Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ի՞նչ էր ակնարկում Իրանի պաշտպանության նախարարը Ղարաբաղի մասին

Ի՞նչ էր ակնարկում Իրանի պաշտպանության նախարարը Ղարաբաղի մասին

By

Թեհրանում ապրիլի 16-ին կայացել են Իրանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: Պաշտոնական այցով Թեհրան ժամանած Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Հոսեյն Դեհղանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով հայկական և ադրբեջանական կողմերին հասնել հիմնախնդրի լուծմանը խաղաղ ճանապարհով և անել դա «առանց երրորդ կողմի միջամտության»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

– Պարոն Ոսկանյան, այս հանդիպումն ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի տեսանկյունից, և ինչպե՞ս կմեկնաբանեք իրանցի նախարարի հայտարարությունը ղարաբաղյան հարցի մասին:

– Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանը շատ դեպքերում փորձում է կապկել հայ-իրանական հարաբերությունների օրակարգը, և այս համատեքստում սպասելի էր, որ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Իրան կատարած այցից և նշանակալի արդյունքներ գրանցելուց հետո ադրբեջանական կողմն էլ է ջանալու «հասնել» Հայաստանին: Զաքիր Հասանովի այցը Թեհրան առաջին հերթին պետք է դիտարկել հենց այս շրջանակներում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Իրանի միջև ձեռքբերված պայմանավորվածություններին ու երկկողմ հարաբերություններին ռազմական և պաշտպանական ոլորտում, ապա դատելով առկա սուղ տեղեկատվությունից՝ կարելի է ասել, որ ըստ էության որևէ լուրջ հաջողություն չի գրանցվել: Համենայնդեպս այդ մասին հստակ տեղեկատվություն չունենք:

Անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարարի՝ արցախյան հիմնախնդրի հետ կապված հայտարարությանը՝ պետք է նշել, որ հայտարարությունը շատ հավասարակշիռ էր: Այն պարունակում էր բավական կարևոր ուղերձներ՝ մասնավորապես այլ երկրների՝ հակամարտության մեջ չներքաշվելու վերաբերյալ: Եթե բացենք փակագծերը, ապա կարծես թե Իրանի պաշտպանության նախարարը նկատի ուներ թուրքական կողմի ակտիվությունը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է թուրքական կողմին ներգրավել արցախյան հակամարտության մեջ, լինի դա բանակցային ձևաչափի փոփոխության համատեքստում, թե կոնկրետ ռազմական գործողությունների տեսքով: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ թուրքական կողմը ակտիվորեն ներգրավված էր այդ հարցում:

Ընդհանուր առմամբ, իրանցիները դեմ են, որ փոխվի առկա ստատուս-քվոն արցախյան հակամարտությունում: Հատկապես դեմ են, որ փոխվեն ներկայիս սահմանները հօգուտ Ադրբեջանի, որովհետև հայկական կողմը Արցախի Հանրապետության՝ Իրանի հետ սահմանի ողջ երկայնքով ապահովում է նաև իրանական անվտանգությունը և բացառում է այդ տարածքները հակաիրանական նպատակով օգտագործելու հանգամանքը, ինչը չենք կարող ասել ադրբեջանա-իրանական սահմանի վերաբերյալ, որը փաստացիորեն վերածվել է հենակետի՝ հակաիրանական գործողություններ իրականացնելու նպատակով:

Մյուս կարևոր հանգամանքը, որը պիտի նկատի ունենանք, այն է, որ իրանական կողմը պարբերաբար ջանում է հնարավորինս թուլացնել իսրայելական ներկայությունը Ադրբեջանում, իսկ մենք գիտենք, որ այդ ներկայությունը հիմնականում արտահայտվում է ռազմական համագործակցության տեսքով, և բնական է, որ իրանցիներն էլ ջանքեր են գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների որոշակի մակարդակ պահպանելու միջոցով չեզոքացնել իսրայելական ներկայությունը: Կարծում եմ, որ դրան հասնելը դժվար է լինելու դիվանագիտական միջոցներով, որովհետև ակնհայտ է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն երկու երկրների համար էլ: Պարբերական սիրախաղերը, որոնք Բաքուն փորձում է անել Թեհրանի հետ, զուտ ժամանակ շահելու նպատակ ունեն,և միտված չեն երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու հեռահար նպատակների:

– Ովքե՞ր են Դեհղանի հետևյալ ուղերձների հասցեատերերը, որ հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով և որ խնդիրը պիտի լուծվի՝ առանց երրորդ կողմի միջամտության:

– Ակհայտ է, որ իրանական կողմը հստակորեն գիտակցում է, թե ով է պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը, ով է սանձազերծել Ապրիլյան պատերազմը կամ նման լարվածություն արցախյան հակամարտության գոտում: Այս դիվանագիտական զգուշացումը միանշանակորեն ուղղված էր Ադրբեջանին, ընդ որում՝ ուղղված էր հենց Ադրբեջանի պաշտպանության նախարարին, որը նաև պարբերաբար հակամարտության գոտում լարումների սանձազերծման պատասխանատուներից մեկն է:

Ինչ վերաբերում է երրորդ երկրի ներգրավվածության խնդրին, ապա կարծում եմ, որ դրա տակ միանշանակորեն նկատի ունի Թուրքիային, որովհետև թուրք-ադրբեջանական հարաբերությունները, հատկապես, արցախյան հակամարտության ոլորտում, թուրքական ներկայությունը Ադրբեջանի ռազմական դաշտում չեն կարող չանհանգստացնել Իրանին, և իրանցիներն ամեն կերպ ջանալու են բացառել Թուրքիայի հնարավոր ներգրավումը այս հակամարտության մեջ:

– Այդ հայտարարությամբ Իրանը չէ՞ր կարող նկատի ունենալ Մինսկի խմբի համանախագահ պետություններին:

– Իրանական կողմը մշտապես առաջարկում է սեփական միջնորդական առաքելությունը արցախյան հարցում, բայց ես չեմ հիշում որևէ դեպք, որ Իրանը հանդես եկած լինի Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի դեմ, հետևաբար չեմ կարծում, թե այս հայտարարությունը ուղղված է Մինսկի խմբի համանախագահներին: Ավելի շուտ Իրանը դրա տակ նկատի ունի կոնկրետ երկիր: Արդեն ասացի, որ ամենայն հավանականությամբ, նույնիսկ միանշանակության ձգտող հավանականությամբ Իրանը դրա տակ նկատի է ունեցել Թուրքիային կամ գուցե նաև Իսրայելի պետությանը: Համենայնդեպս Մինսկի խումբը պետք է բացառել:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0