Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ռուսաստանն առաջարկում է խորացնե՞լ Հայաստանի շրջափակումը

Ռուսաստանն առաջարկում է խորացնե՞լ Հայաստանի շրջափակումը

By
Ռուսաստանն առաջարկում է խորացնե՞լ Հայաստանի շրջափակումը

Արմենպրեսը հայտնում է, որ Իրանի եւ ՌԴ միջկառավարական հանձնաժողովի նիստում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը առաջարկել է միավորել Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի էներգահամակարգերը, նաեւ գազային հանգույցները: Դրա վերաբերյալ համաձայնագիր կողմերը ստորագրել են դեռեւս 2004 թվականին, ստեղծել հանձնաժողով, բայց ինչպես գրում է Ռոսբալտը՝ գործն առաջ չէր գնացել: Ներկայումս Ռուսաստանն առաջարկում է աշխուժացնել գործընթացը, ինչը թերեւս պայմանավորված է Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների չեղարկման հեռանկարով:

Բայց, ըստ ամենայնի, այստեղ խնդիրը միայն այն չէ, որ չեղարկվում են պատժամիջոցներն ու բացվում հնարավորություններ: Այստեղ կա ակնհայտ քաղաքական համատեքստ, որն, ըստ ամենայնի, պայմանավորված է մեկ այլ քաղաքական գործընթացի հետ, որ ցանկանում է սկսել Վրաստանը: Վերջին մի քանի օրերին Վրաստանի իշխանությունը ինտենսիվ հայտարարություններ արեց այն մասին, թե քննարկվում է Իրանից Վրաստան գազի ներկրման հեռանկարը:

Թե ինչ կոնկրետ հող ունեն այդ հայտարարություններն իրենց տակ, առայժմ պարզ չէ, առավել եւս, որ չկա Իրանից Վրաստան խողովակաշար անգամ: Բայց, ակնհայտ է, որ Թբիլիսին անում էր քաղաքական հայտարարություններ, փորձելով տարածաշրջանում ձեւավորել նոր վեկտոր: Այստեղ Վրաստանի խնդիրը շատ պարզ է: Թբիլիսին ցանկանում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները եւ չմնալ թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության մեջ: Չի բացառվում, որ Թբիլիսին որդեգրել է նաեւ զուտ տարանցիկ կարգավիճակի վրա հենված սուբյեկտությունը «հարստացնել» տարածաշրջանային ավելի լայն քաղաքական դերակատարման հավակնությամբ: Ընդ որում, այդ հավակնությունները պարունակում են Կովկասում նոր առանցքի ձեւավորման հեռանկար՝ Իրան-Հայաստան-Վրաստան, ելքով դեպի Սեւ ծով: Այդ տեսլականի մասին խոսել է նաեւ Իրանը, իհարկե կրկին առավելապես քաղաքական գործընթացի պատրաստակամության հաղորդագրության իմաստով: Այդ համատեքստում էլ հետաքրքրական էր հոկտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանի անսպասելի այցը Վրաստան եւ այնտեղ հայկական եկեղեցու բացմանը Վրաստանի ոչ պաշտոնական, ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու ներկայությունը:

Եվ ահա, Թբիլիսիի հայտարարություններին ի պատասխան Մոսկվան փորձում է աշխուժացնել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան առանցքը: Արդյո՞ք դա նշանակում է, որ մոսկովյան առաջարկը փաստացի առաջարկ է Հայաստանը շրջանցելու մասին: Զարմանալի չի լինի իհարկե, քանի որ Ռուսաստանի համար դա ռազմավարական խնդիր է, քանի որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերության զարգացումն ու խորացումը, հատկապես ռազմավարական բնագավառներում, կնշանակի Հայաստանի անկախության պոտենցիալի, ինքնիշխանության պոտենցիալի ընդլայնում, հետեւաբար նաեւ Ռուսաստանից կախվածության էական թուլացում:

Ավելին, եթե ձեւավորվում է Իրան-Հայաստան-Վրաստան առանցք, ապա դա փաստացի նշանակում է, որ Կովկասում ճեղքվում է ռուս-թուրք-ադրբեջանական գերակայության մենաշնորհը:

Այդ համատեքստում զարմանալի չէ, որ Մոսկվան առաջարկում է աշխուժացնել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան առանցքը: Բնական է, որ դրան լիովին համաձայն է նաեւ Բաքուն, քանի որ այդպիսով նախ Վրաստանը կշարունակի մնալ Բաքվի «ներքո», Հայաստանը կշարունակի մնալ շրջափակված, նաեւ կպահպանվի ռուս-թուրք-ադրբեջանական գերակայությունը եւ Իրանն էլ չի ստանա տարածաշրջանում իր նշանակությունը մեծացնելու հնարավորություն:

Փաստացի, Մոսկվայի առաջարկը թե Հայաստանի շրջափակումը խորացնող առաջարկ է, թե Հայաստանի տարածաշրջանային դերակատարման հեռանկարն արգելափակող:

Այստեղ իհարկե շատ բան կախված է նրանից, թե ինչքանով կարող են մրցունակ լինել Հայաստանն ու Վրաստանը եւ համոզել Իրանին, որ զարգացումը պետք է տանել Հայաստան-Վրաստան ուղղությամբ: Կամ, որ Հայաստան-Վրաստան ուղղությամբ էլ պետք է տանել զարգացումը, առնվազն այն պատճառով, որ դա Իրանի համար կլինի Ադրբեջան-Ռուսաստան ուղղությամբ ընթացքում ծանրակշիռության երաշխիք:

Շատ բան կախված է նաեւ այն բանից, թե միջազգային ինչ աջակցություն ունի Իրան-Հայաստան-Վրաստան ուղղությունը: Այստեղ արգելափակողները, մտահոգվածները հայտնի են: Իսկ կա՞ն աշխարհաքաղաքական այլ շահառուներ, թե Արեւմուտքում, թե նաեւ Արեւելքում, մասնավորապես ի դեմս Չինաստանի:

Միեւնույն ժամանակ, եթե դրանք լինեն, կարո՞ղ է Հայաստանը վարել ինքնուրույն քաղաքականություն եւ չդառնալ այդ հնարավոր ուղղությամբ «ռուսական սեպ»: Այդ հարցի դրական պատասխանը մեղմ ասած միարժեք չէ, հատկապես նկատի ունենալով, թե Հայաստանի ընդուպ ներքաղաքական կյանքում ինչ հավակնություններ են արտահայտվում Ռուսաստանից:

Այդուհանդերձ անկասկած է թերեւս, որ, նկատի ունենալով խնդրի աշխարհաքաղաքական նշանակությունը, Հայաստանից կախված հնարավորինս քիչ բան կթողնեն, եթե կայացվի Հայաստան-Իրան-Վրաստան տարածաշրջանային գիծ ձեւավորելու աշխարհաքաղաքական որոշում, եւ Ռուսաստանի ուղղությամբ անհրաժեշտ հարցերը կլուծվեն աշխարհաքաղաքական այլ միջոցներով, եթե Մոսկվան չգնա ողջախոհ եւ իրատես փոխզիջման:

Հակոբ Բադալյան, մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0