Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մինսկի խմբում ՌԴ-ն ունի ավելի մեծ ազդեցություն, սակայն միայնակ չի աշխատում. Մանվել Սարգսյան

Մինսկի խմբում ՌԴ-ն ունի ավելի մեծ ազդեցություն, սակայն միայնակ չի աշխատում. Մանվել Սարգսյան

By
Մինսկի խմբում ՌԴ-ն ունի ավելի մեծ ազդեցություն, սակայն միայնակ չի աշխատում. Մանվել Սարգսյան

Tert.am-ը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի  փորձագետ Մանվել Սարգսյանի հետ զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի հայտարարության և ընդհանրապես ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մասին: Քաղաքագետը նկատեց, որ ՌԴ-ի ազդեցությունը միշտ էլ ավելի մեծ է եղել, սակայն դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն գործել: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՌԴ-ն ԼՂՀ հիմնահարցի կարգավորման մասով տարաձայնություն չունեն:

- Պարո՛ն Սարգսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնը ճանաչում է ՌԴ կարգավորիչ գործառույթները ԼՂՀ հիմնախնդրի հարցում: Սա ազդա՞կ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում ՌԴ-ին մենաշնորհային դիրք են տալիս:

- Կարծում եմ՝ սա շատ ընդհանուր հայտարարություն է, քանի որ ՌԴ-ն երբևէ որևէ քայլի չի գնա և մինչև հիմա չի գնացել: Հոգլանդը նաև ասաց, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն այլ հարցերում տարաձայնություններ ունեն, բայց ԼՂՀ հարցում որևէ տարաձայնություն չունեն և միասնական են աշխատում: Ես գլոբալ տարաձայնություն չեմ տեսել, երբ ՌԴ-ն առանձնահատուկ դեր էր կատարում. օրինակ՝ Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանը դժգոհ էր, և ՌԴ-ն միանգամից Սանկտ Պետերբուրգում հավաքեց և քննարկեց: Փորձ արվեց ՌԴ-ի միջոցով այս կամ այն որոշումը փոխել և այլն, նման բաներ կա, սակայն սա չի նշանակում, որ ՌԴ-ն միայնակ է աշխատում: Միշտ էլ Մինսկի խմբում ՌԴ-ն տարիներ շարունակ ունեցել է և ունի ավելի մեծ ազդեցություն, քանի որ ՌԴ-ն անմիջական հզոր ազդեցություն ունի այս երկրների վրա՝ ի տարբերություն համանախագահող մյուս 2 պետությունների: Բնական է, որ ՌԴ-ի այս դերը բոլորը ճանաչում են, բայց սրանից ավելի բան չկա: Ասվում է, որ ՌԴ էլ ասում է, որ խաղաղ կարգավորում է անհրաժեշտ, եթե ցանկություն ունենա, ապա այդպես էլ կլինի:

- Ի՞նչ է նշանակում՝ եթե ցանկություն ունենա, ՌԴ-ն այժմ խաղաղ կարգավորման կողմնակի՞ց չէ:

- Մենք կարող ենք միայն ենթադրել, որ ՌԴ-ն սա է ուզում կամ նա է ուզում: Տեսակետներ շատ կան, ոմանք պնդում են, թե ՌԴ-ն է ապակայունացման մեղավորը, մյուսները հակառակն են ասում, թե նա է պահում ԼՂՀ-ն, մյուսն էլ ասում է, որ ՌԴ խաղում է հակամարտող կողմերի հետ և այլն: Սրանք միայն մեր տեսակետներն են, սակայն ի՞նչ է մտածում ՌԴ-ն, միայն ինքը գիտի:

-Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը որոշել է ներքաղաքական խնդիրներով զբաղվել և արտաքին քաղաքականության ուղղությունը փոխել, հնարավո՞ր է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացն ամբողջովին տրվի ՌԴ-ին:

- Շատ է խոսվում ԱՄՆ-ն արտաքին քաղաքականության փոփոխության մասին, բայց հիմա ավելի ակտիվ խոսում են, որ վեկտորները դեռևս ճշտված չեն, չգիտեն, և այլն: Այն, որ շատ ակտիվ ամբողջ աշխարհում աշխատելու են, մենք արդեն տեսանք՝ կապված Սիրիայի հետ, Հյուսիսային Կորեայի հարցերով ամերիկացիների ակտիվությունը, և այլն: Միևնույն ժամանակ մենք հստակությունը չունենք, չգիտենք՝ փոփոխություն լինելո՞ւ է ԱՄՆ արտաքին քաղաքականության կամ մոտեցումների մեջ, թե ոչ: Իսկ ՌԴ-ի մասով ասեմ, որ պարզապես նրա ազդեցությունը ԼՂՀ հարցում ավելի մեծ է:

