Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ԱՄՆ կարևոր մեսիջը Երևանում. ինչ են հասկացնում Հայաստանին

ԱՄՆ կարևոր մեսիջը Երևանում. ինչ են հասկացնում Հայաստանին

By
ԱՄՆ կարևոր մեսիջը Երևանում. ինչ են հասկացնում Հայաստանին

Երևանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած Վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին վերաբերող համաժողովում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն արել է, կարելի է ասել, սենսացիոն մի հայտարարություն: Նա ասել է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, և իրենք Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երևան են հրավիրել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների: Դեսպանը հայտարարել է, որ ակնկալիքը Հայաստանի իշխանությունից այն է, որ ստեղծվեն ներդրումային հավասար պայմաններ:

8 միլիարդ դոլարը պարզապես թիվ չէ, ներդրումային ծավալ չէ: Խոսքը չի վերաբերում դրա իրատեսական կամ հռչակագրային լինելուն: Խոսքը վերաբերում է ներդրումային մի հեռանկարի, որը, այսպես ասած, տեխնոլոգիական ներդրում է, Հայաստանի տնտեսության կառուցվածք և պատկեր փոխելու հեռանկար և ներուժ պարունակող ներդրում: Ընդ որում, Ռիչարդ Միլզի հայտարարության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Նա հայտարարել է, որ Հայաստանի ներուժն ու հեռանկարներն այդ առումով ունեն տարածաշրջանային նշանակություն: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: Իսկ սա արդեն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն: Ավելին, այստեղ լոկ քաղաքական նշանակության մասին խոսելն է ավելորդ: Այստեղ խոսքը աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական նշանակության մասին է:

Եվ այս առումով հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր նրբերանգի: ԱՄՆ դեսպանը Երևանում հայտարարում է 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի, ներուժի մասին, հայտարարում է ամերիկյան խոշոր ընկերությունների ակնկալվածից ավելի մեծ հետաքրքրության մասին՝ Հայաստանում արդիական, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և իշխանությունից ակնկալիքն ընդամենը հավասար մրցակցային պայմանների ապահովումն է:

Ինչն է այստեղ ուշագրավը: Այն, որ ԱՄՆ դեսպանը այդ ահռելի ծավալի ներդրումների «պայմանների» շարքում չի մատնանշում Արցախյան խնդիրը, հակամարտության առկայությունը: Մինչդեռ տարածված է այն տեսակետը, թե Հայաստանում օտարերկրյա ներդրումների խոչընդոտ է այդ հակամարտությունը, և մինչև այն չկարգավորվի, անմիտ է ակնկալել խոշոր ներդրումներ և զարգացում ու արդիականացում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է 8 միլիարդ ներդրումների հնարավորության, Հայաստանի արդիական էներգետիկայի ներուժի, դրանով ամերիկյան խոշոր ընկերությունների հետաքրքրվածության մասին և չի անդրադառնում արցախյան «խոչընդոտին»:

Սա իրապես ուշագրավ տողատակ պարունակող հանգամանք է, որը ոչ միայն վկայում է չափազանցվածությունն ու անհամարժեքությունն այն պնդման, թե Արցախի «խնդիրը» Հայաստանի զարգացման և արդիականացման խոչընդոտ է, այլև պարունակում է իր մեջ թերևս մեկ այլ ուշագրավ շերտ: ԱՄՆ-ը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումների հեռանկարի, էներգետիկ արդիականացման խոշոր հեռանկարի և դրա տարածաշրջանային ընդգրկման մասին՝ միաժամանակ չանդրադառնալով առկա հակամարտությանը: Դրա տողատակում նշմարվում է բավականին ուշագրավ հաղորդագրություն առ այն, որ ԱՄՆ-ը գործնականում առաջիկա տարիների հեռանկարում իր ռազմավարության մեջ տարածաշրջանը դիտարկում է կայունության ռեժիմում:

Այստեղ է նաև առերևույթ զուտ տնտեսական բնույթի հայտարարության աշխարհաքաղաքական և նաև ռազմաքաղաքական տողատակը՝ լիովին համահունչ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային առաջնահերթություններին և խնդիրներին:

 

Ամբողջ հարցը մնում է այն, թե որքանով է այդ ամենին համահունչ Հայաստանի իշխանությունը: Թեև, համենայնդեպս, առնվազն մինչ այժմ առկա իրողությունն այդ հարցը դժբախտաբար դարձնում է զուտ հռետորական, որովհետև իշխանության համարժեքության մասին խոսում է այդ իշխանության գործունեության հետևանքով ստեղծված հայաստանյան, մեղմ ասած, մտահոգիչ իրականությունը:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0