Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Թուրքիայում հանրաքվեով գործնական քայլեր են արվում Օսմանյան կայսրության քաղաքականության վերադարձի ուղղությամբ. Արա Պապյան

Թուրքիայում հանրաքվեով գործնական քայլեր են արվում Օսմանյան կայսրության քաղաքականության վերադարձի ուղղությամբ. Արա Պապյան

By
Թուրքիայում հանրաքվեով գործնական քայլեր են արվում Օսմանյան կայսրության քաղաքականության վերադարձի ուղղությամբ. Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արա Պապյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունների և դրանից բխող վտանգների մասին, կարծիք հայտնեց, որ Թուրքիան գնում է Օսմանյան կայսրության քաղաքականության վերադարձի ճանապարհով, դառնում է կրոնական պետություն՝ փորձելով իսլամական աշխարհում գերիշխող դեր ստանձնել։

-Պարո՛ն Պապյան, Թուրքիայում 51,41 տոկոս ձայներով փոխվեց երկրի Սահմանադրությունը։ Կոնկրետ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։

-Վերացավ վարչապետի պաշտոնը, որը գործադիր իշխանությունն իր ձեռքում էր կենտրոնացրել, իսկ նախագահը զուտ արարողակարգային էր։ Ըստ էության՝ ստեղծվեց նախագահի մի պաշտոն, որը, վարչապետի պաշտոնը չեղարկելուց հետո, դառնում է գործադիրի ամբողջական ղեկավար։ Դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, որը կարող է բանակին հրաման տալ առանց խորհրդարանի որոշման, մյուս կողմից էլ դատականն իշխանություն է իր ձեռքում կենտրոնացնում։ Դասական իմաստով գոյություն ունեցող իշխանության տարանջատումները Թուրքիայում լղոզվում են, օրենսդիրն էլ թուլանում է՝ հարցերը լուծվում են նախագահի կարգադրությունների միջոցով։ Արևելյան տիպի հասարակության մեջ, երբ մի մարդ ամբողջությամբ իշխանության է լինում, ապա շատ վատ հետևանքներ են լինում։ Կա նաև էրդողանի մի քանի տարվա փորձը, երբ գյուլենականների «հեղաշրջումը» պատրվակ դարձնելով՝ 47 հազար մարդ է ձերբակալվել։ Կարելի է ասել՝ սուլթանության հաստատում, բայց անգամ սուլթանը բացարձակ իշխանություն չուներ, նույնիսկ Աթաթուրքը չկարողացավ իր ձեռքում այսքան իշխանություն կենտրոնացնել։

-Թուրք որոշ պաշտոնյաներ հայտարարում են, թե Թուրքիան այլևս աշխարհիկ պետություն չէ։ Ի՞նչ է սա նշանակում՝ Օսմանյան կայսրության վերադա՞րձ։

-Քեմալի հիմնադրույթներից մեկը «լայիկ»՝ աշխարհիկ պետության ստեղծումն էր, որ թուլացնի սուլթանի կողմնակիցներին, որովհետև դրան նախորդող շրջանում սուլթան Խալիֆն էր։ Այն բանից հետո, երբ արդեն մի քանի տարի ի վեր նեոօսմանիզը պաշտոնապես հռչակվել է քաղաքականություն, գործնական քայլեր են արվում Օսմանյան կայսրության քաղաքականության վերադարձի ուղղությամբ, այսինքն՝ վերադառնալու աշխարհիկ և հոգևոր միասնությանը։ Երբ ասում ենք նեոօսմանիզմ, շատերը հասկանում են Թուրքիայի՝ իր տարածքից դուրս ցանկությունները, սակայն դա վերաբերում է նաև ներքին կյանքին։ Պատահական չէ, որ սահմանադրական փոփոխություններին հիմնականում կողմ են քվեարկել Միջին Անատոլիայի խորքերում ապրող, ավելի կրոնական ժողովուրդը։ Սրան զուգորդվում է նաև արգելքների վերացումը, որոնք արեց Քեմալը՝ կրոնական հագուստի վերացում և այլն։ Այսօր Թուրքիան վերադառնում է կրոնական հիմքերին, սակայն չեմ կարծում, թե Էրդողանը սա անում է կրոնի համար։ Նա, հույսը կտրելով ԵՄ անդամակցությունից, իրեն վերապահում է իսլամական աշխարհի առաջնորդի դերը, որովհետև սուլթան Խալիֆը սուննի աշխարհի առաջնորդն էր։ Այստեղից էլ մենք կարող ենք նկատել լարվածության խորացում քրիստոնյա Արևմուտքի հետ, մեղադրել խաչակրության մեջ և այլն։

-Օսմանյան Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի համագործակցություն ինչպե՞ս է լինելու՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ խոշոր պետություններից է։

-Հիշենք, որ ՆԱՏՕ-ն ստեղծվեց ի հակակշիռ սովետական վտանգի, հիմա այդ վտանգը չկա, և խոսակցություն կար, թե այս պահին ՆԱՏՕ-ի դերը ո՞րն է։ Այս պահին Թուրքիան ՌԴ-ից վտանգ չի զգում, քանի որ ՌԴ-ն Սովետական միություն չէ և համարում է, որ ՆԱՏՕ-ի կարիքը չունի։

-Ուզում եք ասել՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից կարող է դո՞ւրս գալ։

