Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Գյուղը եթե դպրոց չունի, ծնողը չի կարող էնտեղ մնալ». Դպրոցների օպտիմալացման վտանգը

«Գյուղը եթե դպրոց չունի, ծնողը չի կարող էնտեղ մնալ». Դպրոցների օպտիմալացման վտանգը

By
«Գյուղը եթե դպրոց չունի, ծնողը չի կարող էնտեղ մնալ». Դպրոցների օպտիմալացման վտանգը

Վերջին ամիսներին Կրթության և գիտության նախարարությունը դպրոցներում իրականացրել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն և կառավարության աշխատակազմին ներկայացվել օպտիմալացման ծրագիր: Արդեն իսկ հստակեցվել է 20 դպրոցի օպտիմալացման ծրագիր:

Օպտիմալացման անհրաժեշտությունը կառավարության կողմից հիմնավորվում է դպրոցների թերբեռնմամբ և ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ:

Հայաստանում կա 1385 դպրոց, որտեղ դասավանդող ուսուցիչների թիվը 36 հազար 807 է, իսկ աշակերտներինը՝ 357 հազար 52: Այնինչ, 25 տարի առաջ Հայաստանի դպրոցների աշակերտների թիվը կազմել է 610 հազար: Կառավարությունը գտնում է, որ այս համատեքստում դպրոցներում կա համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու և չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր:

Մասնագիտական շրջանակներում կառավարության այս նախաձեռնությունը դժգոհությունների ու մտահոգությունների տեղիք է տվել: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունը ոչ թե պետք է դպրոցները օպտիմալացնի, այլ աշակերտների թվի նվազման պատճառները վերացնի: Ըստ նրա՝ սարսափելի չափերի հասնող արտագաղթի հետևանքով մեր դպրոցները դատարկվում են:

«Հատկապես առավել անպաշտպան է գյուղերի հասարակությունը: Մարդիկ կամ լավագույն դեպքում տեղափոխվում են Երևան, կամ էլ վատագույն դեպքում լքում են երկիրը: Մայրաքաղաք Երևանում վերջին տարիներին աշակերտների թվի պակաս չի նկատվել, իսկ մարզերում բնակավայրերը դատարկվում են», ասաց Բախշյանը:

Նրա խոսքով՝ դպրոցների օպտիմալացման հետևանքը կարող է շատ ավելի վատ լինել, քան 2003-2004 թվականներին, երբ մոտ 60 դպրոց օպտիմալացվեց: Դրա հետևանքով, ըստ Բախշյանի, այդ գյուղերն այսօր շատ ավելի վատ վիճակում են հայտնվել: Ըստ նրա՝ այստեղ լուծումը բոլորովին այլ պետք է լիներ, մարզերում պետք է աշխատատեղեր ստեղծվեին, պետք է զարգանար փոքր ու միջին բիզնեսը, որպեսզի մարդիկ չարտագաղթերին, որպեսզի այսօր դպրոցները թերբեռնված չլինեին:

«Գյուղը եթե դպրոց չունի, ծնողը չի կարող էնտեղ մնալ: Եվ ելնելով նաև սոցիալական ահավոր վիճակից՝ ծնողը վերցնում է ընտանիքն ու տեղափոխվում Երևան կամ արտերկիր: Եվ ստացվում է, որ օպտիմալացնում են իբր արդյունավետ կառավարում իրականացնելու, ծախսերը կրճատելու համար, բայց իրականում դրանով գյուղերն ուղղակի զրկում են դպրոցներից», նշեց նա:

Բաշխյանի խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնեսի տեսանկյունից է  նայում այս խնդիրներին: «Իսկ բիզնեսմենը երբեք գումար չի դնում այնտեղ, որտեղ անարդյունավետ է ծախսը: Հիմա, այո, եթե դպրոցում ընդամենը մի քանի աշակերտ են, դրա համար կազմ ու շենք պահելն արդյունավետ չէ: Ինքն այդ ուղղությամբ է միայն մտածում՝ արդյունավետ չէ այս ծախսը, եկեք փակենք այս դպրոցը: Բայց որպես պետության վարչապետ, ով պետք է նաև հոգա այդ մարդուն գյուղում պահելու խնդիրը, լուծի այդ հարցը, այսօր դրանով չեն զբաղվում: Այսօր հեշտ է դպրոցը փակել, կրճատել, մարդկանց տնից ու տեղից զրկել, և դրա հետևանքով շատ տխուր իրավիճակ ունենք»,- հավելեց Բախշյանը:

Նրա խոսքով՝ թեկուզ քիչ աշակերտով, բայց դպրոցը պետք է գործի, պետք է մտածել, թե ինչպես ավելացնել աշակերտների թիվը: Իսկ այս ճանապարհով, ըստ նրա, գյուղացու ձեռքերն ազատում են, և մարդը նորից կշարունակի արտագաղթել:

Ռոզա Հովհաննիսյան, Լրագրող

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0