Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Եվրամիության աննախադեպ քայլը Հայաստանի հանդեպ. ինչն է լավը, և ինչն է վատ

Եվրամիության աննախադեպ քայլը Հայաստանի հանդեպ. ինչն է լավը, և ինչն է վատ

By
Եվրամիության աննախադեպ քայլը Հայաստանի հանդեպ. ինչն է լավը, և ինչն է վատ

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին նախօրեին հայտարարել է, որ Եվրամիությունը 7 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանում ընտրական գործընթացի վերահսկողության մեխանիզմների համար, և ինչպես երբեք հետևում է գործընթացներին: Դեսպանը միևնույն ժամանակ հայտարարել է նաև, որ եթե Հայաստանում ընտրությունները լավ անցկացվեն, ապա Եվրամիությունն ավելի շատ ներդրումներ կանի և ծրագրեր կիրականացնի Հայաստանում: Այն, որ խորհրդարանի ընտրությունը Արևմուտքի վերաբերմունքի առումով աննախադեպ է, իհարկե անկասկած է: Առաջին անգամ Արևմուտքը, փաստորեն, ֆինանսական ներդրում է ունենում Հայաստանում ընտրական գործընթացի ժողովրդավարականության գործում: Իհարկե դրանք ահռելի ֆինանսներ չեն, սակայն հատկանշական է փաստն ինքնին: Այնուհանդերձ այդքան էլ պարզ չէ, թե ինչ է բխում այդ փաստից և աննախադեպ ուշադրությունից: Մասնավորապես, այդքան էլ պարզ չէ, թե ինչն է համարվելու լավ անցած ընտրություն, այսինքն՝ որ դեպքում է ընտրությունը լավ անցկացված համարվելու, իսկ որ դեպքում՝ վատ:

Ի վերջո, այստեղ կա չափազանց կարևոր մի նրբերանգ, որին Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ուշադրություն դարձնում են, թե ոչ, պարզ չէ, սակայն հստակ է, որ այդ նրբերանգը հույժ կարևոր է և դրան պետք է դարձնել արժանի ուշադրություն: Նրբերանգը հույժ կարևոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման և անվտանգության առումով կարևորագույն գործընկեր հանդիսացող թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության, թե՛ ԵՄ-ի առանձին երկրների հանդեպ հասարակության, Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքի, ընկալումների տեսանկյունից: Ի վերջո, շատ կարևոր է, որ ընտրական գործընթացի հանդեպ ԱՄՆ-ի ու Եվրամիության գնահատականն ու եզրակացությունները լինեն ներդաշնակ, համահունչ: Բանն իհարկե դրանց նույնականությունը չէ, կրկնությունը կամ կրկնօրինակումը չէ: Առավել ևս, բանը 100 տոկոսով գնահատականների համընկնումը չէ, և ընդհանրապես որևէ տոկոսային հարաբերակցությունը չէ: Բանն այն է, որ ԱՄՆ-ի ու Եվրամիության գնահատականները, եզրակացությունը լինեն Հայաստանի քաղաքացիների, հասարակության համար հասկանալի, ընկալելի, այսպես ասած՝ լեգիտիմ: Դրանից է կախված Հայաստանի քաղաքացու վերաբերմունքը իրեն ժողովրդավարության և զարգացման հարցում գործընկերություն, օգնություն, բարեկամական ձեռք առաջարկող գործընկերների հանդեպ:

Եվ ի վերջո այստեղ, այս տիրույթում, Հայաստանի հանրության մոտ այդ գործընկերների հանդեպ տարաբնույթ ընկալումների տիրույթում իրենց մեծ ազդեցությունն են թողել նախորդ ընտրություններում հնչած գնահատականներն ու դրան հաջորդած քայլերը, որ արել են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, միջազգային հանրությունը: Դրանք Հայաստանի հանրության համար այդքան էլ հասկանալի և լեգիտիմ չեն եղել, ինչով էլ ի դեպ պայմանավորված է եղել այն, որ չնայած Հայաստանին ցուցաբերված ահռելի օգնությանը՝ թե՛ նյութական, թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվական, ԱՄՆ-ն ու Եվրամիությունն այդպես էլ չեն կարողացել հասնել Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գիտակցման գերակայության: Որովհետև հանրության մոտ ոչ միարժեք տպավորությունները իշխանությունն օգտագործել է իր մանևրի համար, իրավիճակը իրեն նպաստավոր դարձնելու համար, Հայաստանի խնդիրը թողնելով ածանցյալ: Ահա այս իմաստով, եթե հայտարարվում է աննախադեպ ուշադրության, աննախադեպ կարգի ներգրավվածության մասին՝ ինչը չափազանց ողջունելի է հենց Հայաստանի շահի և անվտանգության տեսանկյունից, պետք է լինի նաև համարժեք պատասխանատու վերաբերմունք այդ նուրբ հանգամանքի, ասպեկտի առումով: Այդ համատեքստում էլ կարևոր է դառնում, թե արդյո՞ք լավ ու վատ ընտրություն բնորոշման հարցում Հայաստանի հանրության և միջազգային հանրության մոտեցումները կլինեն ներդաշնակ, կլինի իսկապես փոխըմբռնում և հետևաբար նաև փոխադարձ լեգիտիմություն:

Ի վերջո, Հայաստանի քաղաքակրթական զարգացումը, ժողովրդավարացումն ու արդիականացումը, և այդ ամենի ընդգրկումով անվտանգության ամրացումը կախված է առանցքային մասով հենց այն վերաբերմունքից, վստահության այն աստիճանից, որ կլինի միջազգային հանրության կամ գործընկերների և Հայաստանի քաղաքացիների, հասարակության միջև:

Հեղինակ՝ Մուսա Միքայելյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0