Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ինչպես Սերժ Սարգսյանն իշխանությունը վերցրեց Քոչարյանից

Ինչպես Սերժ Սարգսյանն իշխանությունը վերցրեց Քոչարյանից

By
Ինչպես Սերժ Սարգսյանն իշխանությունը վերցրեց Քոչարյանից

«Սերժ Սարգսյանի շատ լավ գիտե, որ էն, ինչ որ ինքն արել է Ռոբերտ Քոչարյանի հետ՝ որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն էլ ուներ մեծ պլաններ եւ ծրագրեր, էն ինչ որ ինքն արել է Ռոբերտ Քոչարյանի հետ, նույն բանն իր հետ անելու է այն մարդը, որը դառնալու էր որպես իր ժառանգորդ, Հայաստանի հանրապետության նախագահ: Ինքը շատ լավ գիտե, որ այս գործող Սահմանադրության պայմաններում վարչապետի պաշտոնը իրեն չէր փրկելու եւ շատ արագ իր ժառանգորդ նախագահը, ինչքան էլ որ ինքը նրան վստահեր, Սերժ Սարգսյանի հարցը լուծելու էր, եւ դրա համար է, որ ինքը գնում է մի համակարգ ստեղծելու, որում ինքը պահպանելու է ամբողջ լծակները իր ձեռքում», օրերս Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարել էր ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանի հայտարարության մեջ բավական հետաքրքիր է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերության բնութագրումը: ՀԱԿ խմբակցության ղեկավարը փաստորեն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ որ բան է արել: Բայց ի՞նչ:

Բանն այն է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը չի զբաղվել հրապարակային որեւէ գործունեությամբ, աշխատել է Հայաստանից դուրս՝ ռուսական Սիստեմա ընկերությունում, Հայաստանում միայն հարցազրույցներ է տվել, չի ներկայացրել քաղաքական կամ հասարակական գործընթացի մասնակցության հայտ:

Ուրեմն ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին, եւ այդ ինչի՞ց է, որ հենց ինքը Սարգսյանն էլ փորձում է խուսափել, ըստ Լեւոն Զուրաբյանի, ու դրա համար էլ ներդնում է խորհրդարանական կառավարման մոդել:

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին կամ նրա ընտանիքին որեւէ բիզնեսի՞ց է զրկել: Որքան հայտնի է, այդպիսի գործողության վերաբերյալ տեղեկատվություն կարծես թե չի հրապարակվել, Ռոբերտ Քոչարյանը, նրան մոտ կանգնած անձինք, փորձագետներն ու մեդիան կարծես թե որեւէ անգամ չեն ահազանգել այն մասին, որ նախկին նախագահի հանդեպ կատարվում է տնտեսական հետապնդում:

Ի՞նչ գիտե Լեւոն Զուրաբյանը, որ չգիտե հանրությունը: Այն, որ Հայաստանում հնարավոր են կուլիսային բազմաթիվ եւ բազմաբնույթ զարգացումներ, դա իհարկե գաղտնիք չէ: Եվ շատ հնարավոր է, որ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նկատի ունի հենց այդպիսի մի գործողություն: Չի բացառվում նաեւ, որ դրա մասին նրան տեղյակ է պահել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը համարվում է Ռոբերտ Քոչարյանի թիմակից: Օսկանյանն օրինակ Զուրաբյանին կարող էր Քոչարյանի հանդեպ Սարգսյանի որեւէ քայլի մասին պատմած լինել հայտնի զրույցի ընթացքում, որի գաղտնալսման մի հատված դարձավ հանրային սեփականություն:

Բայց, իհարկե ուշագրավը դա չէ, այլ երկու նախագահների՝ երկրորդ եւ երրորդ նախագահների պայքարն իր ստվերային եւ բացահայտ դրսեւորումներով, ու այդ պայքարի պրոյեկցիան հասարակական-քաղաքական կյանքի վրա:

ՀԱԿ-ը փորձեց խաղալ այդ պայքարի վրա, բայց խաղն ավարտվեց նրանով, որ ՀԱԿ-ը դարձավ մարգինալ քաղաքական ուժ, իսկ Ռոբերտ Քոչարյանը կորցրեց ԲՀԿ-ն:

Այդուհանդերձ, ներկայում տեղի ունեցող ներհամակարգային զարգացումների համատեքստում Լեւոն Զուրաբյանի բերած օրինակը կարող է լինել բնութագրական: Բանն այն է, որ իրականությունը թերեւս լիովին հակառակն է իր տրամաբանությամբ, քան այն, ինչ ասում է Լեւոն Զուրաբյանը:

Այն, ինչ արել է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Սերժ Սարգսյանը, փաստացի արել է հենց վարչապետի պաշտոնում՝ 2007 թվականին: Ռոբերտ Քոչարյանը 2006 թվականին խթանելով ԲՀԿ ստեղծումն ու դա վստահելով իր ամենամերձավոր օլիգարխ Գագիկ Ծառուկյանին, փորձեց հրապարակ բերել Վարդան Օսկանյանին, որը 2006-ի վերջում հանդես եկավ մի քանի ծրագրային ելույթով, ակնհայտորեն դուրս գալով արտգործնախարարի ավանդական շրջանակից եւ նաեւ հրապարակ բերելով «էլիտայի համար ցավ ենթադրող երկրորդ սերնդի բարեփոխումների» գաղափարը:

Չափազանց նկատելի էր Ռոբերտ Քոչարյանի մտադրությունը կամ հաշվարկը՝ Վարդան Օսկանյան նախագահի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական մեծամասնություն եւ Ռոբերտ Քոչարյան վարչապետ: Բայց, այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին հաջողվեց տապալել այդ ծրագրերը եւ 2007 թվականի խորհրդարանի ընտրության օրվա երկրորդ կեսից իրավիճակը շրջել ՀՀԿ-ի կողմը: Ռոբերտ Քոչարյանն ի վերջո իջավ իր նախագահական բարձունքից եւ գնաց ՀՀԿ գրասենյակ Սերժ Սարգսյանի շնորհավորելու: Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը փաստացի զիջեց հենց այդ ժամանակ, ոչ թե 2008 թվականին: Սերժ Սարգսյանը իշխանությունը վերցրեց վարչապետի պաշտոնով:

Ավելին, 2008-ից հետո, հատկապես Մարտի 1-ից հետո, նախագահի պաշտոնում իշխանությունը նա պահում էր առավելապես մինչ այդ վարչապետի իշխանությամբ ունեցած իներցիայով: Իսկ նախագահի պաշտոնում ամրապնդվել նրան օգնեց ՀԱԿ-ԲՀԿ տանդեմը:

Հակոբ Բադալյան, մեկնաբան

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0