Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հետաքրքրական բացահայտումներ

Հետաքրքրական բացահայտումներ

By
Հետաքրքրական բացահայտումներ

ԻՍԼԱՄԱՑԱԾ ՀԱՅԵՐՆ ՈՒ ԱՍԱԼԱՆ և ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԱՌԵՎԱՆԳՎԵՑ ՈՒ ԱՆՀԵՏ ԿՈՐԵՑ ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ԱԲՐԱՀԱՄ ԱՇՃՅԱՆԸ

2020թ. մարտի 3-ից ազգագրագետ Հրանուշ Խառատյաը հանդես է եկել հոդվածաշարով (թվով 72 հոդված), քննարկելով, Ցեղասպանությունից հետո Թուրքիայի հանրապետության գավառներում ապրած և իրենց վրա կրած քեմալիզմի շրջանի աքսորները, նոր տեղահանումները, իսլամացումներն և բազմաթիվ այլ հարցեր։ Մարյիսի 11-ին, 72-րդ հոդվածով ազգագրագետը  ««Ինքնութիւնների իրաւունքի» զարգացումները Թուրքիայի Հանրապետութիւնում» խորագրով անդրադարձել է  իսլամացուած հայեր վրա ԱՍԱԼԱ-ի գործողությունների անդրադարձի մասին, գրելով․ «․․․հայերի հանդէպ հրահրուած համընդհանուր ատելութեան գործօնից այդ շրջանում դեր է խաղացել նաեւ  ASALA-ի (Armenian Secret Army for the Liberation of Armenia [Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ՀԱՀԳԲ)]) գործողութիւնների հետեւանքով հայկական ցաւոտ թեմայի նոր հրապարակային արծարծումը: Լռեցուած Հայկական Հարցը միջազգային քաղաքական, իրաւական հարթութիւն վերադարձնելու նպատակով ստեղծուած այս խումբը որպէս միջոց ընտրել էր թուրքական դեսպանատների, հիւպատոսարանների, պետական պաշտօնատար անձանց, զինուորական եւ ոստիկանական հաստատութիւնների, թուրքական բիզնես միջավայրի, մասնաւորապէս «Turkish Airlines» ընկերութեան գրասենեակների դէմ զինուած գործողութիւնները: Մօտ քսան տարիների ընթացքում տեղի է ունեցել աւելի քան 200 գործողութիւն, որոնց արդիւնքում սպանուել են մօտ 100 եւ վիրաւորուել աւելի քան 200 մարդ, գործունէութեան աշխարհագրութիւնն ընդգրկել է Անգլիա, Յունաստան, Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցաիա, Կոպենհագեն, Իսպանիա, Իտալիա, Դանիա, Գերմանիա, Հունգարիա, ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Թուրքիա, Իրան, Իրաք երկրները: ԱՍԱԼԱյի կողմից յանձն առնուած վերջին գործողութիւնը 1997-ի Յունիսին Բրիւսելում Թուրքիայի դեսպանատան առջեւ իրականացուած պայթիւնն էր»։

https://www.lragir.am

ԱՍԱԼԱ-ի մասին ազգագրագետի նշումը, դժգոհություն է պատճառել, Հայ հեղափոխական դաշնակցությունից (ՀՅԴ) անցյալ տարի հեռացված, ՀՅԴ-ի օրգան՝ Դրոշակի արդեն նախկին խմբագիր Նազարեթ Բերբերյանին, ով հրապարակել է բողոք- պահաջ գրելով․ «Տիկին Խառատեան որեւէ ակնարկութիւն չունի Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ (Հ․Ց․Ա․Մ․) ընդյատակեայ կազմակերպութեան մասին։ Մինչդեռ, իրաւամբ, Հայ Դատի ուժական պայքարի ախոյեաններն են ՄԱՐՏԻԿՆԵՐ»։

Բերբերյանը չբավարավելով, հայաստանյան հետազուտողներին մեղադրելով, որ նրանք աներկբա չեն ընդունում Սփյուռքի՝ (իմա ՀՅԴ-ի) հորդորները, և նրանց զրպարտել է այլասերված լինելու, «մեծապետական Արեւմուտքի» օրինակի հետևելու մեջ։

Նա գրել է․ «ՀԱՅ ԴԱՏԻ ՈՒԺԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ-ը ԱՍԱԼԱ-յին վերագրելու ԱՆՏԵՍՈՒՄ-ը ընդհանրացած է հայաստանեան աղբիւրներու եւ հեղինակներու մեծ մասին մօտ՝ մեծապետական Արեւմուտքին կողմէ երեք տասնամեակ առաջ մշակուելէ եւ շրջանառութեան մէջ դրուելէ ետք։ Այո՛, ամէն հիմք կայ հարց տալու, թէ՝ «ինչո՞ւ Հայաստանի մէջ լռութիւն կը պահեն․․․ «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ուն մասին»։  (1)

