Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ինչի համար էր պետք մեղադրել Քոչարյանին ու Սարգսյանին

Ինչի համար էր պետք մեղադրել Քոչարյանին ու Սարգսյանին

By
Ինչի համար էր պետք մեղադրել Քոչարյանին ու Սարգսյանին

Հայաստանում արդեն կարծիքներ են հնչում, որոնք միտված են հանրությանը նախապատրաստելու գազի հնարավոր թանկացմանը: Իշխանական պատգամավորները չեն հերքում, որ եթե Գազպրոմ Արմենիան հիմնավորի թանկացման անհրաժեշտությունը, սակագինը կբարձրանա:

Իշխանական պատգամավորներն ասում են, որ սպասվելիք թանկացման կապակցությամբ բարձրացված աղմուկը համարժեք չէ առավելագույնը 5% թանկացմանը: Ընդ որում, նրանք ասում են, որ աղմուկը բարձրացնում են իշխանության ընդդիմախոսները քաղաքական նպատակներով: Պատգամավորները նախկին իշխանությանը մեղադրում են, որ Հայաստանը հասցրել են այս վիճակին եւ հիմա էլ աղմկում են:

Պետք է նկատել սակայն, որ նախկին իշխանությունները գազի համար աղմուկ չեն բարձրացնում, քանի որ գիտեն իրենց մեղքի չափը: Այդ հարցով անհանգստանում է բնակչությունը, որը ստիպված է լինելու ավելի շատ վճարել գազի համար եւ մտածել, որ եթե նոր կառավարությունը կանգնի Գազպրոմի կողքին, այլ ոչ թե բնակչության, ապա այսուհետ եւս այդպես է լինելու:

Ահա թե ինչն է մտահոգում բնակչությանը: Ժողովրդական կառավարությունը կպաշտպանի՞ ժողովրդի շահերը: Թե նախորդ կառավարության պես պատրաստ է քաղաքացիների գրպանի հաշվին բավարարել Գազպրոմի ու մյուս ռուսական պետական կորպորացիաների պահանջները:

Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ իրեն չեն քննադատում այն բանի համար, ինչն արժանի է: Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ, չնայած նա ու մյուսները հիանալի գիտեն, որ պետք է մեղադրել Հայաստանի ենթակառուցվածքները ռուսական պետական կորպորացիաներին փոխանցելու մեջ, որոնք այժմ տեր ու տիրական են Հայաստանում:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզվառելիքի գործով: Բայց Սերժ Սարգսյանին չեն մեղադրում, որ 2013 թվականի դեկտեմբերին վասալային գազային պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ՝ Հայաստանը դարձնելով Գազպրոմի կցորդը:

Անկասկած, Ռուսաստանն այդ տարիներին ագրեսիվ էքսպանսիա էր իրականացնում հետխորհրդային երկրներում, որը 2014 թվականին ավարտվեց Ղրիմի բռնակցմամբ, իսկ Հայաստանի իշխանությունը մանեւրի այդքան էլ մեծ հնարավորություններ չուներ: Բայց միշտ կա հեռանալու տարբերակը, եւ քանի որ չեն հեռացել եւ ստորագրել են ստրկական համաձայնագիրը, ապա պետք է պատասխան տան:

Հայաստանի նոր իշխանությունը չպետք է համոզի բնակչությանը վճարել նախկին իշխանության սխալների ու նոր իշխանության թուլության համար: Նոր իշխանությունը պետք է համարձակություն հավաքի ու մեղադրի նախկին իշխանությանը Ռուսաստանի էքսպանսիոնիզմին նպաստող քաղաքականության համար: Դա, անկասկած, կարող է բացասական արձագանք առաջացնել Մոսկվայում, որի հետ իշխանությունը ջանասիրաբար հարաբերություններ է կառուցում: Բայց այդ ճանապարհից հրաժարվելը կհանգեցնի բնակչության դժգոհությանը, որը մի օր կհոգնի բոլոր կառավարությունների սխալների համար վճարելուց:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0