Գլխավոր էջ | Տարածաշրջան | «Ռուսական ռազմաբազան ՀՀ-ում վերազինվում է, նորացվում է, որի շնորհիվ աճելու է բազայի ռազմական ներուժը». Խրամչիխին

«Ռուսական ռազմաբազան ՀՀ-ում վերազինվում է, նորացվում է, որի շնորհիվ աճելու է բազայի ռազմական ներուժը». Խրամչիխին

By
«Ռուսական ռազմաբազան ՀՀ-ում վերազինվում է, նորացվում է, որի շնորհիվ աճելու է բազայի ռազմական ներուժը». Խրամչիխին

«ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կիրականացնի Ռուսաստանը՝ անհրաժեշտության դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի դերին, արդյունավետությանը Հայաստանի համար և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկմանը:

Ալեքսանդր Խրամչիխինն ասել է, որ ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների բռնկման դեպքում ՀԱՊԿ-ը՝ իր Կանոնադրության համաձայն, չի կարող միջամտել և որևէ դերակատարություն չունի այդ հարցում: Իսկ եթե հարվածի տակ հայտնվի Հայաստանը, ապա ՀԱՊԿ-ը պետք է միջամտի Հայաստանի դիմումի հիման վրա:

«Նման անհրաժեշտության պարագայում Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ բոլոր անդամների կողմից դժվարանում եմ ասել՝ կլինի՞ նման աջակցություն, թե՞ ոչ, բայց Ռուսաստանը միանշանակ կիրականացնի ՀԱՊԿ-ի այդ պարտավորությունը: Հավանական եմ համարում, որպեսզի ՀԱՊԿ-ը հավանություն տա այնպիսի որոշման, համաձայն որի՝ միջամտություն իրականացնի միմիայն Ռուսաստանը: Ամենայն հավանականությամբ, անհրաժեշտության դեպքում նման ձևաչափ կգործի»,- ասել է Խրամչիխինը:

Նրա խոսքով՝ նման միջադեպերին ՀԱՊԿ-ի արձագանքը պետք է լինի միջամտության տեսքով, սակայն դա հնարավոր է միայն հայկական կողմի դիմումի դեպքում:

«Այլ դեպքերում ՀԱՊԿ-ը կարող է հայտարարություն տարածել կամ չտարածել տեղի ունեցողի վերաբերյալ, և, եթե չեմ սխալվում, եղել են դեպքեր, երբ հայտարարություն տարածվել է: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում նման անդրադարձ ևս կարող է լինել, սակայն գլխավոր հարցը վերաբերում է կոնկրետ միջամտությանը, որը, ինչպես նշեցի՝ հնարավոր է Ռուսաստանի կողմից՝ Հայաստանի դիմումի հիման վրա»,- ասել է նա:

Հարցին, թե ինչո՞ւ է կրկնապատկվում ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներուժը՝ նա պատասխանեց, որ գործընթացը կարող է գնահատել միայն դրա ավարտից հետո:

«Այս պահին կարող եմ միայն ասել, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում շատ են հնացած զինատեսակները: Ամենայն հավանականությամբ, հենց այս պատճառով է տեղի ունենում վերազինում, քանի որ հայկական բազայում կան զինատեսակետներ, որոնք անգամ Ռուսաստանի որևէ զորամասում չկան: Այսինքն՝ Ռուսաստանում արդեն իսկ այդ վերազինումը վաղուց տեղի է ունեցել, ուստի անհրաժեշտ է հների փոփոխությունը: Սա անհրաժեշտ փոփոխություն է, քանի որ կան զինատեսակներ, որոնք ՌԴ ԶՈՒ-ում արդեն չկան պարզապես, չեն արտադրվում: Ռազմաբազան նորացվում է, վերազինվում, որի շնորհիվ ռազմական ներուժն աճելու է»,- ասել է Խրամչիխինը:

Անդրադառնալով ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու մասին խոսակցություններին, ռուս ռազմական փորձագետն ասաց, որ դա ՀՀ ներքին գործն է:

«Դա լիովին հնարավոր է, բայց դրանից հետո, ըստ իս, Դուք 100 տոկոս կմնաք առանց Ղարաբաղի, բայց դա Ձեր գործն է, Դուք առաջինը չեք լինի, որը պատմության ընթացքում սեփական որոշման համաձայն՝ դիմել է «ինքնասպանության»»,- ասաց Խրամչիխինը:

Նա իր դիրքորոշումն այսկերպ պարզաբանել է. «Բազայի առկայությունը զսպում է Թուրքիային: Հայաստանը գուցե Ադրբեջանից կարողանա գլուխ հանել, իսկ Ադրբեջանին ու Թուրքիային միասին հնարավոր չէ որևէ կերպ հակազդել: Ռազմաբազայի դուրսբերման դեպքում կարող է լինել վերջնագիր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ Հայաստանին հանձնել Ղարաբաղը, որի դեպքում Հայաստանը կդիմի ՆԱՏՕ-ին, սակայն այնտեղ նրան կառաջարկեն հարցը լուծել խաղաղ ճանապարհով, որի հետևանքով Հայաստանը ստիպված կլինի Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով կամ ռազմական»:

Ամփոփելով՝ Խրամչիխինը կրկնել է, որ դա ՀՀ ներքին գործն է, և այս կարծիքն իր անձնական տեսակետն է՝ տարածաշրջանում ուժերի ներկայիս իրավիճակի, հնարավորությունների և ապագա հնարավոր զարգացումների վերաբերյալ:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0