Բերբերյանի գրությունը իր էջի վրա տեղադրել և վերատարածել է նախկին լիբանանահայ, կանադայաբնակ Կարպիս Եսայանը, կցելով (թագ անելով) Հրանուշ Խառատյանի և Նազարեթ Բերբերյանի էջերին:

Նազարեթ Բերբերյանի Գրառմանը պատասխանել է տվել Հրանուշ Խառատյանը։ (2)

Այս գրությանն հավելվեց նաև Սևակ Արշակյանի ԱՍԱԼԱ-ՀՅԴ առնչությունների և «ՀՑԱՄ-ի փաստացի ղեկավար Աբրահամ Աշճյանի առևանգման հանգամանքների մասին» (3) և Լազար Սանասարյանի գրառումը, ով ՀՅԴ-ից վերջին տարիներում հետացվածների մոտեցումներ համարում է մակերեսային դժգոհանքների արդյունք (4)։

Իրենց իսկ ձեռքով ստեղծված իրավիճակը (Խառատյանի պատասխանը և երկու այլ գրառումները) ըստ էության դյուր չի եկել նյութը հրապարակողներին:

Նազարեթ Բերբերյանը իր գրառումը անջատել է կցման վիճակից (անթագ է արել) մի խոսքով անհամեստորեն իր էջից հեռացրել է Հրանուշ Խառատյանի պատասխան գրությունը, նաև երկու այլ կոմենտները, իսկ Կարպիս Եսայանը պահելով Խառատյանի կցումը, միայն հեռացրել է երկու մեկնաբանությունները:

Փաստորեն նախկին դաշնակցականները, անշեղորեն հետևում են ՀՅԴ-ում ստացած ուսուցմանը՝ այլոց լռեցնելու, պատասխանելու փոխարեն այլախոհների տեսակետը կամ հարցումը ջնջելու ավանդական գործելաոճին։

Նկատի ունենալով Հրանուշ Խառատյանի հոդվածի թեմայի նաև Բերբերյանին նրա պատասխանի և ՀՅԴ-ի ներքին կյանքին առնչվող հեռացված երկու կոմենտներում ընդգրված փաստերի շահեկանությունը, մենք հրապարակում ենք բոլոր գրառումները:

    Նազարեթ Բերբերյան․

(1)

«…Պայքարին լիարժէք գնահատումը եւ անոր մասին ամբողջական ճշմարտութեան պատմագիտական ամրագրումը ճիտին պարտքն է հայ քաղաքական մտքի բոլոր գիտաշխատողներուն։

Ճշմարտութեան անաչառ ամրագրումը ՊԱՐՏՔ ԵՆՔ յատկապէս անձնուէր այն բոլոր մարտիկներուն, որոնք Հայկական Յեղափոխութեան աւանդներուն տէր կանգնելով՝ Պահանջատէր Հայութիւնը օժտեցին պատմութեան քառուղիներուն վրայ բարձրահասակ ու ճակատաբաց կանգնելու եւ Հայ Դատի պայքարը դէպի յառաջ շարժելու ինքնավստահութեամբ։»

 

Nazareth Berberian

ՄԵՐ ՈՒՂԻՆ

Օրուան Սլաքը

«Ինչո՞ւ լռութիւն կը պահեն․․․ «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ուն մասին

Ն․ Պէրպէրեան

«Ինքնութիւնների իրաւունքի» զարգացումները Թուրքիայի Հանրապետութիւնում» խորագրին տակ եւ նիւթին ընդգրկուն գիտաշխատութեամբ՝ ծանօթ մտաւորական ու արժէքաւոր ազգագրագէտ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏԵԱՆ, «Լրագիր»ի 11 Մայիսի կայքէջով, սկսած է հրապարակել շատ հետաքրքրական եւ ուսուցանող յօդուածաշարք մը։

Հայ քաղաքական մտքի ուշադիր քննարկման՝ արձագանգին եւ խորացումին արժանի է աշխատասիրութիւնը, մանաւանդ որ կարեւոր լոյս կը սփռէ Թուրքիոյ Հանրապետութեան քաղաքացիներու ոչ-թուրք[սիւննի] մեծամասնութեան դէմ ամէն գնով պետականօրէն պարտադրուող ԹՐՔԱՑՄԱՆ հետեւողական քաղաքականութեան ծալքերուն վրայ։

