Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ադրբեջանի ցանկությունները հաշվի առնելով՝ պետք է զարգացնել Հայաստանի հարաբերությունները Կատարի հետ. արաբագետ

Ադրբեջանի ցանկությունները հաշվի առնելով՝ պետք է զարգացնել Հայաստանի հարաբերությունները Կատարի հետ. արաբագետ

By
Ադրբեջանի ցանկությունները հաշվի առնելով՝ պետք է զարգացնել Հայաստանի հարաբերությունները Կատարի հետ. արաբագետ

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը Կատար կարևոր է Հայաստանի համար՝  արաբական երկրների հետ իր հարաբերությունները և՛ տնտեսական, և՛ քաղաքական մակարդակով զարգացնելու առումով. Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ նախագահի Կատարի Պետություն պաշտոնական այցին՝ այսպես ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մատնանշելով, որ այդ երկիրը կարևոր ազդեցություն ունի արաբական աշխարհում:

«Շատ կարևոր է հատկապես հարաբերությունները զարգացնել Պարսից ծոցի ավազանի արաբական երկրների հետ, քանի որ դրանք տնտեսապես և կարևոր դերակատարություն ունեն արաբական աշխարհում: Քաղաքականից բացի, այս երկրները բավականին լուրջ տնտեսական ներուժ ունեն: Այս երկրում առկա է բավականին մեծ ազատ կապիտալ, և լավ ծրագրեր ներկայացնելու դեպքում կարելի է դրանք ներգրավել մեր երկիր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն:

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում ՍերԺ Սարգսյանը հանդիպել է  «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Արմեն Պետրոսյանը հիշատակեց, որ Պարսից ծոցի ավազանի երկրներից մեկի հետ համագործակցության լավ օրինակ մենք արդեն ունենք: Մատնանշեց, որ մի քանի ամիս առաջ  նախագահն այցելել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, և այստեղ էլ բավականին բարձր մակարդակով նրան ընդունել էին:

«Ես կարծում եմ, որ ճիշտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ տարբեր ոլորտներում մենք կարող ենք համագործակցել արաբական երկրների հետ»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ հատկապես կարելի է կապեր հաստատել զբոսաշրջության, գյուղատնտեսության, տարբեր արտադրությունների ոլորտներում:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը արաբական երկրների հետ համագործակցելով կարող է մաս դառնալ այնպիսի ինտեգրացիոն գործընթացների, որոնց միջոցով աշխարհի տարբեր երկրներ միմյանց են կապվում՝ առևտրային և այլ հնարավորություններ ստեղծելով.

«Հայաստանը կարող է մաս կազմել այնպիսի գործընթացներին, որոնք Կասպից ծովը միացնում են Պարսից ծոցին: Հայաստանը այստեղ կարող է տարանցիկ ճանապարհ դառնալ տնտեսական այդ բլոկները կապելու համար»,- ասաց նա:

Հայաստանը, ըստ արաբագետի, Կատարի համար կարող է գրավիչ լինել՝պայմանավորված այն հանգամանքով, որ մաս է կազմում Եվրասիական տնտեսական միության: «Հայաստանը նրանց միացնում է այդ տնտեսական բլոկի հետ»,- ասաց նա:

Արմեն Պետրոսյանի նկատառմամբ՝ Հայաստանը վերջին շրջանում բազմաթիվ ծրագրեր է մշակում երկիր ներդրումներ բերելու համար. այդ հանգամանքն էլ, ըստ նրա, կգրավի արաբական երկրի ուշադրությունը:

«Կարևոր է նաև Կատարի հայ համայնքի հետ նախագահի հանդիպումը և համայնքի հետ հարաբերությունների ամրապնդման նպատակները: Արաբահայ համայնքը բավականին հետաքրքիր դերակատարություն ունի: Նրանք ստեղծվել են արաբական երկրներում տեղաշարժերի արդյունքում: Չնայած փոքրաթիվ, սակայն բավական հարուստ և ազդեցիկ համայնք է: Համայնքի հետ հարաբերությունների զարգացումը նոր շրջանակներ կբացի տարբեր ոլորտներ զարգացնելու համար»,- ասաց նա:

Հիշեցմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս կոչ էր արել մուսուլմանական երկրներին չհամագործակցել Հայաստանի հետ, նա պատասխանեց,որ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է կարծում, որ պետք է զարգացնել քաղաքական հարաբերությունները Կատարի և ԱՄԷ-ի հետ:

«Քանի որ նրանք շատ ազդեցիկ երկրներ են, լուրջ ազդեցություն ունեն արաբամուսուլմանական աշխարհում: Այս երկրների հետ մեր հաջողված համագործակցությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ցանկությունները՝ խափանելու Հայաստանի հետ այլ մուսուլմանական երկրների  հարաբերությունների զարգացումը, չեն իրականանում»,- ասաց նա՝ նշելով, որ իր ասածի ապացույց է այն, որ մեր երկրից գնացող պատվիրակությունը բավական բարձր մակարդակով ընդունվում է արաբական երկրներում:

Վերադառնալով Ադրբեջանական իշխանությունների՝ մուսուլմանական աշխարհին ուղղված կոչերին՝ արաբագետը նշեց, որ դրանք մշտական բնույթ են կրում: «Այդ քաղաքականությունը դատապարտված է տապալման, քանի որ մուսուլմանական երկրները գիտեն, թե Ադրբեջանում իսլամն ինչ տեղ ու դեր ունի: Այդ պատճառով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իսլամական աշխարհում լուրջ չեն ընդունվում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանի ցանկություններն էլ հաշվի առնելով՝ մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները տարբեր ուղղություններով, հատկապես մուսուլմանական երկրների հետ:

«Կարծում եմ՝ մենք պետք է փորձենք առավել ակտիվացնել մեր հարաբերությունները այնպիսի երկրների հետ, որոնց հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունենք: Հատկապես քաղաքական առումով: Քաղաքական առումով մեր հարաբերությունները արաբական երկրների հետ շատ ցածր մակարդակի վրա են: Կարծում եմ, որ Կատար այցելությունն էլ բավականին ուշացած է»,- ասաց նա:

Ստեղծված հարաբերությունները պահպանելու և զարգացնելու համար, արաբագետի խոսքով, պետք է կապ պահենք տարբեր երկրներում մեր համայնքների հետ և օգտագործենք նրանց ներուժը:

«Եթե մեր դիվանագիտությունն ակտիվ աշխատի, մենք հաջողությունների կհասնենք: Ցանկացած երկրի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջին քայլը  հետևողականությունն է, առնվազն այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արագ և հետևողականորեն առարկայացումը: Եթե դրանք կյանքի կոչվեն, նոր հորիզոններ կբացվեն»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0