Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Երևանի որոշումն անբեկանելի է. Թել Ավիվում դեսպանատուն ունենալը բխում է մեր շահերից, Թեհրանը պետք է դրանք հաշվի առնի

Երևանի որոշումն անբեկանելի է. Թել Ավիվում դեսպանատուն ունենալը բխում է մեր շահերից, Թեհրանը պետք է դրանք հաշվի առնի

By
Երևանի որոշումն անբեկանելի է. Թել Ավիվում դեսպանատուն ունենալը բխում է մեր շահերից, Թեհրանը պետք է դրանք հաշվի առնի

Իրանի Իսլամական Հանրապետության  խորհրդարանի ղեկավարի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլահիանը անդրադարձել է Իսրայելում դեսպանատուն բացելու ՀՀ որոշմանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կվերանայի այն։ Աբդոլահիանը ՀՀ որոշումը համարել է «անակնկալ» և ընդգծել. «Անկասկած այս քայլը հակասում է Պաղեստինի ժողովրդի շահերին և տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա բացասական ազդեցություն է ունենալու»։

Պաշտոնյան, մատնանշելով Պաղեստինի ժողովրդի իրավունքների իրացման հարցում իսլամական երկրների դիրքորոշումը, խստորեն դատապարտել է արաբական և ոչ արաբական երկրների ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը։

Աբդոլահիանը Երևան-Թեհրան հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության պահպանման կարևոր գործոններից է որակել և հավելել. «Հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը իր որոշումը կվերանայի և Պաղեստինի կեղեքված ժողովրդին օգնելու համար անհրաժեշտ միջոցառումներ կորդեգրի»:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ իրանական կողմից արվող հայտարարությունները բնական են, զարմանալի կլիներ, եթե դրանք չարվեին: «Բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ Հայաստանը չի փոխելու իր որոշումը, որն արդեն կայացրել է դեսպանության բացման վերաբերյալ։ Գիտեք, որ նախագահի հրամանագիրն է արդեն եղել՝ Թել Ավիվիում ռեսիդենտ դեսպան նշանակելու վերաբերյալ։ Հույս ունեմ, որ մեր համապատասխան գերատեսչությունները մեր իրանցի գործընկերների հետ քննարկել են այս հարցը, ներկայացրել, թե ինչով է պայմանավորված դեսպանության բացումն Իսրայելում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ ակնհայտ է, որ դեսպանատան բացումը բացառապես երկկողմ հարաբերությունների բնույթ է կրում, ուղղված չէ որևէ պետության և առաջին հերթին մեր բարեկամ Իրանի դեմ. «Հայաստանն այստեղ հստակ անելիքներ ունի։ Կան ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Չմոռանանք, որ Իսրայելում Ադրբեջանի ազդեցությունը բավականին մեծ է, չմոռանանք, որ Իսրայելը Ադրբեջանին պարբերաբար մեծածավալ զենք ու զինամթերք է մատակարարում։ Չմոռանանք նաև, որ այնտեղ ունենք համայնք, ունենք եկեղեցապատկան կարևոր գույք, քրիստոնեական ամենակարևոր սրբատեղիներից մեկը։ Այնպես որ Հայաստանը շատ բան ունի անելու Իսրայելում, ու սա բացառապես հայ-իսրայելական հարաբերությունների կոնտեքստում է պետք դիտարկել։ Սա որևէ կերպով չի կարող բացասական ազդել Իրանի նկատմամբ մեր բարեկամական ու եղբայրական վերաբերմունքի վրա»։

Մեր զրուցակիցը չի կարծում, թե Թել Ավիվում դեսպանատուն բացելուց հետո հայ-իրանական հարաբերություններում փոփոխություններ կլինեն. «Ըստ էության մենք դեսպան ունեինք Իսրայելում, բայց նստավայրը Թել Ավիվը չէր, տարածաշրջանի այլ քաղաքներում էր լինում։ Հիմա ընդամենը տեղի է ունենում դիվանագիտական պրակտիկայում ընդունված մի գործողություն՝ նստավայրը տեղափոխվում է Թել Ավիվ։ Այնպես որ, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Նորից եմ ասում՝ սա հայ-իսրայելական հարաբերություններին է միտված և որևէ կերպ չի կարող բացասաբար ազդել մեր վերաբերմունքի վրա հարևան Իրանի նկատմամբ»։

Իրանագետ, ՄԱՀՀԻ փորձագետ  Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Թել Ավիվում դեսպանատուն ունենալը  որևէ հետևանք չպետք է ունենա հայ-իրանական հարաբերություններում: «Այդ որոշումն անբեկանելի է։ Հայաստանը մշտապես հաշվի է առել Իրանի զգայունակությունն այդ հարցում, բայց նաև մեզ համար կարևոր է  Իսրայելում ունենալ ռեզիդենտ դեսպան, որը տեղում  մեր շահերն առաջ կմղի։ Հայաստանը շարժվում է իր շահերից ելնելով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արմեն Վարդանյանը հավելեց. «Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե մենք այդ հարցն արդեն  քննարկել ենք Իրանի իշխանությունների հետ, և հնչեցրած այդ հայտարարությունն ինձ համար զարմանալի էր։ Ամեն դեպքում կարծում եմ՝ հարցը կլուծվի, որոշումն արդեն կայացված է, դեսպան  Սմբատյանն էլ  արդեն տեղափոխվել է Թել Ավիվ»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0