Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | ՀՀ արտգործնախարարի արձագանքն ադրբեջանական սադրանքին սպառիչ էր և դիպուկ

ՀՀ արտգործնախարարի արձագանքն ադրբեջանական սադրանքին սպառիչ էր և դիպուկ

By
ՀՀ արտգործնախարարի արձագանքն ադրբեջանական սադրանքին սպառիչ էր և դիպուկ

Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բարձրաձայնած թեզերը դիպուկ էին, իսկ պատասխաններն ադրբեջանցիների կողմից բարձրաձայնած սադրիչ հարցադրումներին՝ սպառիչ:

Առաջին, կարևոր էր ամրագրումն առ այն, որ պատերազմ սկսելու ադրբեջանական կողմի սպառնալիքներն այլևս արդիական չեն և չեն կարող բանակցային գործընթացում օգտագործվել հայկական կողմերի դեմ՝ որպես ճնշման լծակ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի՝ պատերազմ սկսելը որպես զիջում ներկայացնելու փորձերը հիմնազուրկ են, քանի որ պատերազմը կործանարար կլինի ողջ տարածաշրջանի համար:

Երկրորդ, կարևոր էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն, ունենալով իր ժողովրդի կողմից ստացած բանակցելու մանդատը և նրա լիարժեք աջակցությունը, չի ընդունի հակամարտության լուծման որևէ տարբերակ, որը չի արժանանա սեփական հանրության աջակցությանը: Այլ կերպ ասած, ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանի իշխանությունների լեգիտիմ լինելու փաստն ամենևին չի նշանակում, որ հայկական կողմը կարող է գնալ միակողմանի կամ ոչ համաչափ զիջումների, այն պարագայում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել իր առավելապաշտական դիրքորոշումը:

Երրորդ, կարևոր էր անդրադարձն Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանությանը, որն անթույլատրելի է և պետք է արժանանա միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Այս համատեքստում, նախարարի կողմից բարձրաձայնված թեզն ավելի քան ընկալելի և տրամաբանական էր. չես կարող մի կողմից խաղաղության շուրջ բանակցել, մյուս կողմից պատերազմ քարոզել

Չորրորդ, կարևոր էր շեշտադրումն առ այն, որ Հայաստանը, հանդիսանալով Արցախի անվտանգության միակ երաշխավորը, չի կարող անտարբեր մնալ Արցախի բնակչության անվտանգության խնդրին: Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ կեցվածքը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ Արցախի բնակիչները չեն կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում և Արցախի կարգավիճակը, որը չի կարող լինել ավելի ցածր, քան այսօր է, հանդիսանում է նրանց անվտանգության հիմնական և կարևոր գրավականը:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ հայկական կողմին ևս մեկ անգամ հաջողվեց միջազգային հանրության համար ընկալելի լեզվով ընդգծել հայկական կողմերի կառուցողական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ տուրք չտալով ադրբեջանական կողմի սադրանքներին:

Լիանա Հովհաննիսյան

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0