Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Գյումրիի ողբերգության դասերը

Գյումրիի ողբերգության դասերը

By
Գյումրիի ողբերգության դասերը

Հայաստանի հասարակությունն այսօր սգում է Գյումրիում մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի՝ Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության տարելիցը: Մեկ տարի առաջ հին Նոր տարին դիմավորել պատրաստվող Հայաստանը «դիմավորեց» իր պատմության հերթական ողբերգությունը:

Գյումրիում մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունն իր դրսևորումով բոլորովին համեմատելի չէ այն ողբերգությունների հետ, որ հայ ժողովուրդն ապրել է իր կյանքում, այդ թվում և՝ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում: Բայց իր բնույթով, իր ազդեցությամբ, իր առաջացրած հասարակական արձագանքով և ցնցումով այդ ողբերգությունը իր տեղն է զբաղեցրել նորագույն պատմության երկու այլ արյունահեղությունների՝ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի կողքին, սև էջերում:

Գյումրիի ոճրագործության կամ Պերմյակովի գործի մասին անցնող տարվա ընթացքում ասվել կամ խոսվել է բազմաթիվ անգամներ, բազմաթիվ տեսանկյուններից, տարբեր մակարդակներում: Եվ անկասկած, այդ գործը բաց վերքի նման շարունակելու է իր զգացողությունը թողնել Հայաստանի հասարակական և պետական ընթացքի վրա, ինչպես շարունակում են թողնել Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Ողբերգություններն ընդհանրապես ունեն այդ «հատկանիշը», և հենց դրանով են նաև ողբերգություն, դրանում է նաև նրանց ողբերգական էությունը, ոչ թե լոկ կատարվածի ծանրությամբ:

Ողբերգության սարսափելի հատկանիշներից է շարունակվելու, կրկնվելու հատկությունը, երբ չեն քաղվում անհրաժեշտ դասերը: Մենք անհրաժեշտ դասեր չքաղեցինք Հոկտեմբերի 27-ից, մենք չենք քաղել դասերը Մարտի 1-ից: Ի՞նչ դասեր ենք քաղել մենք հունվարի 12-ից: Ընդ որում՝ խնդիրը այստեղ, իհարկե, ոճրագործությունների, ողբերգությունների բացահայտումը չէ միայն: Ավելին՝ միգուցե ամբողջական բացահայտումը, լիարժեք բացահայտումը հենց լինելու է ավելի հետագայի արդյունքը, որ կլինի անհրաժեշտ դասերը քաղելու պարագայում: Մենք բոլորովին չենք փորձում համեմատել արյունալի այդ էջերը, մեկը բխեցնել մյուսից: Սակայն մեկ բան այդ ամենում ընդհանուր է՝ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, մենք բոլորս:

Այդ ամենն անցնում է մեր կյանքով, մեր գլխով, մեր պետականությամբ, և այդ ամենի համար ծանր գինը վճարում ենք մենք բոլորս: Այս տեսանկյունից, Գյումրիի ողբերգությունը հերթական դրսևորումն էր հայկական պետականության մի քանի կարևորագույն ինստիտուտների բացակայության, որոնք ընդհանուր առմամբ հանդիսացան պետական ինքնիշխանության առնվազն տկարության աղաղակող դրսևորում:

Գյումրիի ողբերգությունը ի ցույց դրեց հայկական իրավապահ համակարգի տկարությունը, անվտանգության համակարգի տկարությունը՝ երբ Հայաստանում ռուսական ռազմակայանն իր գործունեությամբ, ըստ էության, հայտնվել է Հայաստանի պետական վերահսկողության դաշտից դուրս (առավել ևս, որ Պերմյակովի դեպքը ամենացնցողն էր, սակայն առաջինը չէր այդ ռազմակայանի գոյության հետևանքով արձանագրված ողբերգական դեպքերի շարքում):

Գյումրիի ողբերգությունն ի ցույց դրեց նաև Հայաստանում քաղաքական ինստիտուտների բացակայությունը, քանի որ տեղի ունեցածից հետո ակնհայտ անիրավության և անարդարության հանդեպ դժգոհող, բողոքող, իր բողոքի միանգամայն արդարացի, սահմանադրորեն ամրագրվող ձայնը բարձրացնող Հայաստանի քաղաքացին մնաց Հայաստանի և ՌԴ իշխանության դեմ միայնակ, ըստ էության անպաշտպան՝ ի վերջո բախվելով որոշակի մանիպուլյացիոն ազդեցությունների: Իսկ քաղաքական ինստիտուտները, ինչպես և իշխանական կառույցներն ու քաղաքական իշխանությունը ընդհանրապես, առաջնորդվեցին զուտ սեփական շահերով:

Եվ այս կոնտեքստում Գյումրիի ողբերգությունը ի ցույց դրեց պետական արժանապատվության համար իր ձայնը բարձրացնելու պատրաստ քաղաքացիական ռեսուրսի առկայությունը՝ թեև ինքնակազմակերպման կամ կազմակերպման լրջագույն խնդիրներով, ձևակերպման լրջագույն բարդություններով, բայց առկա ռեսուրսը, որը կարող է չնկատվել, թվալ վերացած, փոշիացած, սակայն գրեթե ակնթարթորեն հառնող, երբ առաջանում է անհրաժեշտությունը: Տա Աստված, որ այդ անհրաժեշտությունները հետայսու առաջանան ոչ ողբերգական առիթներով:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0