Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Կարմիր կովը կաշին չի փոխում. Մոսկվայի հերթական ապտակը Երևանին

Կարմիր կովը կաշին չի փոխում. Մոսկվայի հերթական ապտակը Երևանին

By
Կարմիր կովը կաշին չի փոխում. Մոսկվայի հերթական ապտակը Երևանին

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մարտի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացնելու դատարանին։

Երաշխավորության այս ձևաչափը, անկեղծ ասած, տարակուսելի է։ Քոչարյանն արդեն մեկ անգամ ազատվել է կալանքից Արցախի գործող ու նախկին նախագահների երաշխավորությամբ, սակայն Վերքաննիչ դատարանը համարել է, որ երաշխավորության նման ձևաչափը չի ապահովում դատավարության բնականոնությունը, ու երկրորդ նախագահը վերադարձել է կալանատուն։

Հիմա միջնորդությամբ հանդես են գալիս ավելի ցածր կարգավիճակ ունեցող գործիչներ, ու չեմ կարծում՝ դատարանը որևէ հիմք ունի բավարարելու համար նրանց երաշխավորությունը։ Բացի այդ, վերը նշված վարչապետների վարկանիշային հանրագումարը չի գերազանցում մեկ տոկոսը, այլ խոսքով՝ նրանք հասարակական հեղինակություն չունեն ու չեն կարող երաշխավորել այլ մարդու համար։

Սակայն այս երաշխավորության շուրջ ինտրիգը թեժացավ անցած օրերին, երբ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի քրեական գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Մոսկվայում նախօրեին ձերբակալվել է: Անգամ կարծիք հնչեց, որ Մոսկվան մտադրություն ունի սակարկելու Հայաստանի իշխանությունների հետ՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության դիմաց Հարությունյանին հանձնելու։

Սակայն մինչ այս վարկածը մեր մեդիա դաշտում ակտիվորեն քննարկվում էր՝ երեկ երեկոյան հերթական լուրը ստացվեց Մոսկվայից։ Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է, և վերջինս ՌԴ իրավապահների կողմից ազատ է արձակվել:

Ռուսաստանի իշխանությունները փաստորեն ցույց տվեցին, որ ցանկության դեպքում կարող են ձերբակալել Մարտի 1-ի գործով անցնող «փախստականներին», սակայն հաջորդ քայլով արտահայտեցին իրենց վերաբերմունքը Մարտի 1-ի գործի բացահայտման, առհասարակ հեղափոխության հանդեպ։ Ինչքան էլ երկու երկրների ղեկավարները պարբերաբար խոսեն հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված նոր մակարդակի մասին՝ ակնհայտորեն Մոսկվայում չեն խրախուսում Մարտի 1-ի բացահայտումը։

Խնդիրն ամենևին էլ միայն Քոչարյանի անձը չէ, որի հետ ընկերական հարաբերությունները բացահայտվել են անգամ Պուտինի մակարդակով։ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Մարտի 1-ի գործը հենց այն սահմանագիծն է, որից անդին անցյալում է մնում մինչհեղափոխական Հայաստանը, այս դատավարության ընթացքում «մեղադրյալի» աթոռին հայտնվել է այն համակարգը, որը հայ-ռուսական հարաբերություններում վասալային մտածողության կրողն է։ Այլ խոսքով՝ Մարտի 1-ի դատավարության ավարտը Հայաստանում նշանավորելու է հայ-ռուսական հարաբերություններում վասալային ռեժիմի վերացումը։

Սա ճշմարտություն է, որը հասկացել են Մոսկվայում, եթե անգամ մեր հեղափոխական իշխանությունները մինչև վերջ չեն գիտակցել ճշմարտությունը։ Հետևաբար Մարտի 1-ը լակմուսի թղթի նման բացահայտում է հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող չհասկացվածությունը։ Դա գլոբալ առումով հնի ու նորի անհամատեղելիության արտահայտությունն է։

Հեղինակ՝ Սարգիս Արծրունի

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0