-ՆԱՏՕ-ից դուրս չի գա, սակայն կարող է իրեն այլ կերպ պահել՝ ավելի լկտի, ինչն այսօր էլ անում է։ Օրինակ՝ Ինջիրլիք ռազմաբազայում հիշենք, թե ինչ դեպքեր եղան, գերմանացի խորհրդարանականներին թույլ չտվեցին, գերմանացի զինվորներին և այլն։ Նախկինում Թուրքիան իրեն նման կերպ չէր պահի, քանի որ կարիքն ուներ, իսկ հիմա կմնա անդամ, բայց համագործակցության ձևը կփոխի և հարաբերությունները կնեղանան։ Եթե հարաբերությունների վատթարացումը խորանա, ապա Թուրքիան ՌԴ-ի հետ հերթական մերձեցման փորձ կանի։

-Պարո՛ն Պապյան, Դուք մեկ անգամ չէ, որ ասել եք, թե կայսրությունները տեղ չունեն 21-րդ դարում և այլն։ Փաստացի ստացվեց, որ Օսմանյան կայսրությունը ոչ թե վերացավ, այլ նոր շունչ ստացավ։

-Մի հին խոսք կա, երբ որ ուղտը կոտոշներ է ցանկանում, ականջներն է կորցնում, այսինքն՝ ցանկանալն այլ է, իսկ իրականություն ինչ կստացվի, լրիվ այլ է։ Ակնհայտ է, որ Թուրքիայի նման քաղաքականությունը լարվածություն է ստեղծելու ԵՄ-ի հետ։ Հիմնական շուկան ԵՄ-ն է, տուրիզմի աղբյուրը, տեխնոլոգիաները, փողն այդտեղից է գալիս։ Հիմա Թուրքիան մի քիչ հարստացել է ու մեծ-մեծ է խոսում։ Թուրքիան ոտքի կանգնեց նույն ԵՄ-ով, 2000-ականներին, երբ աշխարհը տնտեսական լուրջ խնդիրներ ունեցավ, Թուրքիան ԵՄ-ի շնորհիվ հեշտ անցավ։ Այս ընտրություններից ցույց տվեցին, որ երկիրը պառակտվել է՝ մի մասում քրդերն ու արևմտամետ ուժերն են, իսկ մյուս կողմում՝ կրոնամոլ, ազգայնական թուրքերը։ Այս պատկերը խնդիրներ է ստեղծելու, քանի որ, եթե Արևմուտքին ընկալում են թշնամի, ի վերջո Արևմուտքն էլ Թուրքիային թշնամի կդիտարկի։ Ասել եմ ու ասում եմ, որ հայկական հարցը՝ Ցեղասպանության, գույքի վերադարձի հարցը, հերթական անգամ կդառնա միջազգային ինֆորմացիոն դաշտի, հետագայում նաև քաղաքական քննարկումների հարց։

-Քրիստոնյա Հայաստանի համար որքանո՞վ է վտանգավոր դառնում Օսմանյան քաղաքականությանը հարող Թուրքիան։

-ՍՍՀՄ ԱԳ նախարարներից մեկը, խոսելով Սովետի և Արևմուտքի ատոմային զենքի մասին, ասաց, թե կողմերը կարող են 245 անգամ իրար ոչնչացնել, սակայն դրա կարիք չկա, քանի որ «Хватит и одного раза»։ Առակս կցուցանե, որ Թուրքիան, լինի Օսմանյան, ոչ Օսմանյան, դեմոկրատական, եվրոպական, միևնույն է. իրենց մեջ այնքան ատելություն կա հայերի ու Հայաստանի նկատմամբ, որ իրենք պատրաստ են ոչնչացնել երկիրը հնարավորության դեպքում։ Մի քիչ արտառոց բան ասեմ՝ ավելի վտանգավոր Թուրքիան մեզ համար ավելի անվտանգ է, քան նախկինում, որովհետև Թուրքիան, դառնալով վտանգավոր, սկսում է վտանգ ներկայացնել նաև Եվրոպայի համար։ 

-Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն եղբայրական պետություններ են, հնարավո՞ր է՝ Թուրքիան հրահրի Ադրբեջանին ու հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունն ավելանա։ 

-Թուրքիան 90-ականներից Ադրբեջանին պաշտպանել է և հիմա էլ ամեն կերպ պաշտպանում է, անկախ նրանից, թե իշխանության գլուխն ովքեր են եղել։ Միշտ էլ եղել է զենքի, մասնագետների, ինչպես նաև դիվանագիտական աջակցություն, հիմա էլ մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Չեմ կարծում, թե Սահմանադրական փոփոխությունները կազդեն, իրենք բավական ատելություն ՀՀ-ի նկատմամբ մինչ այս էլ ունեցել են։ Հրահրելը՝ կհրահրեն, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ ինֆորմացիա կար, որ թուրքական հատուկ ջոկատայիններ են եղել և այլն։ Լայնածավալ միջամտություն, չեմ կարծում, որովհետև դրա համար Թուրքիան պետք է օգտագործի 3-րդ բանակը, որը ՆԱՏՕ-ի ենթակայության տակ է, ՆԱՏՕ-ն ցանկության դեպքում հանգիստ ամեն բան կանջատի։ Բացի դա թույլ չի էլ տա, քանի որ կստացվի բախում ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև։

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0