Յօդուածաշարքի առաջին բաժնին մէջ, սակայն, հայերու թրքացման քաղաքականութիւնը մերկացնող իր ներածականով՝ Հր․ Խառատեան կ՚անդրադառնայ Հայոց Ցեղասպանութեան շուրջ քաշուած Լռութեան Պատը քանդելու կոչուած Հայ Դատի ուժական պայքարին եւ կը կատարէ անհեթեթ զանցառում մը՝ հակաթուրք ահաբեկչական գործողութիւնները վերագրելով բացառապէս․․․ ԱՍԱԼԱ անունով գործած Հայաստանի Ազատագրութեան Հայկական Գաղտնի Բանակին։

Ահա՛ խնդրոյ առարկայ պարբերութիւնը․-

«Թուրքական հասարակութեան «ինքնութիւնների իրաունքի» զարգացումներին հայկական ինքնութիւնը պահպանուած, նաեւ կեղծ իսլամացուած հայերը գործնականում լուռ եւ աննկատ մնացին: Բացի հայերի հանդէպ հրահրուած համընդհանուր ատելութեան գործօնից այդ շրջանում դեր է խաղացել նաեւ ASALA-յի (Armenian Secret Army for the Liberation of Armenia[Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ (ՀԱՀԳԲ)]) գործողութիւնների հետեւանքով հայկական ցաւոտ թեմայի նոր հրապարակային արծարծումը: Լռեցուած Հայկական Հարցը միջազգային քաղաքական, իրաւական հարթութիւն վերադարձնելու նպատակով ստեղծուած այս խումբը որպէս միջոց ընտրել էր թուրքական դեսպանատների, հիւպատոսարանների, պետական պաշտօնատար անձանց, զինուորական եւ ոստիկանական հաստատութիւնների, թուրքական բիզնես միջավայրի, մասնաւորապէս «Turkish Airlines» ընկերութեան գրասենեակների դէմ զինուած գործողութիւնները: Մօտ քսան տարիների ընթացքում տեղի է ունեցել աւելի քան 200 գործողութիւն, որոնց արդիւնքում սպանուել են մօտ 100 եւ վիրաւորուել աւելի քան 200 մարդ, գործունէութեան աշխարհագրութիւնն ընդգրկել է Անգլիա, Յունաստան, Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցաիա, Կոպենհագեն, Իսպանիա, Իտալիա, Դանիա, Գերմանիա, Հունգարիա, ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Թուրքիա, Իրան, Իրաք երկրները: ԱՍԱԼԱ-յի կողմից յանձն առնուած վերջին գործողութիւնը 1997ի Յունիսին Բրիւսելում Թուրքիայի դեսպանատան առջեւ իրականացուած պայթիւնն էր: Գործողութիւնների առաւել խիտ ժամանակաշրջանը 1980-1983ն էր,-1980ին տեղի է ունեցել 29 գործողութիւն, որից ութը՝ միայն Հոկտեմբեր ամսին՝ Հոկտեմբերի 3ին, 4ին, 6ին, 8ին, 9ին,12ին, 20ին եւ 23ին, 1981ին` 37 գործողութիւն, 1982ին՝ 22, 1983ին` 27»:

https://www.lragir.am

Տիկին Խառատեան որեւէ ակնարկութիւն չունի Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ (Հ․Ց․Ա․Մ․) ընդյատակեայ կազմակերպութեան մասին։

Մինչդեռ, իրաւամբ, Հայ Դատի ուժական պայքարի ախոյեաններն են ՄԱՐՏԻԿՆԵՐ-ը – իրենց զուգահեռ գործած Հայ Յեղափոխական Բանակին հետ -, որոնց նաեւ վերապահուեցաւ բացառապէս թրքական պետութեան ներկայացուցիչներուն՝ դեսպաններուն եւ առաջին կարգի դիւանագէտներուն դէմ հայոց ԲՈՂՈՔԻ  ՀԱՐՈՒԱԾ-ը ուղղելու սկզբունքայնութիւնը, այլեւ՝ պատահական զոհերէ ըստ հնարաւորինս խուսափելու նախանձախնդրութիւնը։

Հայ ժողովուրդի նորօրեայ պատմութեան ամէնէն ողբերգական եւ կնճռոտ նիւթերէն է ԱՍԱԼԱ-յի կողմէ Ցեղասպանութեան Մարտիկներու ԱՔԹ-երը «իւրացնել»ու, նաեւ՝ Հ․Ց․Ա․Մ․ կազմակերպութիւնը իբրեւ ԱՍԱԼԱյի «ենթաբաժին»ը ներկայացնելու նենգափոխիչ վարքագիծը, որ ի վերջոյ յանգեցաւ նաեւ․․․ եղբայրասպան արիւնահեղութեան։

