Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Իրանը հայաստանյան միջանցքին սպասող

Իրանը հայաստանյան միջանցքին սպասող

By
Իրանը հայաստանյան միջանցքին սպասող

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Վրաստանում իր գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը մտադիր է տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցից Սև ծով:

Թեհրանն այս մասին հայտարարում է ոչ առաջին անգամ: Այդ մասին հայտարարություն հնչել է նաև Երևանում, ընդ որում՝ նախագահ Ռոհանիի մակարդակով, երբ նախորդ տարի դեկտեմբերին նա այցելել էր Հայաստան: Պարսից ծոցից Սև ծով միջանցքի մասին Թեհրանը հայտարարում է այն բանից ի վեր, երբ հայտարարվեց Արևմուտքի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության և պատժամիջոցների զգալի մասի չեղարկման մասին:

Պարսից ծոցից Սև ծով իրանյան միջանցիկ նախաձեռնության երթուղիներից մեկը Հայաստանն է: Եվ ոչ միայն մեկը, այլ երևի թե ամենաառանցքայինն ու նախընտրելիներից մեկը՝ մի շարք առումներով, առաջին հերթին՝ հաշվ ի առնելով ռազմաքաղաքական ասպեկտները: Հայաստանը միակ պետությունն է, որ հանդիսանալով այդպիսի երթուղի՝ սկզբունքորեն որևէ ռազմավարական խնդիր չունի Իրանի հետ, հետևաբար ամենավստահելին է ու կանխատեսելին այդ իմաստով: Սակայն դա այն դեպքում, երբ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես ինքնիշխան քաղաքականության ունակ պետություն: Բայց դե ֆակտո հասկանում ենք, թե Հայաստանի վրա որքան մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը: Իսկ այստեղ արդեն Իրանի համար առաջանում են խնդիրներ:

Թեհրանն, իհարկե, Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերության մեջ է, գործընկեր, սակայն ռազմավարական իմաստով Մոսկվան ու Թեհրանը ունեն լուրջ մրցակցային խնդիրներ՝ կապված թե՛ կովկասյան տարածաշրջանի, թե՛ կասպիական տարածաշրջանի հետ, թե՛ մերձավորարևելյան, թե՛ միջինասիական ու թե՛ նաև եվրոպական ուղղությունների հետ: Եթե Թեհրանն այդ բոլոր ուղղություններով խաղում է Ռուսաստանի խաղի կանոններով, ապա այստեղ որևէ խնդիր չկա, սակայն այդ կանոններն էլ Իրանը դարձնում են ոչ թե խաղացող, այլ Ռուսաստանի, այսպես ասած, կցորդ: Թեհրանն իրեն չի կարող թույլ տալ աշխարհի հետ հարաբերվել Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերի համատեքստում:

Ահա այդ իրավիճակում էլ առաջանում է հարցը, թե արդյո՞ք Հայաստանին Ռուսաստանը թույլ կտա հարաբերվել Իրանի հետ այդ համատեքստից դուրս: Եվ արդյո՞ք Հայաստանը կարող է իրեն թույլ տալ նույնպես չենթարկվել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին և առաջնորդվել սեփական շահով: Եթե Հայաստանը դա չկարողանա անել, ապա Պարսից ծոց-Սև ծով իրանյան առանցքը Հայաստանով անցնելու կամ հիմնականում Հայաստանով անցնելու փոխարեն կանցնի Ադրբեջանով: Ինչ-ինչ, բայց Բաքուն, իհարկե, կարող է իրեն թույլ տալ այդ հարցում լինել Ռուսաստանից զգալիորեն անկախ:

Հատկանշական է, որ Իրանի արտգործնախարարին Թբիլիսիում ընդունելուց առաջ Վրաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Երևանում, ուր այցելել էր Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Արդյո՞ք երևանյան հանդիպումները հուսադրող են եղել Վրաստանում Իրանի արտգործնախարարի հետ քննարկումները շարունակելու համար: Սա հարց է, որի պատասխաններն առայժմ չկան, քանի որ առայժմ գործնականում չկան կոնկրետ նախաձեռնություններ Պարսից ծոց-Սև ծով գաղափարին միս ու արյուն տալու ուղղությամբ: Այդ ուղղությամբ Հայաստանում ընդամենը շատ դանդաղ ծավալվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, այն էլ, մեղմ ասած, կասկածելի և կոռուպցիոն առումով ռիսկեր պարունակող ընթացքում, և Ռուսաստանի միջնորդությամբ որոշակի էներգետիկ գործակցությունը, որը, սակայն, լուրջ ռազմավարական ներուժ պարունակող համարվել կարող է այն դեպքում, երբ օրակարգում հայտնվի հայ-իրանական նոր՝ տարանցիկ կարողությամբ գազատարի հարցը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0