Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Կորած ենք, եթե մեր հույսը պետք է դնենք ռուս խաղաղապահների ու Բաքվի խաղաղասիրության վրա. Արման Մելիքյան

Կորած ենք, եթե մեր հույսը պետք է դնենք ռուս խաղաղապահների ու Բաքվի խաղաղասիրության վրա. Արման Մելիքյան

By
Կորած ենք, եթե մեր հույսը պետք է դնենք ռուս խաղաղապահների ու Բաքվի խաղաղասիրության վրա. Արման Մելիքյան

«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի իրագործումը կլինի առհասարակ Հայաստանի վերջը՝ կորած ենք, եթե հույսներս պետք է դնենք ռուս խաղաղապահների և Բաքվի խաղաղասիրության վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տրամաբանությամբ լուծումը հնարավոր է: Մելիքյանի խոսքով՝ «տարածքներ խաղաղության դիմաց» կամ «տարածքներ իրավիճակի բարելավման դիմաց» բանաձևը Մամեդյարովից ամիսներ առաջ հնչեցրել են ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները:

- Պարո՛ն Մելիքյան, Մամեդյարովը, մասնավորապես, ասել է, որ ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո «ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տարածքներից հայկական զորքերը դուրս հանելու դիմաց խաղաղության հաստատումը հնարավոր է»: Այս հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, նախկինում Ադրբեջանը, կարծես թե, հրաժարվում էր այսպիսի լուծումից:

- Սա Ադրբեջանի համար երանելի միջանկյալ լուծում է՝ հայկական զինուժը դուրս կբերվի Արցախի տարածքի արևելյան գոտուց և հարավային՝ մերձարաքսյան շրջաններից, իսկ Մեղրիի, Կապանի, Գորիսի, Բերձորի, Ստեփանակերտի ու Մարտակերտի անմիջական հարևանությամբ կվերաբնակեցվեն հարյուր հազարավոր ադրբեջանցիներ: Այդ ամենը կվերահսկվի Արցախում տեղակայված ռուսական խաղաղարար զորախմբի կողմից, որի ստորաբաժանումներն էլ հենց տեղերում կորոշեն, թե հակամարտ կողմերի միջև նոր ժամանակավոր բաժանարար գիծը ինչպես է փաստացի կերպով անցնելու կամ ինչպես է ժամանակի ընթացքում փոփոխվելու հօգուտ կողմերից մեկի: Կարծում եմ, որ ավելորդ չի լինի հատուկ նշել այն փաստը, որ «տարածքներ խաղաղության դիմաց» կամ «տարածքներ իրավիճակի բարելավման դիմաց» բանաձևը պարոն Մամեդյարովից ամիսներ առաջ հնչեցրել են ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները: Պաշտոնական Բաքուն իր համար միջանկյալ լուծման այս տարբերակից երբևէ չի հրաժարվել, քանի որ այն միանգամայն համապատասխանում է Ադրբեջանի ռազմավարական շահերին ու նպատակներին: Այս տարբերակը գործի դնելու միջոցով Ադրբեջանը, առանց անգամ մեկ զոհ տալու կամ որևէ լուրջ ջանք թափելու, իր ձեռքը կգցի Արցախի ներկայիս տարածքի մոտավորապես կեսը և ռազմավարական առումով կարևոր նոր դիրքեր կստանա: Բացարձակ սուտ և մերկապարանոց են այն տափակաբանությունները, որոնց համաձայն՝ այսկերպ հնարավոր է տևական խաղաղություն հաստատել և վերացնել փոխադարձ թշնամանքը. նշված բանաձևի իրագործումից շատ չանցած Ադրբեջանը չի վարանի, իր համար որևէ հարմար մի պահի, վերը թվարկված հայկական քաղաքներին հարվածներ հասցնել և Արցախն ու Սյունիքը գրավելու փորձ կատարել: Եվ սա կլինի առհասարակ Հայաստանի վերջը՝ կորած ենք, եթե հույսներս պետք է դնենք ռուս խաղաղապահների և Բաքվի խաղաղասիրության վրա:

- Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, հակադարձել էր այս հայտարարությանը` նշելով, որ արտգործնախարարների հանդիպման բովանդակությունն արտացոլված է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների կողմից հրապարակված հաղորդագրություններում, ըստ որի` քննարկվել է վստահության մեխանիզմների ներդրման հարցը: Այս դեպքում, Մամեդյարովի հայտարարությունը ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Ժամանակը ցույց տվեց, որ մինչդեռ հայկական դիվանագիտությունն անբովանդակ հայտարարություններ է անում, ադրբեջանական կողմը սեփական ռազմավարական առաջնահերթությունները կյանքի կոչելու նպատակով ակտիվորեն գործի է դնում իր զինանոցում առկա ողջ քաղաքական, դիվանագիտական, իրավական, ռազմական, տնտեսական և մշակութային գործիքակազմն ու աստիճանաբար և հետևողականորեն կարևոր արդյունքներ գրանցում: Այս նոր բանաձևն էլ այդ արդյունքների շարքից է: Մեր քաղաքական-դիվանագիտական ոչ միայն ամոթալի, այլև մեծ ու արդեն իսկ, փաստորեն, ամենօրյա մարդկային զոհերով, հսկայական բարոյական, տարածքային ու նյութական կորուստներով հղի նահանջը կասեցնելու համար կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ:

- Մայիսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է հայկական կողմի մեկ ռազմական, պաշտպանական տեխնիկա: Ադրբեջանի այս քայլը ինչպե՞ս կմեկնաբանեք և ի՞նչ զարգացումներ կարող են հետևել սրան:

- Հայաստանն իր իսկ քաղաքական պահվածքով է հավաստել Ադրբեջանի՝ այս կարգի գործողություններ իրականացնելու իրավունքը: Պաշտոնական Բաքվի կողմից այս կարգի հարձակումները ոչ միայն չեն դադարի, այլև ժամանակի ընթացքում նոր և ավելի սուր դրսևորումներով աչքի կընկնեն: Հայաստանի ու Արցախի քաղաքական-դիվանագիտական անճարակությունն ու անգործունակությունը հանգեցնում են նրան, որ ճակատային գծում դրսևորած ագրեսիվությունն Ադրբեջանը կարողանում է իր համար բանակցային սեղանի շուրջ վերածել իրավաքաղաքական առավելությունների: Առնվազն 2007 թվականից ի վեր մեր ունեցած զոհերի և դիվանագիտական նահանջի համար մեղքի ահռելի բաժինն ընկած է այն մարդկանց վրա, ովքեր այս տարիների ընթացքում պատասխանատու են եղել հայկական կողմերի քաղաքական մոտեցումների և բանակցային դրույթների մշակման համար: Այդուհանդերձ, այս պահին առավել կարևորը հենց բանակցային գործընթացում բեկում մտցնելն է, քանի որ այլապես ռազմի դաշտում տրված մեր հակահարվածներն անգամ աշխատելու են հօգուտ թշնամու և էլ ավելի են ամրապնդելու նրա բանակցային դիրքերը:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0