Տեղը եւ ժամանակը չէ հին վէրքեր գրգռելու եւ փակուած թղթածրարներ վերաբանալու։

Բայց Հրանուշ Խառատեանի հեղինակութեամբ մտաւորականէն ու գիտաշխատողէն արդարօրէն կը սպասուի, որ պատմական ճշմարտութեանց նկատմամբ նախանձանդիր գտնուի, մանաւանդ որ երեւոյթը՝ ՀԱՅ ԴԱՏԻ ՈՒԺԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ-ը ԱՍԱԼԱ-յին վերագրելու ԱՆՏԵՍՈՒՄ-ը ընդհանրացած է հայաստանեան աղբիւրներու եւ հեղինակներու մեծ մասին մօտ՝ մեծապետական Արեւմուտքին կողմէ երեք տասնամեակ առաջ մշակուելէ եւ շրջանառութեան մէջ դրուելէ ետք։

Այո՛, ամէն հիմք կայ հարց տալու, թէ՝ «ինչո՞ւ Հայաստանի մէջ լռութիւն կը պահեն․․․ «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»ուն մասին։

Նոյնիսկ ուշագրաւ է այն պարագան, որ երբ այս առիթով՝ եթէ ստուգման համար բանաք «ՎԻՔԻՊեԴԻԱ» Ազատ Հանրագիտարանը՝ իր հայերէն տարբերակով, որ կը խմբագրուի հայաստանեան վերահասութեամբ, պիտի նկատէք, որ ի տարբերութիւն անգլերէն «WIKIPEDIA» մայր հանրագիտարանի տրամադրած նիւթին՝ հայաստանեան-հայկական տաբերակի անդրադարձը ԱՍԱԼԱ-յին կը վերագրէ գլխաւոր գործողութիւնները եւ սոսկ «լրացուցիչ» յիշատակումի կ՚արժանացնէ Հ․Ց․Ա․Մ․ն՝ զայն զրկելով – չես գիտեր ինչո՛ւ – ԱՍԱԼԱ-յին «շնորհուած» քարոզչական շռայլանքէն․․․

Հայ քաղաքական միտքը արդարօրէն կը սպասէ վերանկախացեալ Հայաստանի մտաւորականներէն ու գիտաշխատողներէն, որ վերջապէս սրբագրեն խեղաթիւրումի այդ «ժառանգութիւն»ը։

Սրբագրման սպասումը աւելիով կարեւոր կը դառնայ՝ եթէ վերաբանանք Արեւմուտքի կողմէ «Հայկական Ահաբեկչութեան» վերաբերեալ պետականօրէն մշակուած խեղաթիւրումներու թղթածրարը։

Michael M. Gunter կը հանդիսանայ «Հայկական Ահաբեկչութեան» մասին Արեւմուտքի մէջ տարածուած եւ արմատաւորուած մտակաղապարման գլխաւոր ճարտարապետներէն մէկը։

Անոր Armenian Terrorism in the Twentieth Century գործէն առնուած է ստորեւ անգլերէն բնագրով հրատարակուած գիրքին ամփոփումը․-

Abstract

Tacitly supported by many Armenians and others throughout the world as legitimate revenge for what most observers viewed as genocide in World War I, Armenian terrorism in the twentieth century was an excellent example of how one person’s terrorist can be viewed by some as another’s freedom fighter. In seeking revenge for past perceived wrongs and eventual independence, Armenian terrorism also shared common characteristics with such other ethnic-based terrorist movements as the Irish and Palestinian, among others. In another sense, however, Armenian terrorism, as well as its support in the larger Armenian community, was unique in its visceral hatred of its Turkish enemy. Also unique was how Armenian terrorism manifested two separate periods of activity separated by almost half a century: (1) The period immediately after World War I when a secretive Armenian organization called Operation Nemesis assassinated several former Ottoman officials, and (2) the period from approximately 1973–1985 when the Marxist Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) and its more right-wing, Dashnak, nationalist rival the Justice Commandos of the Armenian Genocide (JCAG), after July 1983, the Armenian Revolutionary Army (ARA) assassinated numerous Turkish diplomats as well as a number of third parties.

Հայոց Ցեղասպանութեան գործադրումին եւ անոր ծրագրման ու կազմակերպման մէջ թրքական պետութեան պատասխանատուութեան պատմագիտական յստակացումն ու վճռահատումը այժմէական ու հիմնական կարեւորութիւն կը ներկայացնեն Հայ Դատի պահանջատիրութեան համար՝ Հայկական Հարցին քաղաքական լուծում մը գտնելու համընդհանուր ճիգերու ծիրէն ներս։

Ինչպէս որ Հր․ Խառատեան կարեւորութեամբ կընդգծէ իր աշխատասիրութեան մէջ, հակաթուրք ուժական պայքարը արագացուցիչի դեր կատարեց Հայկական Հարցին քաղաքական արդար լուծում մը գտնելու միջազգային՝ որոշապէս համեւրոպական զօրաշարժին մէջ։

