Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Իրանը դեմ է, որ արցախա-ադրբեջանական սահմանագիծը փոխվի հօգուտ Ադրբեջանի. իրանագետ

Իրանը դեմ է, որ արցախա-ադրբեջանական սահմանագիծը փոխվի հօգուտ Ադրբեջանի. իրանագետ

By
Իրանը դեմ է, որ արցախա-ադրբեջանական սահմանագիծը փոխվի հօգուտ Ադրբեջանի. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գտնում է, որ Ադրբեջանն ինչ-որ առումով կապկում է հայ-իրանական օրակարգը: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ, օրինակ, երբ Հայաստանի պաշտպանության նախարարն այցելում է Իրան, անմիջապես հաջորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը այդ երկիր։

Ինչպես հայտնում է azatutyun.am-ը Թեհրանում Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը:

Ըստ իրանագետի՝ այս հայտարարությունն ինչ-որ առումով զգուշացում է, քանի որ ադրբեջանական կողմը մշտապես փորձում է խախտել Մինսկի խմբի ձևաչափը և ներգրավել Թուրքիային:

«Կարծում եմ, որ այդ պատգամն ուղղված էր նախ և առաջ թուրքական կողմին, քանի որ Իրանը կողմնակից չէ, որ թուրքական կողմը մասնակցություն ունենա Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին»,-ասաց նա:

Վարդան Ոսկանյանը գտնում է, որ ընդհանրապես իրանցիները կողմնակից չեն, որ արցախա-ադրբեջանական սահմանագիծը փոխվի հօգուտ Ադրբեջանի, քանի որ Իրանը այն բացառիկ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ:

«Բացի այդ, իրանցիները դեմ են, որ նույնիսկ խաղաղապահ ուժերի ձևաչափով երրորդ երկրների զինվորները հայտնվեն Իրանի սահմանին: Իրանական կողմը՝ ի դեմս պաշտպանության նախարարի, հստակորեն հայտնեց, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ձևաչափով, և որևէ ռազմական գործողության Իրանը կողմնակից չէ, իսկ նման հրահրելու միտված քաղաքականություն է վարում բացառապես Ադրբեջանը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանի շահագրգռվածությանը արցախյան հակամարտությանը միջամտելու առումով, ապա իրանագետն ասաց, որ կախված պատմական տարբեր փուլերից՝ իրանցիներն օժանդակել են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին:

Պատասխանելով հարցին, թե իրանա-ադրբեջանական հարաբերությունների մերձեցում չի՞ նկատում՝ հաշվի առնելով, որ Իրանի նախարարը խոսել է նաև Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցության խորացման մասին և նշել է, որ դա բխում նաև Ադրբեջանի շահերից, Վարդան Ոսկանյանն ասաց. «Եթե դիվանագիտական լեզվով նայենք, ապա ակնհայտ է, որ Իրանը փորձում է Ադրբեջանին դուրս մղել իր համար բացահայտ թշնամական դիրքորոշում որդեգրած այնպիսի պետությունից, ինչպիսին Իսրայելն է: Իսրայելը հզոր ռազմական ներկայություն ունի Ադրբեջանում, ինչը, որքանով որ ուղղված է Հայաստանի դեմ, միգուցե ավելի մեծ չափով ուղղված է Իրանի դեմ։ Հետևաբար` իրանցիները փորձ են անում այս ճանապարհով թուլացնել իսրայելական ազդեցությունը Ադրբեջանի ներսում»:

Չնայած դրան՝ իրանագետը կարծում է, որ Իրանի այդ մտադրությունը հաջողություն չի կարող ունենալ, քանի որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները կառուցվել են շատ ավելի ամուր հիմքի վրա:

«Ընդհանրապես Իրանի շահերից է բխում, որ տարածաշրջանում հայկական դիրքերը լինեն ամուր, մենք ունենանք ուժեղ և զարգացող պետականություն»,-հավելեց նա:

Լիանա Առաքելյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0