Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո պետք է առնվազն աճի ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակությունը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո պետք է առնվազն աճի ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակությունը

By
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո պետք է առնվազն աճի ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակությունը

Masis malian

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո պետք է առնվազն աճի ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակությունը

1in

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

- Պարոն Մայիլյան, նախորդ շաբաթվա սկզբին Փարիզում Օլանդի նախաձեռնությամբ կայացավ Ալիև-Սարգսյան հանդիպումը: Ակնկալում էինք, որ ֆրանսիական հովանավորությամբ անցկացվող այս հանդիպումից հետո կլինի հայտարարություն և կհասկանանք, թե ինչ փուլում են բանակցությունները, այնինչ այս անգամ ևս չտարածվեց որևէ հայտարարություն, միայն Օլանդը խոսեց այն մասին, որ կողմերը համաձայնել են աշխատել խաղաղության մեծ պայմանագրի վրա, որի մասին խոսվում է գրեթե 20 տարի: Ֆրանսիական Le Monde-ը դրական գնահատեց այն, որ նախագահները կարողացել են Փարիզում ոչ միայն բանակցել, այլև շփվել: Ինչպե՞ս եք գնահատում փարիզյան բանակցությունների արդյունքները:

- Հակամարտող կողմերի իշխանությունների և հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումները դրական եմ գնահատում: Եթե նույնիսկ նախագահական մակարդակով հանդիպումների ժամանակ չեն ստորագրվում փաստաթղթեր և չեն ընդունվում համատեղ հայտարարություններ, նման երկխոսությունը նպաստում է հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը: Բարձր մակարդակի գագաթնաժողովն ավելի շատ արդյունքներ կտար, եթե անցկացվեր ամբողջական՝ եռակողմ ձևաչափով, այսինքն՝ հակամարտության բոլոր երեք կողմերի ղեկավարների մասնակցությամբ:

- Հանդիպումից մի քանի օր անց Ֆրանսուա Օլանդը Փարիզում ընդունեց Էրդողանին: Երկու նախագահներն անդրադարձան փարիզյան բանակցություններին: Տեսակետներ կան, որ Խաղաղության մեծ պայմանագիր ասելով նկատի է առնվում հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ասել է Խաղաղության մեծ պայմանագիր, և դա որքանո՞վ կապ ունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, և եթե համաձայն եք, ապա ստացվում է, որ Թուրքիայի իշխանություններին հաջողվեց իսկապես կապակցել ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները:

- Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր քայլերը պայմանավորում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով կամ Հայաստանի/Արցախի կողմից Ադրբեջանին միակողմանի տարածքային զիջումներով:

Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիր ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև, ապա պաշտոնական Անկարան, օրինակ, ստիպված կլինի առնվազն վերացնել Հայաստանի ցամաքային շրջափակումը, եթե նույնիսկ եռակողմ համաձայնագրի տեքստում հիշատակում չլինի Թուրքիայի մասին:

Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունեն սերտ կապ, բայց հարաբերությունների կարգավորումը կամ այս խնդիրներից որևէ մեկի լուծումը կօգնի առաջ ընթանալ մյուս խնդրի կարգավորման գործընթացում:

- Պարոն Մայիլյան, Հայաստանը ստորագրեց ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը: Ըստ Ձեզ՝ սա կամրապնդի՞, թե՞ կթուլացնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դիրքերը բանակցային գործընթացում:

- Հայաստանի անդամակցությունը նոր տնտեսական միավորմանը չի կարող անմիջականորեն անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա: Բայց Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ի թիվս այլ հանգամանքների, նշանակում է ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների էլ ավելի սերտացում: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի Զինված ուժերի հիմնական մատակարարն է սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում (Ռուսաստանը զենք է վաճառում նաև Ադրբեջանին): Հայ-ռուսական հարաբերությունների նոր մակարդակը պետք է առնվազն ապահովի ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակության այնպիսի աճ, որը մեր ընդդիմախոսներին կհարկադրի հրաժարվել քաղաքական խնդիրների լուծման ուժային մեթոդներից:

- Օրերս ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարը նշել էր, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի հարցը կթողնեն հայ սահմանապահների տնօրինմանը, ինչը նշանակում է, որ կարող են նաև չթողնել: Սա ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը փաստորեն երաշխավորված չէ՞, որ ապագայում նման մաքսակետ գործի իր ողջ ծավալով:

- Իմ կարծիքը հետևյալն է.հայ ժողովրդի երկու հատվածների միջև բաժանարար մաքսային սահմանը, Հայաստանի Հանրապետությանը և Արցախին պատճառելիք տնտեսական վնասից բացի, կունենա նաև լրջագույն քաղաքական և հոգեբանական հետևանքներ: ՀՀ-ն և ԼՂՀ-ն արդեն ավելի քան 20 տարի գտնվում են մեկ միասնական ֆինանսատնտեսական տարածքում և անվտանգության ընդհանուր միջավայրում, և Հայաստանի անդամակցությունը նոր տնտեսական միավորմանը չպետք է խաթարի առկա ստատուս քվոն: Որպես ստատուս քվոյի պահպանման երաշխավորներ պետք է հանդես գան երկու հայկական պետությունների հասարակություններն ու իշխանությունները և ոչ թե երրորդ երկրների չինովնիկները:

- 2009թ. մայիսի  22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սկիզբ առած «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնությունը» Հելսինկիում նոր հայտարարություն է տարածել: Ինչպե՞ս եք գնահատում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում ժողովրդական դիվանագիտության դերը:

- Ընդհանուր առմամբժողովրդական կամ «Track II» կոչվող դիվանագիտությունը հակամարտության մեջ գտնվող հասարակությունների մակարդակում երկխոսության պահպանման հարցումկարևոր դերակատարություն ունի: Բայց պետք չէ սպասել, որ ժողովրդական դիվանագիտությունը ի զորու է կարգավորել հակամարտությունը. դա պաշտոնական դիվանագիտության (Track I) խնդիրն է: Ժողովրդական դիվանագիտությունը միայն կարող է աջակցել պաշտոնական դիվանագիտությանը՝ ձևավորելով հակամարտության կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ:

Ինչ վերաբերում է «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» հայտարարությանը, ապա տեքստում կան ինչպես օգտակար առաջարկներ, այնպես էլ մոտեցումներ, որոնք ինձ համար անընդունելի են:

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0