Հետեւաբար աւելի քան պարզ է, որ Հայ Դատի Ուժական Պայքարին լիարժէք գնահատումը եւ անոր մասին ամբողջական ճշմարտութեան պատմագիտական ամրագրումը ճիտին պարտքն է հայ քաղաքական մտքի բոլոր գիտաշխատողներուն։

Ճշմարտութեան անաչառ ամրագրումը ՊԱՐՏՔ ԵՆՔ յատկապէս անձնուէր այն բոլոր մարտիկներուն, որոնք Հայկական Յեղափոխութեան աւանդներուն տէր կանգնելով՝ Պահանջատէր Հայութիւնը օժտեցին պատմութեան քառուղիներուն վրայ բարձրահասակ ու ճակատաբաց կանգնելու եւ Հայ Դատի պայքարը դէպի յառաջ շարժելու ինքնավստահութեամբ»։

++++++++

  (2)   

Հրանուշ Խառատյանի պատասխանը։

«Մեծարգո պարոն Nazareth Berberian, շատ շնորհակալ եմ Ձեր դիտարկման համար: Ասեմ, որ այս շարքը մայիսի 11-ից չէ, որ սկսել եմ, այլ մարտի 3-ից, և մինչև հիմա հրատարակվել է 72 հոդված: Սկզբում՝ շուրջ 17 ընտանեկան պատմություններ այն հայերի մասին, որոնք Ցեղասպանությունից հետո ապրեցին Թուրքիայի հանրապետության գավառներում և իրենց վրա կրեցին քեմալիզմի շրջանի թուրքական հայատյացության նոր որակի ձևավորման ողջ ընթացքը՝ աքսորներով, նոր տեղահանումներով, իսլամացումներով, միշտ ֆիզիկական հաշվեհարդարի վտանգի տակ: Այնուհետև առանձին խնդիրներ են Թուրքական ազգային ուխտի ձևավորման, ընթացքի և այլն հետ կապված՝ թուրք-հայկական պատերազմը, Քեմալ-Լենին համաձայնությունները, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացումը, Մոսկվայի-Կարսի-Լոզանի կոնֆերանսները և համաձայնագրերը, թուրքական ինքնությունների ձևավորման քեմալական ծրագիրը, թրքական ինքնության ձևավորումն Ադրբեջանում, քեմալիզմ-ստալինիզմ զուգահեռականությունը Թուրքիա և ԽՍՀՄ արդիականացող հասարակություններում և այլն: Եթե Դուք երբևէ ժամանակ գտնեք դրանք նույնպես նայելու՝ շատ երախտապարտ կլինեմ բոլոր նկատառումների, քննադատության, մեկնաբանությունների համար: Սա մի թեմա է, որը մինչև ամբողջական տեսք ստանա, դեռ շատ ուսումնասիրությունների կարոտ կլինի: Հիմա՝ ըստ էության: Ինչու՞ միայն ԱՍԱԼԱ է հիշատակված և ինչու՞ շրջանցված են «Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ը: Այս աշխատանքում Ցեղասպանության շուրջ լռության պատը ջարդելու հայկական զանազան փորձերը չեն քննարկվում առհասարակ: Այստեղ դիտարկվում է բացառապես Թուրքիայի հանրապետությունում մնացած և արտաքին աշխարհի հետ բացառապես թուրքական աղբյուրների, հիմնականում թուրքական իշխանությունների՝ հայերին վախեցնելու նպատակ ունեցող տեղեկությունների միջոցով հաղորդակցվող հայերի զգացումները: Մասնավորապես 80-ականներին Թուրքիայում շատ բարձրաձայն և սպառնալիքով էին խոսում ԱՍԱԼԱ-ի մասին, չնայած խսողները կարող է նույնիսկ չիմանային ինչ է ԱՍԱԼԱՆ…Այն ամենը, որ թուրք էր սպանում, ԱՍԱԼԱ էր: Առնվազն Թուրքիայում այդեպս էին ներկայացնում: Եվ Թուրքիայում ապրող հայերը լավ գիտեին ԱՍԱԼԱ բառը, որով իրենց սպառնում էին թե հարևանները, թե ծանոթները, առավել՝ իշխանության ներկայացուցիչները: Խոսքն ըն դամենը այն մասին է, որ 70-80 ականներին Թուրքիայում շատ ազգային միավորներ սկսեցին բարձրաձայնել իրենց ազգային ինքնությունները, բայց ոչ հայերը, քանի շատ բարձրաձայն և սպառնալի հնչում էին ՛՛հայկական ԱՍԱԼԱ՛՛ բառերը: Բայց այո, համաձայն եմ, որ խորապես անհրաժեշտ է հետևոաղայկան և ամփոփիչ հետազոտություն անել 20-րդ դարի ետցեղասպանական տարբեր գործողություններին, այդ թվում՝ Թուրքիայի քրդա-եզդիա-ալեվիական դիմադրական գործողություններին հայերի ծածուկ և բաց մասնակցություններին: Ճիշտ է՝ Թուրքիայում իշխանություններն առհասարակ դրանք բոլորը վերագրում են հայկական վրիժառությանը»:

++++++++++++++

(3)

Սևակ Արշակյանի գրառումը։ 

«Հայոց Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներ»-ի (ՀՑԱՄ) հարցը, չպետք է խառնել ԱՍԱԼԱ-ին։

Ահա թե ինչու.

