Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հայաստանը Մակրոնի օրակարգում

Հայաստանը Մակրոնի օրակարգում

By
Հայաստանը Մակրոնի օրակարգում

Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնը ստանձնել է նախագահական լիզորությունը, նշանակել երկրի նոր վարչապետի, ուղեւորվել Բեռլին՝ Եվրամիության առաջատար Գերմանիայի մայրաքաղաք, որտեղ առաջին հանդիպումը կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սպասվում է, որ այդ հանդիպմանը Փարիզն ու Բեռլինը պետք է խոսեն Եվրամիության խնդիրների, ինտեգրացիայի զարգացման մասին:

Լինելով նախագահի թեկնածու, ընտրության երկրորդ փուլում Մարին Լե Պենի հետ մրցակցությունում Մակրոնը հայտարարեց, որ Եվրամիությունը պետք է բարեփոխվի, այլապես Ֆրանսիայում էլ անխուսափելի կդառնա դրանից դուրս գալու հանրաքվեն, այսպես ասած Ֆրեքզիթը:

Ե՞րբ է Ֆրանսիայի նոր նախագահը իր «հայացքն» ուղղելու նաեւ Հայաստանին: Այդ հարցը կարող է հնչել շատ միամիտ, հաշվի առնելով Ֆրանսիայի կշիռն ու հարցերի մասշտաբները եւ Հայաստանի համեմատությունը դրանց հետ:

Մյուս կողմից, Ֆրանսիայի համար ռազմավարական տարբեր այդ ուղղությունները այս կամ այն կերպ զգալիորեն առնչվում են Հայաստանին, եւ Հայաստանն էլ զգալիորեն առնչվում է հարցերի, որոնք կարեւորագույն նշանակություն ունեն թե Ֆրանսիայի, թե նաեւ Եվրատլանտյան հանրության, ինչը կարեւոր է, հաշվի առնելով, որ Մակրոնն ատլանտիստ է:

Այդ ամենին ավելանում է այն, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն սերտ կապ Հայաստանի անկախությունից հետո, որի արմատը ձգվում է դեռեւս հարյուրամյակ առաջ: Ֆրանսիայում կա նաեւ բավական հեղինակավոր հայկական սփյուռք:

Այդ ամենի համախմբում էլ առաջանում է հարցը, թե ինչ է սպասում Հայաստանին ու հայ-ֆրանսիական հարաբերությանը Ֆրանսիայի նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում: Nuvelles D՛Armenie ամսագրի խմբագիր Արա Թորանյանը օրեր առաջ Lragir.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ թեկնածու Մակրոնը կարեւոր եւ շահեկան մոտեցումներ էր հայտնել հայկական խնդիրների վերաբերյալ եւ այժմ պետք է սպասել եւ տեսնել, թե նա ինչպես եւ որքանով իրականություն կդարձնի իր խոստումները:

«Ինչպես գիտեք, ապրիլի 24-ին խոսել ենք, համաձայնության եկել Ցեղասպանության հարցի, Թուրքիայի կողմից ուրացման հարցի շուրջ, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության և Հայաստանի հետ կապերը ամրապնդելու վերաբերյալ: Հիմա պետք է սպասենք արդյունքներին, որ խոստումներն իրականություն դառնան։ Մենք պատրաստ ենք պայքարելու, մեզ ձրի բան չի տրվում, և  համայնքը պատրաստ ենք շարժել, եթե խնդիրներ լինեն», հայտարարել է Թորանյանը:

Հարցերի այդ շրջանակն անշուշտ կարեւոր է Հայաստանի համար, հայկական պետականության համար: Մյուս կողմից, սակայն, այստեղ առկա է հարցը, որ գոյություն ունի առնվազն 25 տարի՝ սփյուռքի պատկերացումների ներդաշնակությունը հայկական պետականության շահերի եւ անվտանգության խնդիրների հետ: Այդ հարցը չի ստացել հստակ եւ ձեւակերպված պատասխան, ընդհանուր հայեցակարգի կամ ռազմավարության տեսքով:

Եվ այդ առումով միարժեք չէ, թե արդյոք այն, ինչ խոստացել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն տեղի համայնքին, այն է, ինչ անհրաժեշտ է օրինակ Հայաստանի Հանրապետությանը, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությանը, Հայաստանի հասարակությանը:

Արդյոք Հայաստանի քաղաքացին, օրինակ, Ֆրանսիայի նոր նախագահի քաղաքականությունից պետք է ակնկալի նույնը: Ընդ որում, դրանք հարցեր են, որոնք հատուկ են ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաեւ տարբեր այլ երկրների պարագայում՝ հայկական սփյուռքի եւ հայկական պետականության խնդիրների ու պատկերացումների ներդաշնակեցումը՝ պետականության առանցքով:

Դա իսկապես բարդ հարց է, որը 25 տարիների ընթացքում ոչ միայն չի լուծվել, այլ նույնիսկ չի էլ դրվել լուրջ դիտարկման, քննարկման, լուծման որոնումների:

Մինչդեռ այն ունի սկզբունքային նշանակություն հայկական պետականության ու նաեւ հայկական սփյուռքի ապագայի համար:

Այդ իմաստով, դիցուք Ֆրանսիայի նոր նախագահի պարագայում հարցն ամենեւին այն չէ, թե Մակրոնը որքանով հետամուտ կլինի իր նախընտրական հայտարարություններին կամ խոստումներին: Վերջին հաշվով, հարկ է հասկանալ, որ չափազանցված խոստումներ տալիս են բոլոր երկրների նախագահների թեկնածուները:

Այստեղ խնդիրն այն է, թե տվյալ պարագայում հայությունը՝ հայկական սփյուռքն ու Հայաստանի Հանրապետությունը ինչպես կաշխատեն Ֆրանսիայի նոր նախագահի հետ, ինչքանով համարժեք օրակարգ կդնեն այդ աշխատանքի հիմքում եւ ինչքանով այդ օրակարգի ծանրության կենտրոնը կլինի միջպետական հարաբերությունը՝ տարբեր ոլորտների ուղղությամբ, բայց երկու պետությունների միջեւ, որպես միջազգային քաղաքականության սուբյեկտներ, միջազգային անվտանգության եւ կայուն զարգացման ինքնիշխան շահառուներ, հատկապես Հայաստանի դեպքում:

Հակոբ Բադալյան, Մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0