկսվելու է

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես հակաօդային պաշտպանության միջոցները փորձում են ոչնչացնել նախքան օդուժի հարձակումը: Գաղափարն այն է, որպեսզի նախ ոչնչացվի հակառակորդի ՀՕՊ համակարգը, հետո հարձակման անցնեն ավիացիոն ուժերը, որոնք պիտի ապահովեն ցամաքային զորքերի գործողությունները: Բայց տվյալ դեպքում դժվար է ասել՝ սա մեկանգամյա գործողությո՞ւն է ադրբեջանական զինուժի կողմից, թե՞ նախապատրաստություն պատերազմին:

– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ ռազմական ի՞նչ խնդիրներ է փորձել լուծել ադրբեջանական կողմը՝ հարվածելով ՀՕՊ միջոցին:

– Ես, իհարկե, չեմ կարող պատասխանել Ադրբեջանի հրամանատարության փոխարեն, թե ինչ առաջադրանքներ են իրենց առջև դրված կամ ինչ խնդիրներ են նրանք ուզում լուծել, բայց ընդհանրապես, ըստ գաղափարի՝ ՀՕՊ-ը ճնշելը, անշուշտ, նախապատրաստություն է ավիացիոն հարվածի համար: Ըստ էության, սա հարձակման նախապատրաստվելու ծայրահեղ տարբերակն է, առավել ևս, որ Ղարաբաղը չունի իր սեփական ռազմաօդային ուժերը: Սա հեշտացնում է Ադրբեջանի գործերը: Այսինքն՝ հարկավոր է ոչնչացնել ՀՕՊ-ը, և այդ ժամանակ նրանց օդուժը կարող է ազատ գործել՝ ապահովելով ցամաքային զորքերի գործողությունները:

– Իսկ ինչո՞ւ են ՀՕՊ միջոցները տեղակայվել առաջնագծում՝ օդուժի հարվածը կանխելու նպատակո՞վ:

– Կրկին պիտի նշեմ, որ Ղարաբաղի հրամանատարության փոխարեն ևս չեմ կարող պատասխանել: Իմ կարծիքով՝ զենիթահրթիռային համալիրները անմիջապես ճակատային գծում տեղակայելը ճիշտ չէ, որովհետև զենիթահրթիռային համալիրները շատ խոցելի են հենց այդպիսի հարվածների համար:

– Այս միջադեպից հետո որքանո՞վ է մեծացել հակամարտության նոր սրացումների հավանականությունը:

– Ես բազմիցս ասել, գրել եմ և հերթական անգամ կկրկնեմ, որ մի օր անպայման տեղի կունենա ևս մի պատերազմ Ղարաբաղի համար, բայց դա կարող է լինել հինգ տարի անց և կարող է լինել երկու օրից:

– Իսկ ինչի՞ց է դա կախված՝ քաղաքակա՞ն, թե՞ այլ գործոններից:

–  Դա կախված է հսկայական թվով գործոններից, և հենց այդ պատճառով ես պատրաստ չեմ կանխատեսումներ անել, թե երբ տեղի կունենա պատերազմը:

– Հրադադարի վերջին խախտումները կբարձրացնե՞ն լարվածության աստիճանը շփման գծում:

- Դա կախված է նրանից, ինչ արդեն ասացի՝ սա մեկանգամյա գործողությո՞ւն է, թե՞ պատերազմի նախապատրաստություն: Հնարավոր չի որևէ բան հստակ ասել: Դա ցույց կտա մոտ ապագան:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0