Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը պոպուլիստական են, անհիմն հայտարարություններ՝ ընտրողի ձայնն ստանալու համար. Աշոտ Եղիազարյան

Բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը պոպուլիստական են, անհիմն հայտարարություններ՝ ընտրողի ձայնն ստանալու համար. Աշոտ Եղիազարյան

By
Բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը պոպուլիստական են, անհիմն հայտարարություններ՝ ընտրողի ձայնն ստանալու համար. Աշոտ Եղիազարյան

Բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը, չեմ վախենա այդպես արտահայտվել, պոպուլիստական են. առանց հիմք ունենալու ընտրողին ուղղված հայտարարություններ են՝ ընտրողի ձայնն ստանալու համար: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Աշոտ Եղիազարյանը: «Նրանք չեն դնում այն հիմնական խնդիրը, որ բոլոր հիմնախնդիրների պատճառը Հայաստանի մեկուսացվածությունն է, դաշնակիցներ չունենալը: Քանի դեռ դա հաղթահարված չէ, ինչ ծրագիր ուզում ես դիր, այն դառնում է դատարկախոսություն»,- նշեց Եղիազարյանը: Տնտեսագետը նաև անդրադարձել է վարչապետի՝ 5.2 մլրդ դոլարի ներդրման հայտարարությանը և վերջին ամիսներին արտարժույթների ներհոսքի հարցերին:

-Վարչապետն ասել է, որ արդեն առաջիկայում իրականացվելու են 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-840 կլինի 2017 թ.-ին, և լրացուցիչ քննարկում են 5.2 մլրդ դոլարի ծրագրեր: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է սա իրատեսական:

-Իհարկե, դրանք ընդամենը հայտարարություններ են՝ արված Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական անմխիթար ֆոնի վրա: Դա կարելի է դիտարկել և նախընտրական, և ընդհանրապես կառավարության կողմից խոստումներ, որոնք իրականանալի չեն: Այսօր ստեղծված իրավիճակը պարզապես Հայաստանը դարձրել է ներդրումների համար ոչ գրավիչ, և Հայաստանում առաջիկայում սպասվում են գործողություններ, որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Տարբեր առիթներով ասել եմ, որ Հայաստանը ստիպված պետք է լինի մեկ կարևոր ընտրություն կատարել, որովհետև Հայաստանի ճակատագիրը, ապագան՝ և՛ ներդրումների, և՛ աշխատատեղերի ստեղծման, և՛ անվտանգության առումով անխզելիորեն կապված է Արևմտյան կառույցների հետ:

-Այսինքն՝ այդ 830-840 միլիոն դոլարի ծրագրերը, որոնք նախատեսված են 2017 թ.-ին, նո՞ւյնպես անիրատեսական են։

-Մենք հիմա այնպիսի տնտեսական տարածքի մաս ենք կազմում՝ Ռուսաստանը, ԵԱՏՄ-ն, որը օրեցօր կաթվածահար է լինում, այդ տնտեսական տարածքը գնալով նեղանում է: Բացի այդ, Հայաստանը և՛ ենթակառուցվածքների, և՛ արտադրական կառուցվածքների առումով նույնպես բազում պրոբլեմներ ունի, որոնք անհաղթահարելի են առանց խոշոր, մեծածավալ ներդրումների: Հայաստանը պետք է կարգի բերի իր տրանսպորտային, էներգետիկ, գյուղատնտեսական ենթակառուցվածքները: Ըստ էության, Հայաստանն այսօր ճգնաժամի, մեկուսացման մեջ է, իսկ մեկուսացված տարածքում, այն էլ Հայաստանի ունեցած պոտենցիալով, անհնար է որևէ նախագիծ իրականացնել և աշխուժություն մտցնել տնտեսության մեջ:

-Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի տնտեսական դրույթները որքանո՞վ են իրատեսական: Շատերը հայտարարում են, որ դրանք պոպուլիստական են, Դուք ի՞նչ եք կարծում:

