Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | «Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». Նաիրի Հոխիկյան

«Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». Նաիրի Հոխիկյան

By
«Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Շնորհակալություն հայկական լոբբիինգին, ամերիկացի կոնգրեսականներին և ԱՄՆ իշխանությանը` վերջապես մեր հոգեբանական և ամերիկյան պետական մարտավարական (ոչ ռազմավարական) շահերի համընկնման համար:

Իրականում ամերիկյան բանաձևն արտահայտում է կոնգրեսականների կարծիքն ու ցանկությունը, ոչ ավելին: Այն չունի պարտադիր կիրառում ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: Դա նաև չի նշանակում, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Իհարկե, մեզ համար բանաձևը, ամեն դեպքում, ոգևորության հերթական առիթ է, ցեղասպանության զոհերի հետնորդներիս համար արդարության հաղթանակ, ցեղասպանված լինելու հարյուրամյա բարդույթի դեմ պայքարի միջոց, պատմական արդարության ոգեկոչում: Իսկ հետո՞:

Ես ավելի արդյունավետ կհամարեմ, եթե ԱՄՆ-ում, օրինակ, սկսվի դատավարություն Սևրի դաշնագրի կամ Վիլսոնյան իրավարար վճռի կիրառման առումով (ինչի հնարավորությանը խիստ կասկածում եմ) կամ աշխարհում լուրջ քննարկում սկսվի Արևմտյան Հայաստանում իրենց ազգային ինքնությունը այսօր էլ պահպանող միլիոնավոր հայերի վերաբերյալ, որպեսզի Թուրքիան ստիպված լինի հաշվի նստել այդ գործոնի, հետևաբար նաև հայկական պետականության շահերի հետ:

Իսկ լոկ բանաձևերի ընդունումով ամերիկացիները, հրեաները, անգամ մեր բարեկամ ֆրանսիացիներն ու ռուսները Հայոց ցեղասպանությունը օգտագործել և օգտագործելու են իրենց այսրոպեական շահերի համար: Երեկ դա ձեռնտու էր Իսրայելին, քանի որ հակասություններ ուներ Թուրքիայի հետ, այսօր ձեռնտու է ԱՄՆ-ին, քանի որ Թուրքիան տարածաշրջանային խաղեր է խաղում Ռուսաստանի հետ:

Հայոց ցեղասպանությունը չպետք է լինի մանրադրամ այլ պետությունների ու գերտերությունների համար, դա մեր արժանապատվության հարցն է, և, կարծում եմ, մեզ պետք չէ, որ օտարներն ասեն, թե եղել է ցեղասպանություն: Մենք դա տեսել և զգացել ենք սեփական մաշկի վրա, հայերից յուրաքանչյուրը ցեղասպանության զոհ է` տարբեր առումներով, և այսուհետ ևս ցեղասպանություն ճանաչող երկրները իրենց շահերի դեպքում կիրականացնեն կամ աչք կփակեն այլոց նկատմամբ ցեղասպանությունների վրա, ինչպես հարյուր տարի առաջ ուրիշների շարքում նաև ԱՄՆ-ն արեց Հայոց ցեղասպանության դեպքում:

Հայերիս համար շատ ավելի կարևոր է զարգացնել մեր պետությունը, հզորացնել մշակույթի, տնտեսության, պետական ինստիտուտների և ԱԶԳԱՅԻՆ կրթության առումով: Այդպիսի թեկուզ փոքր երկրի հետ անգամ մեծերը չեն խոսում մանրադրամի լեզվով: Իսկ ցեղասպանության հետևանքների վերացումը նախ մե՛զ համար պետք է լինի հստակ գծված տեսլական, ծրագիր, որի ճանապարհը, ցավոք, մենք հիմա էլ չունենք»:

 

 

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0