Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Արցախը հանձնելու խեղաթյուրումները մեծագույն սադրանք են նոր կառավարության դեմ. Բադասյան

Արցախը հանձնելու խեղաթյուրումները մեծագույն սադրանք են նոր կառավարության դեմ. Բադասյան

By
Արցախը հանձնելու խեղաթյուրումները մեծագույն սադրանք են նոր կառավարության դեմ. Բադասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դրա շուրջ ընթացող շահարկումներին։ Նա նշեց, որ նախկինում կառավարությանն ու իրեն ուղղված մեղադրանքները վերաբերում էին իբրև թե հող հանձնելուն, իսկ այժմ շրջանառության մեջ է դրվել մեկ այլ վարկած։ Համաձայն այդ վարկածի՝ կառավարությունը կամ վարչապետը չի համաձայնում հանձնել կամ զիջումներ անել, դա նշանակում է, որ բանակցությունները մտել են փակուղի, և սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով:

Փաշինյանը ևս մեկ անգամ պնդել է նախկինում հնչեցրած իր այն թեզը, որ պետք է գտնել մի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի ղեկավարության միջև առկա իբրև թե տարաձայնություններին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանության պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ նույնական են։

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց. «Ես կարծում եմ, որ մեծագույն սադրանք են ՀՀ նոր կառավարության դեմ նման խեղաթյուրումները։ Իրականում՝ 25 տարի պատերազմից հետո հին իշխանությունները՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները, իբրև ղեկավարելով Հայաստանը, երկիրը տվել են ալան-թալանի, կոռուպցիայի ու բազմաթիվ արատավոր այլ երևույթների։ Նրանք բանակը չեն հզորացրել, ինչը, մեր տեսանկյունից, Արցախյան հարցի կարգավորման ընկալելի միակ երաշխիքն է։ Նրանք բանակը դրել են վտանգի տակ, ինչը հանգեցրել է նրան, որ 2016 թվականին Ադրբեջանը փորձել է ռազմական ճանապարհով լուծել հարցը։ Ոչ թե բարձրագույն հրամանատարության, այլ մեր զինվորների անձնազոհության շնորհիվ ձախողվել են հակառակորդի պլանները»։

Բադասյանը հարցադրում է անում. «Ո՞վ է ընդունել Մադրիդյան սկզբունքները, որը նշանակում է Արցախյան հարցում Հայաստանի կապիտուլյացիա՝ նո՞ր, թե՞ նախկին իշխանությունները։ Ովքե՞ր են այդ սադրանքի հեղինակները՝ լրիվ պարզ է։ Թե ովքեր են այդ դավաճանական քայլերի հեղինակները՝ միանշանակ պարզ է. նախորդ իշխանությունները՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները։ Թուլացած երկիրը պատերազմում, բնական է, կպարտվի։ Իսկ ո՞վ երկիրը բերեց աղքատ վիճակի, արտագաղթ կազմակերպեց։ Իմ այս բոլոր նշածները միայն Արցախյան հարցում պարտվողական քաղաքականություն է։ Արտագաղթը, ժողովրդագրության, տնտեսության անկումը, բանակում կոռուպցիան և ընդերքի թալանումը բերել են երկրի ու բանակի թուլացման։ Իսկ եթե բանակն ու երկիրը թույլ են, նշանակում է՝ բանակցային գործընթացում դու բանակցելու ռեսուրս չունես, պետք է միշտ զիջես, տանես ծախելուն, ինչն արեցին հին իշխանությունները»։

Ըստ մեր զրուցակցի՝ նոր իշխանություններն այս իմաստով ստացել են վատ ժառանգություն. «Միգուցե այս փոփոխությունները շատերի համար գոհացուցիչ չեն, բայց դրանք առկա են։ Այդ տեսանկյունից մեղադրել նոր իշխանություններին, թե դավադրաբար հանձնում են Արցախը, միայն հերյուրանք և բամբասկոտություն է»։

Վահան Բադասյանը, սակայն, չի կիսում վարչապետի այն մոտեցումը, թե Արցախյան հարցում պետք է գտնել մի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար. «Ես, իհարկե, այդ տեսակետը չեմ կիսում։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է այդպես ասել, և նա դա ասում է ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ նա նմանվի Ադրբեջանի նախագահին, որպեսզի միջազգային հանրությունը չմեղադրի նրան ոչ կառուցողական լինելու մեջ։ Մենք նման հարցերում պետք է միանշանակ վստահենք նրան, որովհետև եթե չվստահենք, ապա հարցը չի լուծվի։ 30 տարի վստահել ենք ապազգային, երկիրը թալանած մարդկանց, ինչո՞ւ չպետք է հիմա հայրենասերներին վստահենք։ Գուցե իր տեսակետը չկիսենք, բայց նա դա արել է ոչ միայն ներքին լսարանի համար»։

Նրա դիտարկմամբ՝ լուծումն առաջին հերթին պետք է ձեռնտու լինի Արցախին ու Հայաստանին. «Ինչո՞ւ. որովհետև արյան գնով մեր զինվորները սահման են գծել։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ժողովրդին՝ իհարկե նրանց ձեռնտու լինելու է։ Եթե խաղաղություն հաստատվի, արդեն նրանց համար ձեռնտու է։ Այս պահի դրությամբ ու այս վիճակով եթե նրանք Արցախը ճանաչեն Հայաստանի կազմում, արդեն իսկ Ադրբեջանի ժողովրդի հաղթանակը կլինի։ Նրանք ձեռք կբերեն խաղաղություն։ Դուք գիտեք, որ նրանց վրա կա ևս մեկ մեղադրանք՝ միջազգային հանրությունը գիտակցում է, որ նրանց պետությունը հիմնավորված է հարավկովկասյան բնիկ ժողովուրդների տարածքների ու իրավունքների վրա, բացի հայերից՝ թալիշներն են, լեզգիները ու մյուս բոլոր փոքր ժողովուրդները, ում տարածքների վրա ստեղծվել է թուրքական կայսրության նման երկրորդ արհեստական կառույցը։ Եթե նրանք ձեռք բերեն խաղաղություն, դա արդեն նրանց համար հաղթանակ է»։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

 

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0