Գլխավոր էջ | Միջազգային | Եվրոպան ընդունում է, որ Թուրքիան ԵՄ-ում տեղ չունի, սակայն անդամակցության բանակցություններից չի հրաժարվում

Եվրոպան ընդունում է, որ Թուրքիան ԵՄ-ում տեղ չունի, սակայն անդամակցության բանակցություններից չի հրաժարվում

By
Եվրոպան ընդունում է, որ Թուրքիան ԵՄ-ում տեղ չունի, սակայն անդամակցության բանակցություններից չի հրաժարվում

Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ, քանի դեռ երկրի ղեկին կանգնած է Էրդողանը: Oրերս նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը: Նրա խոսքով` Էրդողանի ղեկավարության օրոք Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ արժեքներից:

«Դա չի նշանակում, որ մենք նրանց չենք ուզում տեսնել ԵՄ կազմում: Բայց թուրքական կառավարությունն Էրդողանի օրոք արագ տեմպերով Եվրոպան ներկայացնող արժեքներին հակառակ ուղղությամբ է շարժվում: Պարզ է, որ ներկա վիճակով Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ»,- Bild պարբերականի փոխանցմամբ ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցն էր հայտարարել, որ Թուրքիան չի կարողանա ԵՄ անդամ դառնալ անգամ 2023-ին, երբ կլրանա ներկայիս Թուրքիայի Հանրապետության ձևավորման 100-ամյակը: Նրա խոսքով` Էրդողանն ակնհայտորեն դիկտատորին բնորոշ վարք է դրսևորում:

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության գործընթացը, որն ընթանում էր 2005-ից ի վեր, հեղաշրջման ձախողված փորձից հետո ստեղծված իրավիճակի պատճառով, սառեցված է: Հետզհետե առավել ակնհայտ է դառնում, որ այդ անդամակցությունն իրատեսական չէ, գոնե մոտ ապագայում, սակայն կողմերից ոչ մեկը դեռ չի հայտնել անդամակցության գործընթացից հրաժարվելու մասին: Թուրքիան գործընթացը դադարեցնելու հանրաքվեն պարբերաբար որպես սպառնալիք հաղթաթուղթ է օգտագործում Եվրոպայի հետ հարաբերություններում:

Իսկ երկու կողմերի հռետորաբանությունն աստիճանաբար խստանում է: Բանն անգամ հասել է Գերմանիայի կողմից հնչեցված տնտեսական պատժամիջոցների կիրառման սպառնալիքին:

Իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն օրերս հայտարարել է, որ Թուրքիան «հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից», հատկապես՝ մարդու իրավունքների բնագավառում: «Կասկած ունեմ, որ Էրդողանն ուզում է, որպեսզի ԵՄ-ն կասեցնի Թուրքիային իր համայնք ընդունելու բանակցությունները, որպեսզի ողջ պատասխանատվությունը թողնի եվրոպացիների, ոչ թե Թուրքիայի վրա»,- հայտարարել է Յունկերը:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները չեն կարող լավանալ առանց մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի:

«Հաշվի առնելով, որ Գերմանիայում ապրում է Թուրքիայի 3 միլիոն քաղաքացի, ցանկալի կլիներ, որ այդ երկրի հետ լավ հարաբերություններ ունենայինք: Այնուամենայնիվ, մենք չենք կարող չհարգել որոշ սահմանադրական սկզբունքներ, որոնք ներկայումս Թուրքիայում չեն պահպանվում»,- հայտարարել է Մերկելը:

Նա նաև շեշտել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման նախապայման է Գերմանիայի՝ Թուրքիայում ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակելը: Թուրքիայում անազատության մեջ է գտնվում Գերմանիայի 10 քաղաքացի, որոնց մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Երկու երկրների հարաբերություններն այնքան են սրվել, որ Գերմանիան սկսել է Ինջիրլիկ ռազմաբազայից իր զորքերի դուրսբերումը: Իր հերթին Էրդողանը գերմանաբնակ թուրքերին կոչ է արել առաջիկայում սպասվող ընտրություններում չքվեարկել Մերկելի կուսակցության օգտին: Էրդողանի այս արարքը Գերմանիայում դիտարկել են որպես կոպիտ միջամտություն իրենց ներքին գործերին:

Նշենք, որ չնայած լարված քաղաքական հարաբերություններին՝ ԵՄ-ն և Թուրքիան ու հատկապես Գերմանիան և Թուրքիան սերտ տնտեսական կապեր ունեն: Թուրքիայում, օրինակ, գործում է շուրջ 6800 գերմանական ընկերություն` ապահովելով շուրջ 60 հազար աշխատատեղ: Երկու երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է 36 մլրդ դոլար:

Մեկնաբանություններ (0 posted)

total: | displaying:

Ձեր մեկնաբանությունը

  • Bold
  • Italic
  • Underline
  • Quote

Մուտքագրեք նկարում առկա նիշերը

Captcha
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0