Գլխավոր էջ | Տարածաշրջան | 1920թ. Շուշիի հայերի ջարդերը ռուս գրողների հուշերում

1920թ. Շուշիի հայերի ջարդերը ռուս գրողների հուշերում

By
1920թ. Շուշիի հայերի ջարդերը ռուս գրողների հուշերում

…Ես Ղարաբաղը տեսա լեռնային,

Տեսա գիշատիչ Շուշի քաղաքը,

Ուր ճաշակեցի սարսափներ մահի –

Հոգուս խռովքին համանվագ:

Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,

Ակնախոռոչներ մութ, սնամեջ.

Դառը տքնանքի բոժոժը հմուտ

Թաղված էր այնտեղ` լեռների մեջ… [թարգմ.՝ Հրաչյա Բեյլերյանի]

 

Այսպես է ռուս գրող Օսիպ Մանդելշտամը «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ նկարագրել Շուշին 1920թ. հայերի ջարդերից տարիներ անց։

1920թ. գարնանը՝ մարտի 23-26-ին, ադրբեջանական զորքերը հարձակվում են Շուշիի ծաղկուն հայկական թաղամասի վրա, հիմնովին ավերում ու հայաթափում քաղաքը։ Շուրջ 8-10 հազար հայ դառնում է մի քանի օր շարունակվող ոճրագործության զոհ, շուրջ նույնքան հայ բնակիչ էլ փախչում Շուշիից: Քաղաքը, որի բնակչության մեծամասնությունը հայեր էին, Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության հետանքով  վերածվել էր «ադրբեջանական քաղաքի»:

Օ. Մանդելշտամը կնոջ՝ Նադեժդա Մանդեշտամի հետ ջարդերից 10 տարի անց է այցելում Շուշի, որտեղ նույնիսկ տարիներ անց զգացվում էր մահվան շունչն ու կոտորածի պատկերը։ «Այդ տարիներին մենք ամեն քայլի տեսնում էինք մուսավաթականների ջարդերի հետքերը (Շուշին միայն արդեն բավ էր)…»,- գրել է Ն. Մանդելշտամը։

Մանդելշտամ ամուսինները 1930թ. աշնանը լուսածագին ավտոբուսով Գյանջայից [Գանձակ, Կիրովաբադ] հասնում են Շուշի և ականատես լինում ողբերգությունն ու ջարդերը փաստող տեսարանների։ «Քաղաքն սկսվում էր անծայրածիր գերեզմանոցից։ Մեզ արդեն վիճակվել էր տեսնել բնակիչների կողմից լքված, մի քանի կիսավեր տներից բաղկացած գյուղեր, բայց այս՝ մի ժամանակ ակնհայտ հարուստ ու բարեկարգ քաղաքում, աղետի ու կոտորածի պատկերը չափազանց ակնհայտ էր։ Մենք քայլում էինք փողոցներով և ամենուր նույն պատկերն էր. երկու շարք տներ՝ առանց տանիքների, պատուհանների, դռների։ Կոտրված պատուհաններից տեսանելի էին դատարկ սենյակները, տեղ-տեղ՝ պաստառների կտորները, երբեմն կոտրված կահույքի մնացորդները… Ասում են կոտորածից հետո բոլոր ջրհորները դիակներով բերնեբերան լցված էին։ Եթե որևէ մեկը ողջ էր մնացել՝ փախել էր այս մահվան քաղաքից»,- գրում է Ն. Մանդելշտամը։

Լեռնային բոլոր փողոցներում նրանք որևէ մարդու չեն հանդիպում։ Միայն ներքևում՝ շուկայի հրապարակում տեսնում են մարդկանց, որոնց մեջ, սակայն, գեթ մեկ հայ չկար, միայն մահմեդականներ էին։ Օսիպ Մանդելշտամի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ կարծես շուկայում մահմեդականները այն մարդասպանների մնացորդներն են, որոնք տասը տարի առաջ ավերել էին քաղաքը, միայն թե դրանից որևէ «օգուտ» չէին քաղել նրանք. փողոցում արևելյան աղքատություն, հրեշավոր ցնցոտիներ ու թարախոտ պալարներ նրանց դեմքերին…:

Թեև Ամուսինները քաղցած էին, սակայն նրանք չեն համարձակվում այդ ձեռքերից բլիթներ գնել … «անհնար է մի կտոր հաց ուտել… Ջուր էլ չես խմի այդ ջրհորներից…»։

Քաղաքում չկային ո՛չ հյուրանոցներ, ո՛չ էլ նույնիսկ այցելուների համար «ընդհանուր» («общо») կոչվող սենյակներ, որտեղ միասին քնում էին տղամարդիկ և կանայք։ Դեպի Գյանջա ավտոբուսը մեկնում էր առավոտյան։ Մարդիկ շուկայում նրանց առաջարկում են գիշերել իրենց մոտ, բայց նրանք քաղաքում պահպանված մահվան շնչից ու ջարդերի պատկերից սարսափած, որոշում են ամեն գնով վերադառնալ Ստեփանակերտ։ «…Իսկ Մանդելշտամը չէր կարողանում ազատվել այն մտքից, որ իր առջև ջարդարարներ ու մարդասպաններ են»։

Նրանց հաջողվում է կայանատեղիում հանդիպել միակ կառապանին և «փախչել» «այդ մահվան քաղաքից» ու ամիսներ անց գրչին հանձնել Շուշիում հայերի ջարդերից մնացած ակնհայտ հետքերի ու ավերածությունների մասին իրենց վկայությունները։

Այս ոճրագործության հետքերը Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը սկսում է վերացնել 1960-ական թթ.-ներին՝ հիմնահատակ քանդելով հայկական թաղամասի ավերված տների և եկեղեցիների մի մասի ավերակները, իսկ այսօր փորձում են կեղծել ու խեղաթյուրել պատմությունը, պնդելով, թե «Շուշին ադրբեջանական քաղաք է»: Այնինչ պատմական իրողությունն անհերքելի է, և հենց պատմական արդարությունն այն վերադարձել է իր իրական տերերին։

Գոհար Գրիգորյան

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0