Գլխավոր էջ | Իրան | Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ԻԻՀ.

Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ԻԻՀ.

By
Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ԻԻՀ.

Կարեն Կարապետյանը և Էսհաղ Ջահանգիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան:

Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել Էսհաղ Ջահանգիրիիին Իրանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վարչապետը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: «Լիահույս եմ, որ այս հանդիպումից հետո մենք նոր շունչ կհաղորդենք մեր համագործակցությանը և մեր օրակարգում գտնվող բոլոր ծրագրերին: Տնտեսական համագործակցությանն անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ այն զգալիորեն զիջում է մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը: Սակայն ավելի քան վստահ եմ, որ կարող ենք նոր հաջողություններ արձանագրել մեր համագործակցության տնտեսական հարթությունում»,- նշել է Կարեն Կարապետյանը: 

ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը: Էսհաղ Ջահանգիրին կարևորել է երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ վարչապետ Կարապետյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության էլ ավելի ակտիվացմանն ու ընդլայնմանը: 

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահի առաջին տեղակալը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը: Իրան-Հայաստան տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացման համար նշանակալի է համարվել «Սյունիք ազատ տնտեսական գոտու» դերը, վերջինիս և իրանական «Արաս» ազատ գոտիների համագործակցությունը: «Վստահ եմ, որ այս գոտին կարող է հետաքրքրել թե իրանական կազմակերպություններին, որոնք կցանկանան դուրս գալ ԵԱՏՄ, եվրոպական շուկաներ, քանի որ Հայաստանը տիրապետում է GSP+ արտոնյալ ռեժիմին, ինչպես նաև այն ընկերություններին, որոնք Իրանի հետ համագործակցության սահմանափակումներ կունենան: Այս համատեքստում նաև արդյունավետ գործիք կարող է լինել արտահանող ներմուծող ընկերության ստեղծումը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ընկերությանը՝ ԵԱՏՄ շուկա դուրս գալու հարցում:

Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները: 

Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, մուլտիմոդալ տարանցիկ փոխադրումները, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրականական կողմի հնարավոր մասնակցությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ էներգետիկ համագործակցությանը: Կարևորվել է երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը նաև մաքսային մարմինների միջև: Վարչապետ Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:

Անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ գործընթացը հնարավորինս շուտ կավարտվի և նշել, որ հայկական կողմը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: 

Կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները՝ պայմանավորվելով մոտ ժամանակներս անցկացնել հերթական՝ 15-րդ նիստը:

ՀՀ վարչապետը և Իրանի առաջին փոխնախագահը նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ԼՂ հիմնահարցում հավասարակշռված դիրքորոշման համար: 

Կարեն Կարապետյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է: 

Հանդիպմանը քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

 

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0