Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | 6 տարի առաջ Սիրիայում սկսվեց պատերազմը. ըստ արևելագետի՝ իրականացան վատատեսների ամենամռայլ կանխատեսումները

6 տարի առաջ Սիրիայում սկսվեց պատերազմը. ըստ արևելագետի՝ իրականացան վատատեսների ամենամռայլ կանխատեսումները

By
6 տարի առաջ Սիրիայում սկսվեց պատերազմը. ըստ արևելագետի՝ իրականացան վատատեսների ամենամռայլ կանխատեսումները

Tert.am-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն անդրադառնում է 6 տարի առաջ մարտի 15-ին սկսված պատերազմի ընթացքին, դրանում շահագրգռված պետություններին, պատերազմի հետևանքների վերացմանը:

- Պարո՛ն Քոչարյան, այսօր լրանում է Սիրիայի պատերազմի 6 տարին, որը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, տվեց ավելի քան 300.000 զոհ, 5 մլն փախստականներ, հսկայական ավերածություններ ու 200 մլրդ. դոլարի ֆինանսական կորուստներ: Հիմա, եթե վերանանք ռուսական և արևմտյան քարոզչությունից, ապա կարո՞ղ եք ասել՝ ինչ ուժեր էին շահագրգռված, որ այս պատերազմը, ձնագնդի էֆեկտ ստանալով, վերածվի արաբական այս երկիրը հյուծած ու Եվրոպան փախստականներով լցրած տևական պատերազմի:

- Օրվա առումով մի քիչ վերապահումներ ունեմ, քանի որ պատերազմի օրը ֆիքսելը շատ դժվար է: Բայց 2011-ի մարտին երկրորդ կեսին էր, երբ ամեն ինչ սկսվեց: Ինչ վերաբերում է նրան, որ պետություններ են շահագրգռված, ապա դրանք հիմնականում տարածաշրջանային դերակատարություն ունեցող պետություններն են, այդ թվում՝ Ծոցի, որոնց թվում էր, թե «արաբական գարնան» ալիքի վրա երկրորդ փուլով շատ արագ փոփոխություններ տեղի կունենան Սիրիայում: Բայց դեռ այն ժամանակ, երբ ամեն ինչ սկսվում էր, կային փորձագետներ, որոնց թվում՝ ես, ասում էինք, որ սա այլ դեպք է, չի տեղավորվում այդ տրամաբանության մեջ, և Սիրիան արագ փոփոխությունների չի ենթարկվի, ինչպես կարծում էին տարածաշրջանային, այդ թվում՝ Ծոցի պետությունները և Սիրիայի հարևան Թուրքիան: Շատ հարցերում էլ, Ձեր նշածը, որ այն կդառնար Եվրոպան միգրանտային հոսքերով ողողող և ահաբեկչության կենտրոն ծայրահեղ իսլամականների համար, մտավախություններ կային, բայց ոչ այդ չափով:

- Այսուհանդերձ, Սիրիայում հակակառավարական ուժերն այդպես էլ չկարողացան տապալել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին: Ինչո՞ւ չհաջողվեց և ինչո՞ւ էին ուզում նրա հեռացումը:

- Ինչու հեռացնել, որովհետև հարևան այդ պետությունները ցանկանում էին Սիրիայի տարածքում ավելի կանխատեսելի գործընկեր, և սիրիական ճգնաժամում վերջին 2 տարվա զարգացումները ցույց են տալիս, որ միակ ուժը, որի հետ պետք է բանակցեին և խոսեին, մնում է Բաշար ալ Ասադը՝ իր վարչակազմով: Ում ոչ միայն չկարողացան տապալել, այլև 6 տարի անց էլի մնում է այդ նույն ուժը, որի հետ պետք է փորձեն ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի Սիրիայի տարածքում հնարավոր լինի որոշակի կայուն և անվտանգ միջավայր:

- Ռուսաստանի՞ օգնությամբ Բաշար ալ-Ասադին չհաջողվեց հեռացնել:

- Ռուսաստանի և, ես կասեի՝ Իրանի աջակցությունը շատ զգալի էր այդ հարցում: Նաև այս խմբին է միանում Չինաստանը՝ ինչպես ՄԱԿ-ի մակարդակով, այնպես էլ հումանիտար օգնությունների միջոցով Սիրիայի իշխանություններին է օգնում: Այսինքն՝ կան խմբեր, որոնք այս կամ այն կողմին էին պաշտպանում. մի կողմում Ռուսաստան, Իրան, Չինաստան, մյուս կողմում՝ ԱՄՆ և Թուրքիա, որն այս 6 տարվա ընթացքում հասավ նրան, որ իր շահերը Սիրիայի տարածքում սկսեցին ճանաչվել հակամարտության մեջ ներգրավված մնացած խաղացողների կողմից:

