Գլխավոր էջ | Թուրքիա | Նման հիմարություններ պարբերաբար լինում են․ սրիկան փորձել է այրել հայկական եկեղեցու դուռը

Նման հիմարություններ պարբերաբար լինում են․ սրիկան փորձել է այրել հայկական եկեղեցու դուռը

By
Նման հիմարություններ պարբերաբար լինում են․ սրիկան փորձել է այրել հայկական եկեղեցու դուռը

Թուրքիայում կրկին հակահայկական տրամադրություններ են։ Քաղաքացիներից մեկը փորձել է վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Ստամբուլի հայկական «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ին պատմել է, որ քաղաքացին իր քայլը պարզաբանել է, թե պատճառը հայերի՝ կորոնավիրուսը Թուրքիա բերելն է։

«Եկեղեցու դուռը երկաթից է, բարեբախտաբար, որևէ վնաս չի եղել եկեղեցուն։ Ամեն պարագայում այստեղ հայերի նկատմամբ թշնամությունը միշտ գոյություն ունի, և նման հիմարություններ ժամանակ առ ժամանակ պատահում են։ Այդ սրիկան փորձել է այրել եկեղեցու դուռը, չի հաջողվել»,- ասաց Էստուկյանը։

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը այս հարցը բարձրացրել է Թուրքիայի խորհրդարանում։ Պատգամավորը նշել է, որ ատելության մթնոլորտի պայմաններում Բաքըրքյոյում և տարբեր շրջաններում պարբերաբար այսպիսի ոտնձգությունների են ականատես լինում։

Բագրատ Էստուկյանը նկատեց, որ թեև Կարո Փայլանը հարցը բարձրացրել է խորհրդարանում, բայց որևէ ակնկալիք չկա, քանի որ այս պահին խորհրդարանը որևէ լիազորություն չունի։ Նրա խոսքերով՝ Թուրքիայում մենատիրություն է, միայն Թուրքիայի նախագահն ունի անսահմանափակ լիազորություններ։

Կորոնավիրուսը Թուրքիայում նահանջում է։ Էստուկյանի խոսքերով՝ եթե նախորդ երկու շաբաթներին ամեն օր մահանում էր 120-130 հոգի, հիմա՝ 30-40, վարակվածների թիվն էլ նվազել է։

Երեկվանից Թուրքիայում սահմանափակումները որոշակիորեն վերացել են, խանութները բացվել են։

«Թեև մարման ընթացքի մեջ է, բայց կա մտահոգություն, որ կարող է ծավալվի երկրորդ ալիքը։ Դպրոցները, ուսումնական հաստատությունները, սրճարանները, կինոթատրոնները փակ են»,-ասաց նա։

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0