Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Նորմալ չի, որ 4% ձայն ստացած Դաշնակցությունը ուզում է երկիրը փրկել 70% ձայն ստացած իշխանությունից․ նրանք չեն հաջողելու»

«Նորմալ չի, որ 4% ձայն ստացած Դաշնակցությունը ուզում է երկիրը փրկել 70% ձայն ստացած իշխանությունից․ նրանք չեն հաջողելու»

By
«Նորմալ չի, որ 4% ձայն ստացած Դաշնակցությունը ուզում է երկիրը փրկել 70% ձայն ստացած իշխանությունից․ նրանք չեն հաջողելու»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հոկտեմբերի 31-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր, թե «իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածում ՀՀ ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, արցախյան բանակցություններում ՀՀ-ի և Արցախի դիրքերի թուլացումը, արտաքին քաղաքականության ձախողումները, ռազմավարական ծրագրերի բացակայությունը, այլակարծության մերժումը, պետական կառավարման համակարգում հայեցողական մոտեցումներով առաջնորդվելը, բռնության մշակույթի խրախուսումը․․․․ և այլն, և այլն, լուրջ մարտահրավերներ են ստեղծել երկրի կայուն զարգացման համար, հետևաբար, ՀՅԴ-ն առաջիկայում հանդես կգա «երկրի բնականոն զարգացման ընթացքն ապահովելուն ուղղված համապատասխան գործողություններով ու նախաձեռնություններով»։

Թե ինչ նկատի ունի Դաշնակցությունն այս հայտարարությամբ և, մասնավորապես, ի՞նչ նախաձեռնություններով են պատրաստվում հանդես գալ, «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանից։ Վերջինս նախ հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, այնուհետև շատ կարճ պարզապես ասաց՝ «մի՛ շտապեք, առաջիկայում կլինի՝ կտեսնեք»։ ՀՅԴ ԳՄ այլ անդամների հետ զրուցել չհաջողվեց, մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

«Նորմալ չի, երբ 2018-ի համապետական արտահերթ ընտրություններին 4 տոկոս ձայն ստացած կուսակցությունն ուզում է երկիրը փրկել քաղաքական այն ուժից, որը 70 տոկոս ձայն է ստացել այդ ընտրություններում։ Շատ նորմալ կհամարեմ, եթե որպես ընդդիմադիր կուսակցություն, նրանք հանդես գան իրենց առաջիկա ծրագրերով, փորձեն իրենց գաղափարները ներկայացնել հասարակությանը, կամ իրենց համակիրների թիվն ավելացնել։ Իմ պատկերացմամբ՝ սրանք պետք է լինեն նրանց հիշատակած այդ գործողությունները, հակառակ պարագայում՝ ազգը փրկելու, մեր պետությունը փրկելու կարգախոսներով ինչ-որ գործողությունները նորմալ չեն դիտվի և չեմ կարծում, թե դրանք կարող են լինել քաղաքական գործողություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Վերջինս հակադարձեց վերոնշյալ հայտարարության մեջ զետեղված այն պնդումներին, թե ներկայիս իշխանություններն արցախյան բանակցություններում թուլացրել են Հայաստանի Հանրապետության և Արցախի դիրքերը, կամ ձախողում են արտաքին քաղաքականությունը, կամ ազգային և պետական շահերը ստորադասում են նեղ անձնական և խմբակային ձգտումներին և այլն։

«Ես վստահ չեմ, թե ղարաբաղյան բանակցությունները ձախողվել են այդ բանակցությունները ճիշտ այն փուլում են, ինչ փուլում էին մի քանի տարի առաջ և ավելին՝ հիմա մենք նույնիսկ մի փոքր շահեկան դիրքերում ենք, որովհետև այս իշխանությունները հստակեցրել են հայկական կողմի տեսակետը խնդրի կարգավորման շուրջ և սպասում են ադրբեջանական կողմի քայլերին, այսինքն՝ այս առումով, եթե անգամ բանակցությունները հայտնվել են փակուղում, ապա ակնհայտ է, որ մեղքը Ադրբեջանինն է։ Սակայն կրկնում եմ՝ չեմ կարծում, որ հիմա բանակցություններն ավելի մեծ փակուղու մեջ են, քան մի քանի տարի առաջ էր։

Ինչ վերաբերում է իբր ազգային արժեքների ոչնչացմանը, Հայաստանի կործանմանը կամ երկրի քայքայմանը և այլն, և այլն, ապա, ըստ իս՝ սրանք առավելապես քարոզչական նպատակներով հայտարարություններ են։ Ես դա ավելի շատ շահարկում եմ համարում, քան իրականության հետ աղերս ունեցող միտք, նրանց պնդումներից ոչ մեկն այսօր, վստահ եմ, որ չկա և չի էլ կարող լինել մեր ազգային կարևորագույն արժեքներից է հզոր և կայուն պետություն, ամուր ընտանիք, արժանապատիվ կյանք և նման այլ բաներ ունենալը, իսկ ներկայիս իշխանությունները, իմ գնահատմամբ՝ այս ամենն ունենալու ուղղությամբ բավականին լուրջ մտածում և աշխատում են, իսկ մնացածը զուտ քաղաքական շահարկումներ են հանրային գիտակցության վրա ազդեցություն գործելու և մանիպուլյացիաների ենթարկելու նպատակով»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում սպասվելիք այդ գործողությունները զուտ քաղաքական բնույթ կկրեն և միտված չեն լինի Հայաստանում իրավիճակի ապակայունացմանը։

Այս համատեքստում Արմեն Բաղդասարյանը հավելեց

«Ես ուզում եմ հուսալ, որ դրանք չեն լինի իրավիճակն ապակայունացնելու արհեստական փորձեր, քանի որ, ցավոք սրտի, հիմա Հայաստանում այնպիսի վիճակ է, որ ինչ-որ խումբ կամ խմբեր կարող են ինչ-ինչ մտադրությամբ և կազմակերպված գործողություններով իսկապես ապակայունացնել իրավիճակը։ Հուսով եմ՝ Դաշնակցությունն այս ճանապարհով չի գնա, առավել ևս, որ նրանք և քաղաքական լուսանցքից դուրս հայտնված որոշ ուժեր հասարակության մեջ չունեն այդ աջակցությունը, ավելին՝ նրանց նկատմամբ հանրային վստահությունը զրոյական մակարդակի վրա է, հետևաբար, այսպես ասած, մոբիլիզացնել ժողովրդին և իրենց համար ցանկալի արդյունքների հասնել՝ նրանց չի հաջողվի»։

Հեղինակ՝ Դիանա Դավթյան

 

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0