Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Իրանը կարող է բարձրացնել Նախիջեւանի հարցը. անակնկալ Պուտինի եւ Էրդողանի համար

Իրանը կարող է բարձրացնել Նախիջեւանի հարցը. անակնկալ Պուտինի եւ Էրդողանի համար

By
Իրանը կարող է բարձրացնել Նախիջեւանի հարցը. անակնկալ Պուտինի եւ Էրդողանի համար

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Էրդողանն ու Պուտինը Ստամբուլում տվել են Թուրքական հոսք գազամուղի մեկնարկը, որը համարում են ժամանակի խոշորագույն ենթակառուցվածքներից մեկը:

Ստամբուլում տեղի ունեցածը սակայն, ինչպես ռուսական խոսքում, ունի «վատ եղանակին դեմքի լավ արտահայտության» փորձի իմաստ: Իսկ «եղանակը» Անկարայի ու Մոսկվայի համար վատացել է Բաղդադում, հունվարի 3-ին, Իրանին ԱՄՆ հասցրած հարվածի հետեւանքով: Հարված, որը պատճառել է խոշոր կորուստ՝ սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանման հրամանատար, իրանյան վերնախավի առանցքային դեմքերից մեկը համարվող գեներալ Քասիմ Սոլեյմանին, սակայն միեւնույն ժամանակ Թեհրանին ընձեռել է ռեգիոնալ քաղաքականության աշխուժացման բավական մեծ հնարավորություն:

Իսկ ամբողջ հարցն այն է, որ Թեհրանն այդ քաղաքականությունն աշխուժացնելու է առաջին հերթին Մոսկվայի ու Անկարայի հաշվին, ոչ թե Միացյալ Նահանգների: Որովհետեւ Նահանգները ավելի բարձր «քաշային կատեգորիայում» են, իսկ Թեհրանի «քաշում» Ռուսաստանն ու Թուրքիան են: Ավելին, հենց այդ հանգամանքն էր ընդգծվել նաեւ սիրիական առիթով ստեղծված Աստանայի ձեւաչափում՝ Մոսկվա, Թեհրան, Անկարա:

Ավելին, Քասեմիի հուղարկավորությանը Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին Պուտինին հիշեցրել է, որ Սոլեյմանին «մեծ հարգանք» ուներ նրա նկատմամբ: Թուրքիային էլ Իրանն առաջարկել էր համատեղ պայքար ԱՄՆ հետ: Անկասկած է, որ այդ պայքարում թելադրողը պետք է լիներ Թեհրանը, որովհետեւ նրանն էր «ամենամեծ կորուստը»:

Էրդողանը հայտարարեց, թե բարձրաստիճան հրամանատարի սպանությունը չի կարելի թողնել անպատասխան, միաժամանակ սակայն փաստորեն չընդունելով համատեղ պայքարի առաջարկը:

Իսկ ի՞նչ պետք է անեն Ռուսաստանն ու Թուրքիան Իրանից խուսափելու պարագայում: Սկսեն իրե՞նց համատեղ պայքարը: Բայց այդ պարագայում հարկ կլինի ունենալ ոչ պակաս նշանակալի մի կորուստ, այդ պայքարում հաջողություն ակնկալելու համար:

Ըստ այդմ պետք է որոշել, թե ու՞մն է լինելու կորուստը այս անգամ: Նախորդ երկու դեպքերում կորուստ տվողը եղել է Ռուսաստանը՝ համատեղ պայքարի շրջանակում Թուրքիան նախ ռուսական օդանավը խոցեց, իսկ հետո անկարայում սպանվեց ՌԴ դեսպանը: Երրորդ կորու՞ստն էլ Ռուսաստանն է տալու՝ ռուս-թուրքական համատեղ պայքարի շրջանակում, թե՞ Պուտինը չի համաձայնի եւ կպնդի, որ այս անգամ համատեղ պայքարը պետք է լինի Թուրքիայի հաշվին:

Կամ մյուս տարբերակն է, որ այդպիսի համատեղ պայքար չլինի, որովհետեւ մարտավարական իմաստով վճարելով դրա գինն այս անգամ, Թուրքիան ռազմավարական գինը կորզելու է Ռուսաստանից, օրինակ Նախիջեւանի տեսքով, ստիպելով Մոսկվային Իրանի հետ մրցակցությունում պաշտպանել դրա նկատմամբ Թուրքիայի իրավունքը: Իսկ Իրանը նոր իրավիճակում թերեւս իր հայացքն ուղղելու է Նախիջեւան, «բարձրացնելով» հարցը եռյակի ձեւաչափում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0