Գլխավոր էջ | Տեսակետ-Ասուլիս | Մոսկվայի ռիսկային առաջարկը Բաքվին

Մոսկվայի ռիսկային առաջարկը Բաքվին

By
Մոսկվայի ռիսկային առաջարկը Բաքվին

Ռոսատոմ ընկերության նախագահ Լիխաչյովը Սոչիում Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին արել է ատոմակայան կառուցելու առաջարկ: Լիխաչյովն ասել է, որ ատոմակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կցանկանա Ադրբեջանը: Խոսքը մասշտաբի մասին է: Ռոսատոմի ղեկավարի կարծիքով, Ադրբեջանում բավական դինամիկ աճում է էլեկտրաէներգիայի պահանջարկը, եւ ատոմակայն կառուցելը շահավետ կլինի:

Հարավային Կովկասի երկրներից ատոմակայան ունի միայն Հայաստանը, որը մնացել է Խորհրդային շրջանից: Հետաքրքիր է, թե ինչու՞ է ԽՍՀՄ-ը կովկասյան երկրներից ատոմակայան կառուցել միայն Հայաստանում: Այստեղ բացատրություններն ու վարկածները կարող են տարբեր լինել, թե զուտ գիտատեխնիկական՝ հաշվի առնելով Հայաստանի մասնագիտական ներուժը, թե ընդհուպ աշխարհքաղաքական՝ նկատի ունենալով Թուրքիայի եւ փաստացի ՆԱՏՕ հետ սահմանը, որպիսին էր հայ-թուրքական սահմանը ԽՍՀՄ համար:

Ադրբեջանին առաջարկելով ատոմակայան, Մոսկվան «խախտում» է Հայաստանի մենաշնորհը: Միեւնույն ժամանակ, Մոսկվան արդեն վաղուց ատոմակայանի շինարարության ծրագրեր է իրականացնում Իրանի ու Թուրքիայի հետ:

Ադրբեջանի հետ հնարավոր ծրագիրը իհարկե քիչ առնչություն կունենա ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսի վրա: Ավելին, Ադրբեջանում կավելանա եւս մի ռազմավարական թիրախ, որը հասանելի կլինի հայկական հրթիռների համար:

Խնդիրն այստեղ այլ է՝ արդյոք միջուկային էներգետիկ տեխնոլոգիա ներդնելով Ադրբեջանում, Ռուսաստանը Բաքվին չի տա մի ռեսուրս, որն Ադրբեջանը հետագայում կվերածի արդեն առավել վտանգավոր ծրագրերի:Էլ չասած այն մասին, որ Ռուսաստանն ինքը կարող է Ադրբեջանին օգնել այդ հարցում:

Կգտնվեն իհարկե մարդիկ, ովքեր կասեն, որ Ադրբեջանին առաջարկելով կառուցել ատոմակայան, Ռուսաստանը կանխում է, որպեսզի Բաքուն օգտվի այլ հնարավոր այդպիսի առաջարկներից: Նախ իհարկե հայտնի չէ, թե կա՞ երկիր, որ Բաքվին կանի ատոմակայան կառուցելու առաջարկ, բայց այստեղ հարցը նաեւ այլ տիրույթում է: Միլիարդավոր դոլարների սպառազինության վաճառքն էլ Ռուսաստանն արդարացնում էր նրանով, թե այլապես Ադրբեջանը զենք կգնի ուրիշից: Բայց գնում են Ռուսաստանից, որովհետեւ այդ հանգամանքը ունի բացառիկ քաղաքական առանձնահատկություն՝ Մոսկվան թե համանախագահ է, թե նաեւ Հայաստանի իբրեւ թե ռազմավարական դաշնակից ու ՀԱՊԿ անդամ: Ըստ այդմ, Ադրբեջանը գնում էր զենք եւ դրա կիրառման քաղաքական իրավունք:

Ատոմակայանը զենք չէ, սակայն ռազմա-քաղաքական որոշակի գործոն է: Եվ երբ Բաքուն դրանով օժտվում է Հայաստանի ռազմավարական դաշնակցի օգնությամբ, միլիարդավոր դոլարների սպառազինության օրինակով առաջանում են հարցեր:

Եվ այդ հարցերն իհարկե Երեւանից պետք է հնչեն՝ ունենալով սպառազինության դասը, երբ գործարքը Հայաստանի եւ Արցախի գլխին պայթեց 2016-ի ապրիլին, նաեւ հայկական քաղաքական դասի օժանդակությամբ հասունանալով գործնականում 2013-2014 թվականից:

2016-ի ապրիլին հայկական բանակը փոխեց իրերի դրությունը, բայց այդուհանդերձ Հայաստանը պետք է զգոն լինի շրջադարձ թույլ չտալու համար, քանի որ դրա փորձից թե Բաքուն, թե Մոսկվայի ազդեցիկ շատ խմբեր ոչ միայն չեն հրաժարվել, այլ ներկայում էլ, դարձյալ հայկական նույն շրջանակների հետ, փորձում են ինտենսիվորեն:

Ակնհայտ է նաեւ, որ նրանց ինտենսիվությունն ու ջանքը բազմապատկվել է Հայաստանում տեղի ունեցած ԵՏՄ աննախադեպ Վեհաժողովից հետո, որը գործնականում կարող է դառնալ 2016-ի ապրիլից հետո բանակի ձեւավորած, 2018-ի ապրիլին քաղաքականապես ամրապնդված ռեգիոնալ նոր իրավիճակի արդեն իսկապես անշրջելի կետ, Կրեմլի քաղաքական նոր անհրաժեշտությունների եւ որոշումների ներառմամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

  • Ուղղարկել ընկերոջ Ուղղարկել ընկերոջ
  • Տպագրելու տարբերակ Տպագրելու տարբերակ
  • Տեքստային տարբերակ Տեքստային տարբերակ

Պիտակներ:

Պիտակներ չկան

Գնահատական

0