1- ՀՑԱՄ առանձին կազմակերպություն չէ, այլ ՀՅԴ-ի կողմից գործածվող անուն տակտիկական որոշակի նպատակներ հետապնդելու համար։

2- Յուրաքանչուր կազմակերպություն ունենում է քաղաքական ծրագիր, օրգան, ղեկավար մարմին, քաղաքական կեցվածքներ, քաղաքական հայտարարություններ և այլն, որոնց հետ, ընդհանրապես, աղերս չուներ ՀՑԱՄ-ն, որովհետև դա առանձին կազմակերպություն չէր։

  (Աբո) Աբրահամ Աշճյան

3- ՀՅԴ-ը մինչ օրս չի պարզաբանել ՀՑԱՄ-ի փաստացի ղեկավար Աբրահամ Աշճյանի (Աբո) առևանգման հանգամանքները, ով 1982թ. դեկտեմբերի 29-ին իր թիկնապահ Խաչիկ Պասմաճյանի հետ միասին Բեյրութի Էշրեֆիե թաղամասի իր բնակարանից առևանգվեց և անհետ կորավ։ ՀՅԴ-ն ինչո՞ւ առանց փաստարկների և հապճեպ հայտարարությամբ Թուրքիային մեղադրեց այդ հարցում, մինչ կասկածի սլաքները ուղղված էին հենց ՀՅԴ ղեկավարության հասցեին։ Այդ մասին ՀՅԴ մի այլ ղեկավար՝ Լիբանանի ՀՅԴ կենտկոմի անդամ Հրաչ Թուրիկյանը, 2020թ. փետրվար կամ մարտ ամսին հրատարակած իր գրքում, խոստովանում է, որ թե՛ ինքը անձամբ և թե՛ Հրայր Մարուխյանով ղեկավարվող ՀՅԴ բյուրոն նախապես տեղյակ են եղել Աբրահամ Աշճյանի առևանգման ծրագրի, և նույնիսկ թվականի մասին: (REMEMBRANCES AND REFLECTIONS Hratch Tourikian).

ՀՅԴ ղեկավար Թուրիկյանը գրում է. «Նոյեմբեր 1982-ին, լիբանանեան բանակի գաղտնի սպասարկութեան պետ Ճոնի Ապտօ զիս քովը կանչեց եւ ըսաւ. «Պէտք է անմիջապէս մեկնիս Լիբանանէն, որովհետեւ կեանքդ վտանգի տակ է»: Խնդրեց որ Աբօ Աշճեանը եւս տեղեակ պահեմ, թէ անոր կեանքն ալ վտանգուած է: Աբօն տեղեակ պահեցի, որ Ճոնի Ապտօն մեզ կը զգուշացնէ:

Աբօ ըսաւ, թէ քանի մը շաբաթ առաջ զինք առեւանգելու փորձ մը եղած է, բայց չէ յաջողած: Երկու շաբաթ ետք կրկին տեսնուեցայ Ճոնի Ապտոյին հետ: Հարցուց, թէ Աբօն տեղեակ պահեցի՞…:

Դեկտեմբերի կէսերուն կրկին յիշեցուց, որ 20 Դեկտեմբերէն առաջ պէտք է մեկնիմ, ու խնդրեց որ կրկին խօսիմ Աբոյին: Այս անգամ Աբոյին ճաշի գացինք ՍԱՐԳԻՍ ԱԶՆԱՒՈՒՐԵԱՆԻՆ եւ ՇԵՐԻՖԻՆ հետ: Կրկին խօսեցայ Ճոնիին մտահոգութեան մասին, որ ծրագրած են 25-էն 30 Դեկտեմբերի միջեւ Աբօն ու զիս առեւանգել, եւ ըսի, թէ այս մարդը անպայման բան մը գիտէ որ կը պնդէ: Նոյնպէս, տղոց ըսի, որ կացութիւնը լուրջ է, Աբօն առանձին մի՛ ձգէք: 29 Դեկտեմբերին Աբօն առեւանգուեցաւ ու բնաւ չգտնուեցաւ»։

 

