Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել. ի՞նչ սպասել Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումից

Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել. ի՞նչ սպասել Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումից

By
Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել. ի՞նչ սպասել Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումից

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները դեկտեմբերի 5-6-ը հանդիպում կունենան Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, որտեղ կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հերթական նիստը։ Նա նաև  հույս է հայտնել, որ արտգործնախարարների գալիք հանդիպումը նոր ազդակ կտա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության երկու կողմերն արդեն մի շարք միջոցներ են ընդունել վստահության ամրապնդման համար, այդ թվում՝ «Բաքվի և Երևանի միջև ուղիղ կապի հաստատումը»։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  անդրադառնալով արտգործնախարարի առաջիկա հանդիպմանը՝ ասաց. «Բնականաբար, հիմնական ակնկալիքները վերաբերում են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, որովհետև հայկական կողմը հստակ առաջ է տանում այն մոտեցումը, որ առանց նման ռիսկերի նվազեցման գործուն մեխանիզմների ներդրման բանակցային գործընթացից էական արդյունքներ հնարավոր չէ ակնկալել։ Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել, և այդ մոտեցումը կարծես ընկալելի է նաև համանախագահների շրջանում։ Իսկ ռիսկերի նվազեցման շրջանում պետք է դիտարկել ինչպես փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված գաղափարները, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված  գաղափարները։ Երկու ուղղությամբ էլ կան քննարկումներ ու գաղափարներ, որոնք քննարկումների արդյունքում  միայն կդառնան իրականություն։ Թե դա որքանով կստացվի՝ ժամանակի հարց է, և կարևոր է, թե կողմերից յուրաքանչյուրը ինչպիսի կառուցողական դիրքորոշում կունենա այդ գործընթացում»։

Մեր զրուցակիցը նշեց՝ բուն պրոցեսը կարելի է  պայմանականորեն տարանջատել երկու մասի. «Կարգավորման վերաբերյալ քննարկումներ և բանակցային գործընթացի համար միջավայրի ձևավորմանն ուղղված քննարկումներ։ Դրանք զուգահեռ ընթացող  գործընթացներ են։ Չեմ բացառում, որ քննարկումներ կլինեն նաև բովանդակային տարբեր ասպեկտների շուրջ։ Այնուամենայնիվ, հիմնական քննարկվելիք թեմաները կլինեն հենց միջավայրի ձևավորմանն ուղղված հարցերը»։

Հակամարտության կարգավորմանն անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրն այս կամ այն ձևով պետք է կարգավորել, չեն նպաստում խնդրի կարգավորման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Այս անգամ Լավրովը հստակ չի ասել, թե ինչ հայտարարության մասին է խոսքը, սակայն հարցը տվել էր ադրբեջանցի լրագրողը: Լավրովի պատասխանից ստացվում է, թե հայտարարության հասցեատերը Հայաստանն է։

Նարեկ Մինասյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ ասաց. «Կարծում եմ՝ այս անգամ Լավրովի հայտարարությունն ավելի շատ հավասարակշռված հայտարարություն էր, չկար հասցեականություն։ Այն ուղղված էր բոլոր կողմերին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում հենց Ադրբեջանից են տարաբնույթ հայտարարություններ հնչում։ Հետևաբար ձևակերպումների առումով Լավրովի այս հայտարարությունը ավելի հավասարակշռված բնույթ էր կրում։ Դա կարևոր  է՝  հաշվի առնելով, որ համանախագահող երկրների կողմից ցանկացած հայտարարություն պետք է չկրի միակողմանի բնույթ, և նրանք պետք է անդրադառնան երկու կողմերի գործողություններին էլ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի կողմից բավականին ակտիվացել են այն հայտարարությունները, որոնք կրում են սադրիչ բնույթ, ենթադրում եմ, որ Լավրովի հայտարարությունն ինչ-որ առումով ուղղված էր նաև ադրբեջանական կողմին»։

 

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0