Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Տակն ինչ-որ բան կա». ժամանակին Վազգեն Մանուկյանը գումար է տվել Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատության համար

«Տակն ինչ-որ բան կա». ժամանակին Վազգեն Մանուկյանը գումար է տվել Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատության համար

By
«Տակն ինչ-որ բան կա». ժամանակին Վազգեն Մանուկյանը գումար է տվել Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատության համար

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը, նշել է, որ այն ավարտված է. «Գուցե կան թերություններ, որ պետք է վերանայվեն: Բայց ոչ թե դա դարձնել հասարակության մեջ իրար դեմ լարվածություն առաջացնելու միջոց»։

Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանի հետ արդեն հայտնի հանդիպումից հետո ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ Հունանյանը պատմել է Հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման մասին, իր ընտրած, այսպես ասած, մեթոդին նրա խրախուսման մասին: Արման Բաբաջանյանը նաև դիմել է վարչապետ Փաշինյանին Վազգեն Մանուկյանին ՀԽ նախագահի պաշտոնից հեռացնելու համար:

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Զարմանալիորեն Մանուկյանը միշտ հակասական մտքեր է արտահայտում։ Երբ Ռոբերտ Քոչարյանին սկսեցին մեղադրել՝ առաջին պաշտպանողներից մեկն ինքն էր։ Տպավորություն է, որ Վազգեն Մանուկյանը միշտ խռոված է արդարությունից, արդարադատությունից։ Կրկնում եմ՝ մինչև արդարադատության հարցը երկրում լիարժեք չլուծվի, մնացած հարցերը ածանցյալ են»։

Վարդան Մալխասյանը կարծում է, որ Վ. Մանուկյանը կարող է ունենալ հանցագործությունը չբացահայտելու շահագրգռվածություն. «Հիմա երբ հետ եմ դառնում, որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, այդ նրբերանգները բոլորը հիշում եմ։ Մի անգամ այդ տեռորիստներից առանցքային դեմքերից մեկը՝ Էդիկ Գրիգորյանը, սրտի վիրահատության խնդիր ուներ, ու մեծ ծախսերի կարիք կար։ Գուցե թիվը սխալվում եմ, բայց կարծեմ՝ 30-40 հազար դոլար էր անհրաժեշտ։ Այդ հարցով ինքը հովանավոր դարձավ, փողը տվեց, որ այդ ոճրագործը չմեռնի։ Հետագայում ավելի կարևոր բաներ եղան։ Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորներ կային, որ պետք է Գերմանիա գնային, պրոթեզավորման փող էր պետք, ոչ մեկ չէր տալիս, ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը Ապրիլյան պատերազմի հերոսի համար գումար չտվեց, իսկ տեռորիստին տվեց։ Ուրեմն տակն ինչ-որ բան կա։ Այստեղ ծածկված շատ բաներ կան, հո միայն այդ հինգը չե՞ն եղել։ Բուժքրոջը ԱՄՆ-ում ինչո՞ւ սպանեցին, որովհետև երբ նա գնացել էր օգնության՝ լսել էր, որ դռան հետևից մեկը Կարեն Հունանյանին ինչ-որ բան էր հուշում, ովքե՞ր են դրանք։ Ամեն ինչ պետք է պարզվի ու ջրի երես դուրս գա։ Վազգեն Մանուկյանի մոտեցումները զարմանալի են»։

Ըստ նրա՝ Մանուկյանն 96 թվականից սկսած ունեցել է չարություն, որ իշխանություն չի կարողացել վերցնել ու դարձել է Սերժ Սարգսյանի կամակատարը. «Մի առիթով Սերժ Սարգսյանը նրան «իդիոտ» անվանեց։ Այն մարդը, որը նրան «իդիոտ» էր անվանել, դարձավ նրա ստրուկն ու կամակատարը։ Ստրուկ լինելն այնքան սարսափելի չէ, որքան ստրուկի ստրուկ լինելը։ Սերժը, որ Ռուսաստանի ու այլ ծառայությունների ստրուկն էր, Վազգեն Մանուկյանը դարձավ նրա ստրուկը, ինչ է թե՝ Հանրային խորհուրդ տան։ Մեկը հարցնի՝ այդ կառույցի օգտակարությունը ո՞րն է։ Ես մի անգամ դրա անունը դրել էի «հասարակաց տուն»։ Ինչքան փողեր են ծախսվում, դա կույր աղիք է մեր երկրի գլխին, ինչքան դարմոյեդ ռ-ով մտավորականներ են այնտեղ ծվարել ու փող են աշխատում, եկամուտներ կորզում հարկատուների հաշվին։ Ժամ առաջ երկիրը պետք է մաքրել պարազիտներից ու երկրի շալակը ելած անիմաստ մարդկանցից»։

Մալխասյանը անդրադարձավ նաև այն տեսակետներին, թե այժմ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար պատշաճ ժամանակ չէ. «Եթե հնարավորություն կա ճշմարտությունը հանել ջրի երես՝ մտածենք հիմա անել, թե հետո՞։ 10 օր հետո կարող է ուշ լինել, հնարավոր է՝ Նաիրին իրեն բանտում կախի, կամ ուրիշ դեպքեր պատահեն։ Եթե իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ բացահայտումը շատ ճիշտ է։ Ինչո՞ւ են հակառուսական տրամադրություններն այսքան ակտիվ մեր երկրում։ Ժողովրդի մեծ մասն ասում է, որ այդ հանցագործությունը պլանավորվեց, ու հրահանգները եկել են Մոսկվայից։ Հնարավոր է՝ հանցագործությունը բացահայտվի ու պարզվի, որ Մոսկվայից ոչ մի հրահանգ էլ չի եկել, ռևանշիստները ներսում են ծրագիր կազմել, որ երկիրը կողոպտեն մինչև վերջին երանգը։ Այդպես էլ եղավ՝ Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց զանգվածային թալանը, իշխանությունը դարձավ հարստանալու միջոցով։ Հիմա եթե բացահայտվի, որ ռուսներն այդ գործում խառը չեն՝ ռուսներին էլ է օգուտ ու այդ հակառուսական տրամադրությունները ժողովրդի մեջից դուրս կգան»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ ինքը պատկանում է այն մարդկանց թվին, որոնք կողմնակցի են այդ հանցագործության շուտափույթ բացահայտմանը. «Առանձնապես ծանր հանցագործություններն ինչքան շուտ բացահայտես՝ երկիրն այնքան շուտ առաջ կգնա։ Եթե այդ հանցագործությունները չես բացահայտում, դու ոչնչով չես տարբերվի նախորդ իշխանություններից, կարող է նույնիսկ ավելի վատը դառնաս»։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0