-Վերջին շրջանում կրկին փորձ է արվում հակամարտող կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ, ինչպես նաև տարբեր տրամաչափի դեմքերի մակարդակով ԼՂՀ հիմնախնդրի մասին հայտարարություններ են լինում: Հնարավո՞ր է, որ նոր փաստաթուղթ ձևավորվի և կողմերին պարտադրեն արագ լուծել խնդիրը:

- Չեմ կարողանում պատկերացնել, թե կողմերին ինչպես են ստիպելու, հիմա գնան ու Ադրբեջանին ստիպեն...: Ոչ ոք չի կարողանում Ադրբեջանին ստիպել, որ շփման գծում, հետաքննական սարքավորումները լինեն. չի դնում և վերջ: Ադրբեջանը մի երկիր է, որը հավակնություններ ունի Ղարաբաղի նկատմամբ, հիմա նրանից ի՞նչ պիտի պահանջեն:

- Բացառո՞ւմ եք, որ կարող է հայկական կողմի վրա ճնշումներ լինեն, որ տարածքների զիջում լինի, իսկ Ադրբեջանն էլ ինչ-որ օր, գուցե, որոշի ճանաչել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը:

- Ադրբեջանը շատ պարզ ու հստակ ասում է, որ մեր տարածքն է, հետ տվեք մեզ, եթե ոչ, ապա մենք զենքով ենք վերցնելու: Այդ մարդիկ երբեք չեն ասել, թե ցանկանում են, որ այնտեղ Արցախ լինի, ինքնուրույն լինի, զարգանա և այլն: Պարզ, հստակ ասում են մարդիկ, իսկ մենք շարունակում ենք հուսալ, թե այս մեկը նրան կստիպի, մյուսը՝ նրան: Ո՞նց ստիպեն, չէ՞ որ դա նույն է, որ հայերին ասեն՝ այլևս չխոսել Արևմտյան Հայաստանի մասին: Երբ մարդիկ ցանկանում են կորցրածը հետ բերել, այդ մարդկանց երբեք չեն կարող ստիպել չուզենալ վերցնել:

- Եթե հետևում ենք ԼՂՀ բանակցությունների ընթացքին, նկատում ենք, որ դեռևս 90-ականներին խոսում էին հայկական կողմից 2 շրջանի հանձնման մասին, հետո խոսվեց 5-ի, հետո՝ 5+2 ձևաչափի մասին: Ստացվում է, որ տարիների ընթացքում հայկական կողմն է ավելի զիջողի դիքերից հանդես գալիս, հնարավո՞ր է, որ տարիներ հետո հայկական կողմն ավելի վատ դիրքում հայտնվի։

- Ձեր ասած փոփոխությունը եղել է, բայց դրանք զուտ առաջարկներ են եղել: Սակայն այդ առաջարկներում միշտ մի բան է խոսվել է, որ ԼՂՀ տարածքին ու Լաչինին մի աչքով էին նայում՝ ստատուս էր միջազգային, իսկ ԼՂՀ մնացած տարածքներին այլ աչքով էին նայում: Միշտ նույն բանն էին ասել, երբեք փոփոխություն չի եղել, մի փոփոխություն է եղել՝ 2008-ին: Այդ փոփոխությունն այն էր, որ ժամանակին ԼՂՀ ստատուսը որոշվում էր բացառապես Մինսկի խմբի շրջանակում, այսինքն՝ ուրիշներին էին որոշում՝ 11 պետություն, իսկ դրանից հետո Ղարաբաղի ստատուսը որոշում է հենց ԼՂՀ ժողովուրդը: Սա շատ էական տարբերություն է, որը Հայաստանում փորձում են թաքցնել: Սա 25 տարվա մեջ միակ փոփոխությունն է, այսինքն՝ ստատուսի հարցում այլ առաջարկ է արվել: Այլ որևէ բան չի փոխվել, ավելին՝ մինչ օրս էլ նույն է:

- Հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների և այլն: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կրկին փորձի ավելի խոշոր չափի ռազմական գործողություններ անել՝ հաշվի առնելով նաև այն, որ ներկայիս ստատուս-քվոյի հետ համաձայն չէ:

- Իրենք տեսան, թե որքան դժվար է կռվելը: Սրանք լուրջ հարցեր են՝ կախված միջազգային գործոններից։ Չէ՞ որ ապրիլի ժամանակ էլ միջազգային ինչ-որ պրոցեսներ կային, որի մեջ Ալիևը որոշեց հարված հասցնել: Դա մի օրվա որոշելու հարց չէ, քանի որ որոշում ընդունելու մեխանիզմը բավական լայն շրջանակի մեջ է, չէ՞ որ Ադրբեջանը Թուրքիայի հետ պայմանագրեր ունի, Հայաստանը՝ ՌԴ-ի, կա նաև Արմուտքի ազդեցություն և այլն:

Անի Օհանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0