- Սիրիային պատուհասած աղետից անմասն չմնաց նաև սիրիահայ համայնքը: Ըստ տարբեր տվյալների՝ միայն Հալեպում զոհվել է շուրջ 130 հայ, 379-ը՝ վիրավորվել։ Ձեր գնահատմամբ՝ առաջիկա տարիներին հնարավո՞ր է, որ եթե ոչ նախկին չափով, բայց վերականգնվի երբեմնի ամենամեծ հայկական՝ սիրիահայ համայնքը:

- Վերականգնվելու կամ համայնքի բնականոն, կամ գոնե՝ նախապատերազմյան վիճակին վերադառնալու համար շատ-շատ հանգամանքներ պետք է համընկնեն, ինչի մասին խոսել, գոնե այս պահի դրությամբ՝ վաղ է: Առաջնային ամենամեծ խնդիրը, որ կա Հալեպում, անվտանգության և ենթակառուցվածքների վերականգնման խնդիրն է: Այսինքն՝ունենալ կայուն միջավայր, որտեղ անվտանգությունն ապահովված է և կյանքի համար որոշակի մինիմալ կենցաղային պահանջներ ապահովված են՝ ջուր, հոսանք, կապ: Մյուս խնդիրը. այս երկարատև պատերազմի ու բախումների արդյունքում Հալեպը, դրա արևելյան հատվածը հիմնահատակ ավերված է: Մյուս կողմից, ունենք համայնքում բավականին շատ նվիրված մարդիկ, որոնք գիտակցելով իրենց դերն ու նշանակությունը, գերադասեցին մնալ Հալեպում և պահել այն նյութական ու մշակութային արժեքները, որոնք հնարավոր է եղել այսքան տարիների, դարերի ընթացքում ստեղծել:

- Դեռ պատերազմի սկզբից կային փորձագիտական խմբեր, որոնց մի մասը պնդում էր, որ Սիրիայի պատերազմը շատ ջուր է քաշելու, քանի շուտ է՝ հայերը իրենց գույքը փրկեն, գան, քանի որ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների գոյության համար անվտանգության երաշխիքներ չկան։ Մյուս մասն էլ կոչ էր անում, թե այստեղ արդեն պապերի գերեզմաններ ունեք: Հիմա՝ 6 տարի անց կյանքն այս 2 հակադիր տեսակետների վերաբերյալ ապացուցեց, որ ո՞ր կողմն էր ճիշտ:

- Կյանքը դեռ ոչ մի բան չի ապացուցել, և այդ երկու տեսակետը կիսողներն էլ կան, կան նաև Հալեպում։ Այսինքն՝ մարդիկ, որոնք գտել են, որ իրենց անվտանգությունը կարող է լինել Հալեպից դուրս, դուրս են եկել, տեղավորվել Հայաստանում կամ Եվրոպայում կամ Կանադայում: Մյուս մասը գտել է, որ, չէ, պետք է մնա և պայքարի էդ ամեն ինչի համար՝ իրենց տան համար, իրենց պապերի գերեզմանների: Այսինքն՝ խմբերի միջև կարող են փոխադարձ մեղադրանքներ լինել, բայց այնպես չէ, որ մեկը ճիշտ է, մյուսը՝ սխալ, մարդիկ իրենք են ընտրում իրենց անվտանգության երաշխավորման մեխանիզմը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից այս ուղղությամբ արվածին, ապա այնպես չէ, որ ոչ մի բան չի արվել, բայց, այո, ինչ-որ բաներ կարելի էր ավելի լավ անել: Օրինակ՝ մենք ունենք միակ գործող հյուպատոսարանը Հալեպում, որը զբաղվում է ամեն օր մեր հայրենակիցների խնդիրներով: Այն դեպքով, երբ շատ պետություններ չունեն:

- Սիրիայում իրադրությունը համեմատաբար հանդարտ է, և ռազմական գործողություններ են իրականացվում միայն ԻՊ-ի դեմ։ Ձեր գնահատմամբ՝ սիրիական պատերազմը ե՞րբ կավարտվի:

- Հարցադրումն արդեն ինքնին պրոբլեմատիկ է, որովհետև ավարտվելը դեռ չի երևում: Դժվար է շատ կանխատեսել, բայց մի բան կարող ենք այս պահի դրությամբ ասել, որ ռազմական գործողությունները, ճիշտ է, նվազել են, բայց շարունակվում են երկրի տարբեր հատվածներում: Ամենակարևորը, որ ունենք այսօր, և դա լուրջ ձեռքբերում է, այն է, որ ընթանում է քաղաքական գործընթաց, փորձ է արվում քաղաքական գործընթացի՝ հանդիպումների, ռուսական նախաձեռնությամբ հանդիպումների ձևով խնդիրը կարգավորել ոչ պատերազմական ճանապարհով: Այսինքն՝ սա է, որ հույս է տալիս, որ եթե ֆորսմաժորներ չլինեն, կարող է ինչ-որ կերպ նշմարվել այդ ճանապարհը, որ ապագայում կարող ենք ունենալ խաղաղություն Սիրիայում:

Անուշ Դաշտենց

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0