  Գրիգոր (Գոգո) Սալիբան

4- Ո՞վ էր Աբրահամ (Աբո) Աշճյանը։ ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ։ Կուսակցության ռազմական առաջին պատասխանատու: ՀՑԱՄ-ի անունով գործողություններ կազմակերպող փաստացի ղեկավար անձը։ Աբո Աշճյանը, մերժելով ՀՅԴ ղեկավարության թելադրանքները, և չենթարկվելով նրանց հերթական ճնշումներին, խուսափում էր ԱՍԱԼԱ-ի հետ լարվածություններ ստեղծելուց և առճակատումից։ Աբո Աշճյանը կատարել էր մի այլ (ու թերևս ամենակարևոր) մի «հանցանք» ևս: Նա 1982թ. հունվարի 28-ի առավոտյան, Լոս Անջելեսում, կազմակրպել էր Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանի գնդակահարումը, որի հետևանքով ձերբակալվեց 19-ամյա Համբիկ Սասունյանը և դատապարվեց ցմահ ազատազրկման, իսկ Համբիկի զինկաից՝ Գրիգոր (Գոգո) Սալիբան, խույս տվեց ԱՄՆ-ից, ապաստանելով Լիբանան, ՀՅԴ-ին։ Գրիգոր Սալիբան ըստ ՀՅԴ-ի մամուլին, Բեյրությում սպանվեց 10 հունիսի 1982թվականին՝ «կույր փամփուշտի զոհ» դառնալով։ https://hy.wikipedia.org

  Սարգիս Ազնավուրյանը

5- Աբրահամ (Աբո) Աշճյանի առևանգումից և անհետ կորելուց հետո, ՀՑԱՄ-ի ղեկավար նշանակվեց Աբո-ի առևանգումի ծրագրից նախապես տեղյակ վերոնշյալ Սարգիս Ազնավուրյանը։ Ազնավուրյանի նշանակումից հետո, որ համընկնում էր Իսրայելի բանակի Լիբանան ներխուժմանը, Լիբանանում սկսվեց ԱՍԱԼԱ-ի համակիրների և ակտիվիստների («հանուն Հայ դատի») սպանությունները։

ՀՅԴ կենտկոմի անդամ և ռազմական պատասխանատու հանցագործ Սարգիս Ազնավուրյանը 1985 թ.-ի ապրիլի 23-ին, գնդակահարվեց Բերությում, ՀՅԴ-ի կենտրոնի առջև։

6- Հանտկանշական է, որ մինչ Աբրահամ (Աբո) Աշճյանի առևանգման համար ՀՅԴ-ն առանց վարանումի և հիմքի մեղադրում է Թուրքիային, հայասպան Սարգիս Ազնավուրյանի սպանության համար մեղադրեց ոչ թե Թուրքիային, այլ ԱՍԱԼԱ-ին։

7- Թե ինչո՞ւ ՀՑԱՄ-ի անունը չպետք է նշել ԱՍԱԼԱ-ի կողքին, անկախ նշված հանգամանքներից, կարևոր է միանգամայն հստակեցնել, որ Հայ-թուրքական հակամարտությունը և Հայկական պահանջատիրությունը, ոչ թե «Հայոց ցեղասպանության արդարության» հարց է, որի համար պայքարում էին «մարտիկները», այլ՝ հողային հարց, «Հայաստանի ազատագրության» հարց, որի համար ծնունդ առավ ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։

8- Բացի բոլոր նշվածներից, հարց է առաջանում, թե ո՞ւր էր ՀՅԴ-ը մինչև ԱՍԱԼԱ-ի ծնունդը, ինչո՞վ էր զբաղված 60 տարի, մինչև 1973-1975 հերոս Գուրգեն Յանիկյանի և ԱՍԱԼԱ-ի ասպարեզ գալը։ Ո՞ւմ հրավերին էր սպասում ՀՅԴ-ը Թուրքիայի դեմ պայքարելու համար։ Եվ ինչո՞ւ «պայքարը» դադարեց ԱՍԱԼԱ-ի գործողությունները հարաբերական առումով դադարելուց հետո։ 

9- Դաշնակացականները, և դաշնակցությունից մանր մունր դժգոհողները կամ խռոված անձինք, լավ կանեն շարունակելով ռոպերթից, սերժից կամ որևե մեկից մեկ-երկու նախարարի կամ պատգամավորի աթոռ մուրալու «հեղափոխական» գործը, հանգիստ թողնեն ԱՍԱԼԱ-ին։