-Բոլոր ծրագրերը, չեմ վախենա այդպես արտահայտվել, պոպուլիստական են: Այն իմաստով, որ առանց հիմք ունենալու ընտրողին ուղղված հայտարարություններ են՝ ընտրողի ձայները ստանալու համար: Ոչ միայն պոպուլիստական են, այլ նաև ազնիվ չեն: Ըստ էության, ոչ մի տարբերություն չկա կառավարության ներկայացրած և իրենց ներկայացրած ծրագրերի միջև: Նրանք չեն դնում այն հիմնական խնդիրը, որ բոլոր տնտեսական, քաղաքական և անվտանգային հիմնախնդիրների պատճառը Հայաստանի մեկուսացվածությունն է, դաշնակիցներ չունենալը: Հայաստանը չի կարող ինքնուրույն իրականացնել ոչ միայն արտաքին և պաշտպանության ոլորտի քաղաքականություն, այլ նաև՝ տնտեսական: Քանի դեռ այդ մեկուսացումը հաղթահարված չէ, ինչ ծրագիր ուզում ես դիր, դա դառնում է դատարկախոսություն:

-Մասնագետները նշում են, որ ըստ Կենտրոնական բանկի հաշվետվությունների՝ վերջին 2-3 ամիսներին, կապված նախընտրական շրջանի հետ, ավելացել է արտարժույթների հոսքը դեպի Հայաստան՝ շուրջ 50 տոկոսի չափով՝ նախորդ տարվա հունվարի հետ համեմատած: Ի՞նչ եք կարծում՝ այս գործընթացը ի՞նչ հետևանքներ կունենա հետընտրական շրջանում:

-Որոշակի չափով արտարժույթների ներհոսքը Հայաստան, կարծում եմ, կապված է բանկերի խոշորացման հետ: Գիտեք, որ բանկերի կապիտալը պետք է 30 մլրդի հասցվի, և որոշակի ներհոսք է եղել, որպեսզի բանկերի համապատասխանեցվեն այդ նորմատիվին: Ընդունում եմ, որ հնարավոր է նաև ընտրությունների հետ կապված որոշակի ներհոսք եղած լինի, բայց չեմ կարծում, որ դա հիմնական գործոնն է: Չեմ կարծում, որ արտարժույթի ներհոսքը բացասական հետևանք կարող է ունենալ, այնուամենայնիվ, արտարժույթի մուտքը երկիր դրական է: Դա որոշակի ֆինանսական կայունություն կարող է ապահովել, իհարկե կարճաժամկետ կտրվածքով: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ անցած տարի մենք արտաքին պարտքը բավականաչափ մեծացրել ենք: Ընդ որում, արտաքին պարտքի ծավալների մեծ մասը հանրապետություն մուտք է եղել անցած տարվա դեկտեմբերին: Այս գործոնները ֆինանսական շուկային որոշակի կայունություն են հաղորդում, բայց ժամանակավոր: Ժամանակավոր լինելու իմաստով էլ կարող են առաջանալ տատանումներ ֆինանսական շուկայում, որը կարող է ի վերջո դուրս գալ վերահսկողությունից:

-Ի՞նչ նկատի ունեք՝ վերահսկողությունից դուրս գալ ասելով:

-Ընդհանրապես, երբ տնտեսությունը նեղանում է, մենք խնդիրներ ենք ունենում և՛ շուկաների, և՛ ներքին արտադրության, և՛ բնակչության գնողունակության հետ կապված: Խնդիրներ կարող են առաջանալ նաև դրամի, փոխարժեքի հետ կապված: Դրանք այնպիսի ցուցանիշներ և խնդիրներ են, որոնք կառավարության և կենտրոնական բանկի՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության հասկանալի և կայուն իրականացնելու իմաստով դառնում է խնդրահարույց: Երբ վիճակը շատ է ծանրանում, այն կարող է իսկապես դառնալ անկառավարելի և անվերահսկելի: Ես նման բան չեմ բացառում այս վատթարացող սոցիալ-տնտեսական միտումների ֆոնին:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0