Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Վաշինգտոնը ճանաչեց Մոսկվայի «կարգավորիչ գործառույթները» ԼՂ հարցում

Վաշինգտոնը ճանաչեց Մոսկվայի «կարգավորիչ գործառույթները» ԼՂ հարցում

By
Վաշինգտոնը ճանաչեց Մոսկվայի «կարգավորիչ գործառույթները» ԼՂ հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի Atlantic Council կենտրոնում կայացած «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականություն» համաժողովի ընթացքում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ հայտարարելով, թե Մինսկի խումբը չի հանձնվում, այլ փնտրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ:

«Խաղաղասեր» Մոսկվան

Դեսպան Հոգլանդի խոսքերով՝ ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը հենց դա է՝ օգնել հակամարտող կողմերին հիմնախնդրի խաղաղ լուծման հարցում: Համանախագահը տեղեկացրել է, թե այսօր բանակցությունների սեղանին դրված են ճգնաժամային վիճակից դուրս գալու առաջարկներ և փաստաթղթեր, և ոչ ոք չպետք է հրաժարվի դրանցից: Հարկավոր է պարզապես քաղաքական կամք դրսևորել խաղաղության հասնելու համար:

«Մենք չենք հանձնվում, կողմերը չեն հանձնվում, ոչ ոք չի հանձնվում: Բոլորը փնտրում են կայուն խաղաղության ուղի»,- հայտարարել է Հոգլանդը:

Մինչ այդ ամերիկացի համանախագահը հարցազրույց էր տվել «Ամերիկայի ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների լրագրողներին՝ հայտնելով մի շարք ուշագրավ մտքեր Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համագործակցության մասին: Հոգլանդը նշել էր, թե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում են ղարաբաղյան հարցում՝ չնայած երկու երկրների հարաբերություններում առկա հակասություններին:

«Սա մի ոլորտ է, որտեղ կարող ենք ասել՝ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները չունեն որևէ բացասական ազդեցություն»:

Դեսպանի խոսքերով՝ Մոսկվան, ինչպես Վաշինգտոնը և Փարիզը ցանկանում է խաղաղության հաստատում:

«Ինձ համար ակնհայտ է, որ Մոսկվան չի ցանկանում պատերազմ Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Դա կապակայունացնի ողջ տարածաշրջանը և կվնասի Ռուսաստանի շահերին»:

Այսօր միջնորդների խնդիրը, ըստ Հոգլանդի, հակամարտող կողմերի միջև լիարժեք բանակցությունները վերականգնելն է. «Մեր խնդիրն է ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա բանակցային սեղանի շուրջ բերել երկու կողմերին»:

Վերջին ելույթի ընթացքում դեսպան Ռիչարդ Հոգլանդը ավելացրել է, թե գլխավոր խնդիրներից մեկը նաև այն է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդ սերունդները չեն շփվում իրար հետ և վստահություն չունեն միմյանց հանդեպ, թեև ավագ սերունդը հիշում է, թե ինչպես են երկու ժողովուրդները ապրել կողք կողքի:

Չսադրել Պուտինին

Քաղաքագետ Արամ Թերզյանի գնահատմամբ՝ Ռիչարդ Հոգլանդի նշված հայտարարությունները որևէ նորություն չեն պարունակում և ուղերձ չեն հղում այն մասին, որ Միացյալ Նահանգները կարող է ակտիվանալ ղարաբաղյան գործընթացում և ջանքեր գործադրել ներկայիս իրավիճակում բեկում մտցնելու ուղղությամբ: Բայց դիվանագետի խոսքում կա մի կարևոր շեշտադրում այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդիրը այն հարցը չէ ամերիկացիների տեսանկյունից, որի շուրջ Վաշինգտոնը կգնա բացահայտ առճակատման Մոսկվայի հետ:

«Ըստ երևույթին, կարող ենք հետևյալ եզրակացությունն անել, որ ներկայումս Մերձավոր Արևելքում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որտեղ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը բախվում են բավական կոնֆլիկտային կերպով, և Միացյալ Նահանգները չի ցանկանում ղարաբաղյան հարցում լրացուցիչ ակտիվություն ցուցաբերելով՝ էլ ավելի սադրել Վլադիմիր Պուտինին և հրահրել ավելի կոշտ քաղաքականության մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի և ընդհանրապես մերձավորարևելյան հարցերում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը:

