Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Ադրբեջանը փորձելու է Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքի և փոքր, բայց ցավալի զոհերի քաղաքականություն վարել

Ադրբեջանը փորձելու է Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքի և փոքր, բայց ցավալի զոհերի քաղաքականություն վարել

By
Ադրբեջանը փորձելու է Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքի և փոքր, բայց ցավալի զոհերի քաղաքականություն վարել

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: «Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը՝ գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների»,- նշվում է հայտարարության մեջ։

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հակառակորդի ակտիվացմանը՝ նշեց. «Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում (որը, բնականաբար, որևէ կերպ չի բաժանվում «արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծերից, այդ բաժանումը անտեղի է և պետք է դուրս գա առհասարակ մեր բառապաշարից՝ պաշտոնական, թե լրագրողական), օրեր առաջ նաև ոտնձգությունները Տավուշի բնակավայրերի նկատմամբ միանգամայն սպասելի էին, որովհետև Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը մտադիր չէ գնալ լուրջ պատրաստակամ զիջումների։ Հատկապես Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը հնչել է Ստեփանակերտի հանրահավաքի ժամանակ, երեկ տեղի ունեցած Կոնգրեսի ստորին պալատի կողմից ընդունված հռչակագիրը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ՝ բնականաբար պետք է նպաստեն լարվածության աճին։ Ադրբեջանը փորձելու է նախորդ տարիների պես Հայաստանի դեմ պատերազմի սպառնալիքի և փոքր, բայց ցավալի զոհերի քաղաքականություն վարել»։

Քանանյանն ընդգծեց՝ ափսոսում է, որ պաշտպանության նախարարությունը խոսում է հետագայում Ադրբեջանին հասցվելիք հակահարվածների մասին. «Դա ես համարում եմ մի փոքր անտեղի, որովհետև այդպիսի հարվածները պետք է հասցվեն, և հասարակությունը պետք է իրազեկվի այդ հարվածներն իրականացնելու մասին։ Պետք է հստակ հասկանալ՝ Ադրբեջանը շարունակում է մտածել, որ Հայաստանը վախենում է պատերազմից, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ պատերազմին, և հետևաբար պատերազմական գործողությունների վերսկսման շանտաժով նա կարող է որոշակի զիջումներ կորզել կամ ուղղակի վատթարացնել Հայաստանի ներկա կառավարության ներքաղաքական վարկանիշը։ Ըստ իս՝ անիմաստ փորձեր են»։

Ըստ մեր զրուցակցի՝ երբ մեր բանակը անցնի պատասխան գործողությունների, պետք է միշտ հիշել, որ պատասխան գործողությունները լինեն անհամարժեք Ադրբեջանի ոտնձգություններին. «Դա նշանակում է, որ մենք պետք է անհամեմատ ավելի հուժկու պատասխան տանք»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը և Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու շարունակական ջանքերին և այս երկու իրողությունների հակադրությանը, Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց. «Ներկայիս կառավարությունը ցավալիորեն ժառանգել է նախորդ բոլոր երեք վարչակազմերի արցախյան հայեցակարգը, այսպես կոչված՝ երկու հայկական պետությունների և Արցախի ժողովրդի ինքնորոշման հայեցակարգը։ Մենք բազմիցս ասել ենք, որ սա անհեռանկար, անհեթեթ, ներքին սոսկալի վտանգներով լի, իր կատարյալ անարդյունավետությունը ցույց տված հայեցակարգ է։ Հասկանալի է իներցիայի ուժը։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր պատկերացումներով դեռ շարունակում է լրջորեն ազդված լինել այդ հայեցակարգից, այլև առհասարակ արտաքին գործերի նախարարությունը իր գոյության առաջին օրվանից ձևավորվել ու գործել է այս անհեթեթ հայեցակարգի շրջանակներում։ Բնականաբար, ժամանակ էր պահանջվում վերաշարադրելու այդ հայեցակարգը, բայց պետք է ասել, որ կառավարությունն արդեն լրջորեն ուշանում է այդ հայեցակարգը շարադրելու տեսանկյունից և որչափ շատ ուշանա, շարունակի կառչել նախորդ կառավարությունների արցախյան քաղաքականությունից, այդքան ավելի շատ են թուլանալու կամ անարդյունավետ լինելու հայկական դիվանագիտության ձգտումները արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում»։

Մեր զրուցակիցը պնդում է՝ անհրաժեշտ են արմատական մոտեցումներ, ու դրա համար գոյություն ունեն «մշակված ճանապարհային քարտեզներ, թե ինչպես կարելի է անցնել երկու անհեթեթ պետությունների հայեցակարգից դեպի միացման հայեցակարգը, տեսնենք՝ կառավարությունը վերջապես երբ համարձակություն ու խոհեմություն կունենա այդ երկրորդ հայեցակարգին անցնելու համար։ Իսկ մինչ դա տեղի ունենա՝ արտաքին գործերի նախարարությունը, մեր հարգելի ու լեգիտիմ վարչապետը ինչ ջանք էլ անի Արցախը դարձնելու հակամարտության հավասար բանակցային կողմ, այդ ջանքերը պսակվելու են բացարձակ անհաջողությամբ։ Ուստի եթե վարչապետը ուզում է նաև ձևականորեն իրավունք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արցախաբնակ քաղաքացիներից բանակցություններ վարելու՝ պետք է վերականգնի արցախաբնակ քաղաքացիների ընտրական իրավունքը, որով նա հնարավորություն կստանա խոսելու արցախաբնակ քաղաքացիների անունից ու նրանց շահն առաջ տանելու միջազգային հարթակներում»։

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0