Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ո՛չ իրավական, ո՛չ փաստական հիմք չկա. ինչ սպասել Վերաքննիչ դատարանից

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ո՛չ իրավական, ո՛չ փաստական հիմք չկա. ինչ սպասել Վերաքննիչ դատարանից

By
Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ո՛չ իրավական, ո՛չ փաստական հիմք չկա. ինչ սպասել Վերաքննիչ դատարանից

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։

Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերի հետ և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն Վերաքննիչ քրեական դատարան։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։

Դրան զուգահեռ, երեկ կրկին չկայացավ առաջին ատյանի դատարանում նշանակված դատական նիստը։ Ինչպես հայտնի է, Քոչարյանը կրկին վիրահատվել է և ներկայումս գտնվում է հիվանդանոցում։ Դատավորը տեղեկացրեց, որ դատական նիստից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին: «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը հայտնել է, որ երկրորդ նախագահն իրեն բավարար լավ է զգում, իսկ վերականգնողական շրջանի տևողությունը կախված է Քոչարյանի առողջական վիճակից: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մեկ շաբաթ անց։

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մերժման վերաբերյալ ներկայացվելիք վերաքննիչ բողոքին, ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ո՛չ իրավական, ո՛չ փաստական հիմք չկա. «Ակնկալում եմ, որ խափանման միջոցը անփոփոխ կմնա մինչև գործի քննության հիմնական մասը լսելու ընթացքում։ Ամենաքիչն այդքան ժամանակ»,- ասաց Սաֆարյանը։

Մեր հարցին՝ Վերաքննիչ դատարանից որևէ վտանգ չկա՞, որ կփոփոխի Քոչարյանի խափանման միջոցը, Սաֆարյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ դատարաններից, որոշ դատավորներից նման բան սպասել հնարավոր չէ։ Սպասելի է։ Ես ասում եմ, որ օբյեկտիվ իրականության մեջ Քոչարյանի խափանման միջոցը չի կարող փոխվել, իսկ սուբյեկտիվ մղումներով որոշ դատավորներ կարող են համակրանք ունենալ Քոչարյանի նկատմամբ։ Այդ համակրանքը ու անցյալի կախվածությունն ու կապվածությունը կարող է բացասական անդրադարձ ունենալ։ Բայց դե այս ամենը չի նշանակում, որ բոլոր դատավորները նման կախվածության մեջ են ու այդպես են մտածում։ Իմ կարծիքով՝ բոլորն էլ հիմնականում հասկացել են, թե պրոբլեմը որն է, որտեղ է, և այդ պրոբլեմը՝ արդարադատությանը խոչընդոտելը հաշվի առնելով՝ Վերաքննիչ դատարանում էլ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի»,- ընդգծեց Սեդա Սաֆարյանը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որը տուժողի իրավահաջորդ է այս գործով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանից իր սպասելիքը մեկն է, որ Քոչարյանը կմնա կալանքի տակ, բայց անակնկալներ միշտ էլ կարող են լինել՝ հաշվի առնելով, որ դատական համակարգը լիքն է դեռ Քոչարյանի ժամանակներից եկած ու նրան «պարտական դատավորներով»։ «Այս պահին ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ով է վերաքննիչում լինելու այդ գործով դատավորը, ու ինչ կալելի է սպասել նրանից»,- ասաց Քլոյանը։

Անդրադառնալով երեկ չկայացած նիստին, մեր զրուցակիցը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ այդ ամենը մեկ նպատակ ունի՝ որքան հնարավոր է հետաձգել դատական նիստերը՝ մինչև հրապարակվի իրենց դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումը։ «Սա իրենց սցենարն է, հիմա վիրահատվել է, մի ամիս էլ տենց կպարկի հիվանդանոցում, հաջորդ նիստն էլ չի կայանա նույն պատճառով՝ մինչև լինի Սահմանադրական դատարանի որոշումը։ Իրենց միակ հույսը դա է»,- ասաց Քլոյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը Սահմանադրական դատարանում վիճարկում է 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը, որը վերաբերում է Քոչարյանի անձեռնմխելիությանը։ Այդ հարցով Սահմանադրական դատարանը դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով, այդ կառույցներից ակնկալելով խորհրդատվական կարծիք։ Ակնկալվում է, որ հունիս ամսին կլինի այս խորհրդատվական կարծիքը, և Սահմանադրական դատարանը, ի վերջո, որոշում կկայացնի։

Հեղինակ՝ Սոնա Հարությունյան

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0