Թերզյանը ամերիկացի համանախագահի հայտարարությունը ինչ-որ առումով գնահատում է նաև որպես կոմֆորմիստական՝ ասելով, որ ամերիկյան կողմը ակտիվություն չի ցուցաբերում այն դեպքում, երբ Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հարցում՝ նախաձեռնելով տարբեր ձևաչափերով հանդիպումներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Ըստ էության, Միացյալ Նահանգները այս հայտարարությամբ անուղղակի աջակցություն է հայտնում կարգավորման ներկայիս ձևաչափին: Գոյություն ունի երկու հիմնական ձևաչափ: Մեկն ավելի լայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է, իսկ մյուսը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափն է, երբ Ռուսաստանը ստանձնում է առաջին ջութակի դերը: Փաստացի ցույց է տրվում, որ Միացյալ Նահանգները ղարաբաղյան հարցում ընդունում է Ռուսաստանի կարգավորիչ գործառույթները՝ առաջնորդվելով այն կանխադրույթով, որ Ռուսաստանը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացմամբ, նոր պատերազմական գործողությունների սանձազերծմամբ և ջանքեր կգործադրի թեկուզ անկայուն խաղաղության պահպանման ուղղությամբ: Փաստորեն, սա մի կողմից կոմֆորմիստական հայտարարություն է, մյուս կողմից՝ մինիմալիստական: Ոչ միայն չի խոսվում խաղաղության ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրելու մասին, այլև ընդամենը նշվում է, թե Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմական գործողություններով: Պատերազմական գործողությունների բացակայությունը հավասարազոր չէ խաղաղության առկայությանը»:

Լիարժեք ձևաչափ՝ Արցախի մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Հոգլանդի հայտարարությունները ցույց են տալիս երկու բան՝ Մինսկի խմբի համանախագահները համակարծիք են այն հարցում, որ հակամարտությունը պիտի կարգավորվի խաղաղ ճանապարհով, երկրորդը՝ համանախագահները նախանշել են կարգավորման ուղղությունը, որը ամրագրվել է դեռևս 2016 թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Ասել է, թե աշխատանքները պիտի կատարվեն շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմն իր ապակառուցողական քայլերով տորպեդահարում է խաղաղության գործընթացը՝ փորձելով խարխլել բանակցային ձևաչափը:

Հիշեցնելով ԵԱՀԿ Երևանի գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Դավիթ Բաբայանը կոչ է անում համանախագահներին ավելի կոշտ արձագանքել Ադրբեջանի «ահաբեկչական քաղաքականությանը»:

 «Չնայած համանախագահների չդադարող ջանքերին՝ Ադրբեջանը շարունակում է փաստորեն ահաբեկչական քաղաքականություն վարել, և վերջերս ԵԱՀԿ գրասենյակի փակումը Երևանում պետք է լուրջ ահազանգ լինի՝ այդ թվում նաև համանախագահ երկրների համար, որովհետև ի վերջո հակամարտության կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ-ի շրջանակներում, Մինսկի խումբը ստեղծվել է ԵԱՀԿ-ի կողմից: Եվ կարող է այնպես պատահել, որ այդ գրասենյակը փակվի Ադրբեջանի ահաբեկչության, հիստերիայի և ոչ կառուցողական մոտեցման պատճառով: Սա արդեն իսկ ահազանգ է, և համանախագահները պետք է աշխատեն նաև այս ուղղությամբ: Ադրբեջանը փորձում է հարվածներ հասցնել բանակցային գործընթացի ձևաչափին: Նա դեռևս չի համարձակվում բացեիբաց քայլեր ձեռնարկել, բայց փորձում է քողարկված ձևով խարխլել բանակցային գործընթացը, դրա համար ամեն ինչ անում է, որպեսզի ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունը տարածաշրջանում սահմանափակվի կամ ընդհանրապես չեզոքացվի: Կարծում եմ, որ համանախագահները և միջազգային հանրությունը առհասարակ պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ»:

Արցախյան կողմը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ անհրաժեշտ է ստեղծել վստահության մթնոլորտ և նոր ջանքեր գործադրել հակամարտության կարգավորման շուրջ լիարժեք բանակցությունները վերականգնելու համար:

«Այնպես պիտի արվի, որ նաև վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը Արցախի մասնակցությամբ: Կտեսնենք: Այս հայտարարությունը չի նշանակում, որ վաղը լիարժեք ձևաչափը կվերականգնվի: Այնուամենայնիվ հարկավոր է աշխատել այս ուղղությամբ»,- ավելացրեց Դավիթ Բաբայանը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0