10- Որպես ավարտ, ներկայացնում եմ փաստ, որ ՀՅԴ-ն, ոչ թե զորակցել, այլ հենց դեռ 1977 թ.-ին, գաղնտի հանդիպման ընթացքում, Թուրքիայի ԱԳՆ-ի առջև դատապարտել է ԱՍԱԼԱ-ին ու նրա հերոսական պայքարը։ Ամոթի փաստը, տարիներ ուշացումով հրապարակեցին նույն ժողովին մասնակից Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) ղեկավարներ Հայկ Նագգաշեանը, որը արձագանգ է գտել նաև Հայաստանյան կայքերում։ 1977թ. նոյեմբերի 27-ին Արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլի հետ Ցյուրիխում կայացած գաղտնի հանդիպմանը, ՀՅԴ-ով գլխավորած, հայ ավանդականների պատվիրակությունը, թուրք ԱԳՆ-ին պարզում է, որ ԻՐԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ և ՈՉ ՄԵԿ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԱՍԱԼԱ-Ի ՀԵՏ։

Նագգաշեանը գրում է․ «Վերջ տալու համար Հայոց Ցեղասապանութեան մասին պնդումներուն, Չաղլայանկիլ անսահման նիւթական հատուցում կ’առաջարկէ, պահանջելով նաեւ ԱՍԱԼԱ-ի գործունէութեան դադարումը, այլապէս սպառնալով թրքական փոխադարձութեամբ, որ աւելի բուռն կրնայ ըլլալ, կ’ըսէ ան:

Հայ պատուիրակութիւնը կը պատասխանէ, թէ հայոց մարդկային ու հողային կորուստները նիւթական հատուցումով չեն լուծուիր, իսկ ԱՍԱԼԱ-ի վրայ ոչ մէկ հակակշիռ ունին կուսակցութիւնները, նկատելով որ անոր անդամները կուսակցութիւններու խաղաղ եւ դասականացած գործունէութենէն դժգոհ տարրեր  են:»: (Այս հանդիպումը մանրամասնօրէն ներկայացուած է «Խճանկար» գրքէն 392-393 էջերուն վրայ): https://hetq.am/hy/article/6190

Այնպես, որ պարոնայք, «հանգիստ նստեք տեղներդ» և օտար պետություններին հաճոյանալու համար շարունակեք ձեր աթոռակռիվը, բայց մի փորձոք շահարկել հայության անսակարկելի իրավունքների հարցը։

Առայժմ այսքան»։

+++++

(4)

Լազար Սանասարյանի գրառումը։ 

«Պարոն Նազարեթ Պերպերյանը և ՀՅԴ-ից վերջին շրջանում հեռացվածներից շատերը մինչ օրս, չեն ցանկանում ոչ մի խորքային քննադատություն և ինքնաքննադատություն կատարել իրենց և իրենց նախկին կուսակցության վարած քաղաքականության նկատմամբ։

Հեռացվածների մեծ մասը իրենց մոտեցումներում անկեղծ չեն, որովհետև նրանց քննադատություները երբևէ չեն անցնում Հրանդ Մարգարյանի և նրա թիմակիցների պախարակելու կամ կուսակցության կանոնակարգային խախտումներով իրենց անձի դեմ անարդարություն գործված լինելու սահմանները։

Տարօրինակն այն է, որ ՀՅԴ-ից վտարվածները քննադատում են Հրանդ Մարգարյանին, բայց պաշտպանում են նրա ուսուցչին՝ Հրայր Մարուխյանին։ Մինչ Հրանդ Մարգարյանը, Հրայր Մարուխյանի  ամենահավատարիմ և մոլեռանդ զինվորներից է եղել, և աներկբա կատարել է նրա հրահանգները, և անկախ իր քաղաքական մոլորվածությունից ու շեղումներից իր կյանքն է ռիսկի ենթարկել հանուն մարուխյաններից ստացած հրահանգների, մինչ ՀՅԴ-ից հեռացվածներից շատերը իրենց երջանիկ կյանքն են վայելել Եվրոպայում և ամերիկաներում։

ՀՅԴ-ի վերջին երկու տասնամյակի գործողությունը, այդ կուսակցության նախորդ տարիներից առանձնացնելն ու քննադատելը անհեթեթություն է, որովհետև Հրանդով խորհրդանշվող ՀՅԴ-ը, Մարուխյանի վարած քաղաքականության բնականոն շարունակությունն է և այդ չտեսնել կամ քողարկելը, հարցը սահմանափակում է աթոռակռվի, Նիկոլ պաշտպանել- չպաշտպանելու մակերեսային ըմբռնումների սահմաններում։ Այնպես, որ ԱՍԱԼԱ-ի խիզախ տղերքի հերոսական պայքարը երկար տասնամյակներ ՀՅԴ-ի կողմից դաշյունահարելուց հետո, վտարված անձի այսպիսի գրառումը երբեք զարմանալի չպետք է համարել»։

Աղբյուր՝  «ՆՈՐ ԽՈՍՔ»

 
  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0