Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հովիկ Աբրահամյանի անսպասելի վերադարձը

Հովիկ Աբրահամյանի անսպասելի վերադարձը

By
Հովիկ Աբրահամյանի անսպասելի վերադարձը

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը եղել է Կոմիտասի անվան պանեթոնում, որտեղ Դեմիրճյանի շիրիմի մոտ մասնակցել է նրա 85-ամյակի առիթով կազմակերպված արարողությանը:

Հովիկ Աբրահամյանի այդ մասնակցությունն ուշագրավ է ոչ միայն նրանով, որ դա փաստացի առաջին հրապարակային միջոցառումն է, որին վարչապետի պաշտոնից եւ ՀՀԿ-ից հեռանալուց հետո  մասնակցում է Աբրահամյանը: Ի դեպ, օրինակ, ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրության քվեարկությանն Աբրահամյանը չի մասնակցել, կամ մասնակցել է այնպես, որ դա չարձանագրի որեւէ լրագրողական տեսախցիկ կամ ձայնագրիչ:

Դեմիրճյանի 85-ամյակին նվիրված արարողությանը մասնակցությունը սակայն ուշագրավ է նաեւ նրանով, որ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ էլ այցելել էր Կարեն Դեմիրճյանի այրուն՝ Ռիմա Դեմիրճյանին, որի մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում, հայտնելով, որ այցելել է իր վաղեմի բարեկամուհուն:

Կոմիտասի անվան պանթեոնում Հովիկ Աբրահամյանն ասել է, որ Կարեն Դեմիրճյանը մի գործիչ էր, որից սովորելու բան ունեն բոլոր քաղաքական գործիչները՝ մարդկային հարաբերությունների, ժողովրդավարության, պրոֆեսիոնալիզմի առումով:

Արդյոք որեւէ մեկին որեւէ բան ակնարկում է Հովիկ Աբրահամյանը դրանով: Հնարավոր է: Եվ նույնքան հնարավոր է, որ Հովիկ Աբրահամյանն ինքն էլ փորձում է Կարեն Դեմիրճյանից շատ բան սովորել, այդ թվում նաեւ քաղաքականություն վերադարձի առումով: Գուցե ոչ միայն վաղեմի բարեկամությամբ, այլ նաեւ հենց դրանով է պայմանավորված վերջին օրերին Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը Կարեն Դեմիրճյան գործչի հանդեպ:

Հովիկ Աբրահամյանը, հեռանալով վարչապետի պաշտոնից եւ ՀՀԿ-ից, հայտարարել է, որ մնալու է աշխույժ քաղաքականության մեջ: Բայց նա խուսափում է որոշակիացնել, թե ինչ կարգավիճակով: Գործնականում, Աբրահամյանը ներկայում քաղաքականությունից հեռացված կարգավիճակում է, հետեւաբար արդեն կա ոչ թե մնալու, այլ վերադառնալու խնդիր:

Իսկ այդ առումով, Կարեն Դեմիրճյանը կարող է օրինակ լինել, քանի որ Դեմիրճյանն էլ քաղաքականություն է վերադարձել աղմկոտ հեռացումից հետո: Իհարկե, նրա եւ Աբրահամյանի հեռացումները իրավիճակային առումով նույնական չեն, թե մանրամասների, թե քաղաքական լայն համատեքստի առումով, բայց Հովիկ Աբրահամյանն ըստ երեւույթին ավելորդ չի համարում ուսումնասիրել Դեմիրճյանի իսկապես հարուստ փորձը:

Ընդհանուր առմամբ, Հովիկ Աբրահամյանը ինչ որ իմաստով նույնիսկ արդեն վերադառնում է, եթե անգամ իր մասին հիշեցնելու համար, քանի որ տեւական ժամանակ ընդհանրապես դուրս էր հրապարակային որեւէ շրջանակից: Այդ իմաստով, նրա վերադարձը կարելի է նույնիսկ գնահատել անսպասելի, այն իմաստով, որ նա տեւական դադարից հետո տեղեկատվական իմաստով վերադառնում է Կարեն Դեմիրճյանի կենսագրության հանդեպ ցուցաբերված ուշադրությամբ:

Դեմիրճյանը քաղաքականությունից եւ պաշտոնից հեռացավ 1988-ի արցախյան շարժման արդյունքում, հանրային պահանջի ներքո: Տասը տարի անց նա վերադարձավ հանրային ցնծության ներքո  եւ մասնակցեց 1998 թվականի նախագահի ընտրությանը: Նրա վերադարձը վերագրվում էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին: Դեմիրճյանը 1998-ի ընտրությանը պարտվեց Ռոբերտ Քոչարյանին՝ լեգիտիմացնելով նախագահի պաշտոնին նրա հայտնվելը, իսկ մեկ տարի անց նա դաշինք կազմեց Վազգեն Սարգսյանի հետ, թերեւս սկսելով նախագահի պաշտոնի համար Սարգսյանի լեգիտիմացման գործընթացը:

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը դաժանորեն ընդհատեց ամեն ինչ, եւ Կարեն Դեմիրճյանն իր տրիումֆալ վերադարձից մոտ երկու տարի անց դարձավ ոճրագործության զոհերից մեկը:

Հակոբ Բադալյան, Մեկնաբան

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0