Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մարտի 16՝ ոչինչ չասող, բայց գրեթե ամեն ինչ վճռող մի օր

Մարտի 16՝ ոչինչ չասող, բայց գրեթե ամեն ինչ վճռող մի օր

By
Մարտի 16՝ ոչինչ չասող, բայց գրեթե ամեն ինչ վճռող մի օր

Այսօր մարտի 16-ն է: Առաջին հայացքից այս ամսաթիվը Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացուն ոչինչ չի ասում: Իրականում, սակայն, այս ամսաթիվը ոչ միայն ճակատագրական նշանակություն է ունեցել հայության և հայաստանցիների համար, այլ ըստ էության շարունակում է ունենալ իր քաղաքական ազդեցությունը հայկական պետականության ճակատագրի վրա: Խոսքը ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի մասին է, որ կնքվել է 1921 թվականի մարտի 16-ին:

Պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև ըստ էության գործում է մինչև այսօր, թեև այն իհարկե չունի որևէ իրավական ուժ: Պայմանագիրն ըստ էության այն մասին էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվում էին Կովկասում փոխազդեցության մասին, որի համար Մոսկվան ըստ էության պարտավորվում է զսպել հայկական գործոնը և թույլ չտալ, որ այն խնդիր լինի Թուրքիայի համար: Պայմանագիրը շոշափել է նաև հայկական պատմական տարածքները, գծել Թուրքիայի ներկայիս սահմանը նաև դրանց հաշվին: Ռուս-թուրքական այս պայմանագրի մասին խոսակցությունները կարող են սահուն անցում կատարել պահանջատիրության, քանի որ այդ սահմանի նուրբ և աննկատ լինելը պայմանավորված է հենց պայմանագրի բովանդակությամբ և քաղաքական բնույթով: Սակայն բանն իհարկե պահանջատիրությունը չէ, ի վերջո մենք պետք է ելնենք առկա իրողություններից:

Միևնույն ժամանակ առկա իրողություններից ելնելով էլ մենք չենք կարող պրակտիկ ուշադրության չարժանացնել մի պայմանագիր, որը առ այսօր հանդիսանում է ռուս-թուրքական պրակտիկայի մաս: Իսկ դրա վառ վկայությունն այն էր, որ 2015-ի նոյեմբերին բախվելով Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Ռուսաստանն ու Թուրքիան հակադրության կոշտ հռետորաբանության պայմաններում անգամ չվիճարկեցին 1921 թվականի պայմանագիրը, կասկածի տակ չդրեցին այն: Սա նշանակում է, որ կողմերն իրենց ռազմավարության մեջ շարունակում են հավատարիմ մնալ այդ պայմանագրին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի պետական ռազմավարության մաս պետք է լինի իրադրությունը Կովկասում դուրս բերել ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությունից: Սա չի ենթադրում պայմանագիրը չճանաչելու, կամ Թուրքիային պահանջներ ներկայացնելու քայլեր: Ի վերջո դրանք կլինեն իրավիճակային, անհեռանկար քայլեր, որոնք փակուղուց բացի, չեն տանի որևէ այլ տեղ: Հայաստանին պետք է հետևողական, նպատակային, ռազմավարական մշակում քայլերի և պետական քաղաքականության, որը կունենա հայկական պետականությունը ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությունից դուրս բերելու թե՛ քաղաքական, թե՛ ռազմա-քաղաքական և թե՛ տնտեսական ճանապարհային քարտեզներ:

Այլ կերպ ասած, Հայաստանը ռուս-թուրքական պայմանագիրը պետք է ունենա մտքում, իսկ հրապարակային գործողությունները պետք է չշոշափեն այդ պայմանագիրը՝ դա անիմաստ է, բայց լինեն պայմանագրի տրամաբանությունը շրջանցող, այսինքն՝ պարունակեն տարածաշրջանային նոր հարաբերությունների և վեկտորների տեսլականներ, որոնց միջոցով Երևանը պետք է պայմանագրից «դուրս բերի» նաև Ռուսաստանին: Հայաստանի անվտանգության հարցի գլոբալ ու խորքային լուծում, այդ թվում նաև Արցախի խնդրում, մենք կարող ենք ունենալ միայն այդ դեպքում: «Դուրս բերել» Ռուսաստանն այդ պայմանագրից, թվում է շատ հավակնոտ և անիրատեսական, Հայաստանի «քաշից» չափից դուրս ծանր:

Սակայն խնդիրն այն է, որ ներկայումս թե՛ աշխարհը, թե՛ տարածաշրջանը, թե՛ Ռուսաստանը գտնվում են մի իրավիճակում, երբ անհնարին թվացողը կարող է մի ակնթարթում դառնալ իրական, եթե Հայաստանին բավարարի կամքը, ինքնավստահությունը և նոր աշխարհընկալումը՝ իրադարձությունները պատմական կարծրատիպերից և միֆերից դուրս դիտարկելու դեպքում: Այդ դեպքում ակնհայտ կլինի, որ Հայաստանն աշխարհում ունի ոչ թե մեկ ու միակ, այլ շատ դաշնակիցներ: Եվ երբ դա ակնհայտ կլինի, այդ դեպքում միայն Ռուսաստանը կհամաձայնի լինել Հայաստանի իրական դաշնակիցը: Այստեղ է խնդիրը, մեխը, հարցի գինը և անվտանգության արժեքը հայկական պետականության համար: Սակայն սա է նաև, որ զարմանալիորեն դուրս է հայաստանյան քաղաքական օրակարգից կամ դրանում է միմիայն կամ առավելապես պահանջատիրության պարզունակ պրիզմայով, ոչ թե միջազգային անվտանգության համակարգի արդիականացման և նոր աշխարհակարգի ձևավորման խորքային գործընթացում Հայաստանի տեղի և դերի տրամաբանությամբ:

Այս տեսանկյունից, ռուս-թուրքական պայմանագրի հերթական տարելիցը տեղի է ունենում Հայաստանում խիստ կարևոր խորհրդարանական ընտրությունների գործընթացի ֆոնին, որն առայժմ գործնականում զուրկ է մնում ծանրակշիռ քաղաքական բովանդակությունից, ընդ որում այն աստիճան, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը նույնիսկ հարկ է համարում հայտարարել, որ ընտրության մասնակիցները պետք է հստակ ներկայացնեն պետության ապագայի իրենց տեսլականն ու պատկերացումը:

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0