Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Կոշտ ակնարկ Մոսկվայից. նախկին համակարգի ծանր բեռը

Կոշտ ակնարկ Մոսկվայից. նախկին համակարգի ծանր բեռը

By
Կոշտ ակնարկ Մոսկվայից. նախկին համակարգի ծանր բեռը

Մարտիմեկյան գործի քննչական խմբի նախկին ղեկավար, հեղափոխությունից հետո նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին ՌԴ իրավապահներն ազատ են արձակել: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը: ՌԴ իրավապահները նրան ձերբակալել էին հանգստյան օրերին: Ինչպես հայտնի է, Հարությունյանը ամիսներ շարունակ գտնվում է Ռուսաստանում, եւ Հայաստանում նրա հանդեպ հայտարարված է հետախուզում:

Վահագն Հարությունյանը մարտիմեկյան գործով Ռուսաստանում ապաստանած նախկին պաշտոնյաներից մեկն է: Նրանք Ռուսաստանում պաշտպանվում են առայժմ բավական «հուսալի»: Մյուս կողմից, սակայն, կա թերեւս մի հատկանշական երեւույթ: Նրանցից ոմանք ձերբակալվում են, հետո ազատ արձակվում: Վահագն Հարությունյանի դեպքն օրինակ այդ առումով երկրորդն է՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից հետո:

Այդ հանգամանքն անշուշտ տալիս է մի շարք դիտարկումների առիթ, այ թվում եւ այն, որ Ռուսաստանում պատսպարվածներին ՌԴ համակարգը պարզապես հիշեցնում է, թե «ով է տանտերը»: Կամ, հնարավոր է այդ մասին հիշեցնում են ոչ թե հենց ապաստանածներին, այլ Հայաստանի նախկին իշխող համակարգի այն առավել խոշոր դերակատարներին, որոնք էական շահեր ունեն այդ պաշտոնյաների այսպես ասած ռուսական «ապահովության» հարցում:

Թե ինչու է Ռուսաստանը պարբերաբար հիշեցնում նրանց, թե «ումից կամ ինչից» են «կախված», հարցի մյուս կողմն է: Պետք չէ թերեւս բացառել այն, որ այդպիսով էլ Մոսկվայում որոշ շրջանակներ հիշեցնում են Հայաստանում գտնվով նախկին համակարգի շրջանակների, որ թույլ չեն տա «ինքնուրույն» գործողություններ եւ պայմանավորվածություններ:

Այն, որ Հայաստանի նախկին իշխող համակարգի թե իշխանական կարգավիճակը, թե նաեւ հետիշխանական շրջանը ներառում է Ռուսաստանի իշխող տնտեսա-քաղաքական խմբերի շահեր, թերեւս վաղուց նորություն չէ: Եվ նորություն չէ, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու հանրային վստահություն վայելող քաղաքական ղեկավարության, ըստ այդմ ինքնիշխանության կայուն հիմքի առկայությունը եւս ձեռնտու չէ այդ շրջանակներին:

Հայաստանն իր նախկին համակարգով նրանց համար եղել է տնտեսա-քաղաքական «մակաբուծության» հիմք, ու թեեւ այդ համակարգը հեռացված է իշխանությունից, այդուհանդերձ դրա խմբերն ու կտորները շարունակում են դիտվել «ոտնատեղ» Հայաստանում:

Այդ տեսանկյունից, Հայաստանում իշխող նախկին համակարգի ամենատարբեր խմբեր պարբերաբար, եւ թերեւս ժամանակի ընթացքում՝ համաշխարհային ճգնաժամի ֆոնին, ավելի ու ավելի սուր կանգնելու են «խմբային ինքնիշխանության» հարցի առաջ, զգալով դրա բացակայության բեռը արդեն իշխանությունից դուրս կարգավիճակում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0